Իրականություն՝ գրողի ծոցից

Լիլիթ Ավագյան | Վեմ ռադիո (սղագրություն խմբագրումներով)

Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի շուրջ ծավալված իրարանցումից հետո կարծիքներ հնչեցին, թե երկիրը գահավիժում է խորհրդային գրաքննության տարիներ: Գրաքննել, նշանակում է` նախ ընթերցել գրական գործը, ապա հասկանալ, հետո գնահատել գրքի հասարակական ազդեցությունը, եւ, ըստ այդմ, գրաքննել: Ունի՞ մեր իշխանությունն այդքան ռեսուրս` իրականացնելու համար վերոնշյալ բարդ գործողությունները` նույն հերթականությամբ: Այս հարցում կողմնորոշվել ինձ օգնեցին բանաստեղծներ Կարեն Անտաշյանն ու Մհեր Արշակյանը:

– Գրաքննության շրջանը, իմ տպավորությամբ, գրողի համար անգամ ինչ-որ առումով երանելի շրջան է, երբ իշխանությունը գրականությունն ընկալում է` որպես իր գոյությանն ուղղված սպառնալիք: Այսինքն` խոսքը, խոսքի ազդեցությունն այնքան է արժեւորվում, որ անհրաժեշտություն է առաջանում սահմանափակել այն: Կա՞ այսօր Հայաստանում գրաքննության վտանգ:

Կարեն – Չեմ կարծում, որ Հայաստանում գրականությունն ազդեցության այնպիսի ծածկույթ ունի, որ գրական տեքստը կարող է գրաքննվել` պարունակած տեղեկատվության արտահոսքը կասեցնելու նկատառումներով: Ինչ վերաբերում է Հովհաննես Իշխանյանի գործերին, դրանց ես անդրադարձել եմ շատ առաջ` մինչեւ գրքի հրատարակվելը, երբ հետազոտում էի խոսքի ազատության դրսեւորումները ժամանակակից հեղինակների բանակային թեմայով գործերում:  Փորձում էի հասկանալ, թե որքանով են դրանք արտացոլում բանակում տեղի ունեցող իրադարձությունները: Հովհաննեսի գործերն ինձ թվացել են ավելի շուտ ոչ թե պատմվածքներ, այլ բլոգային գրառումներ, հավանաբար շարադրման այդ տիրույթում ընդունված լեզվաշերտի ու ոճի պատճառով:

– Եվ որքանո՞վ էին արտացոլում բանակային իրականությունն` ըստ Ձեզ:

Կարեն – Ըստ իս` գերազանց, փաստագրական ճշգրտությամբ: Հետագայում դրանք տպագրվեցին որպես պատմվածքների ժողովածու, այսինքն` ներկայացվեցին որպես գրական տեքստ: Այո, արդի արձակը կարող է այդչափ ծայրահեղ` փաստագրական ոճավորման դրսևորումներ ունենալ նաև: Միգուցե ուժային կառույցներին այդ տեքստերն էլ հենց հետաքրքրել են որպես փաստագրություն: Իսկ այն, որ գեղարվեստական տեքստը մեր պետական կառույցների կողմից կարող է ուշադրության արժանանալ որևէ կերպ, անգամ զավեշտալի է հնչում: Ես դրան դժվարանում եմ հավատալ:

Մհեր – Գրաքննության համար մեր իշխանությունը շատ խեղճ է, չձեւավորված, չկայացած: Իսկ գրողի համար գրաքննությունը երանելի բան չէ, եթե, իհարկե, չի ուզում, որ գրաքննությամբ արժեւորվի իր գիրքը:

– Գրողի համար վիրավորական չէ՞, որ իր ստեղծագործությունն այսպես անուշադրության է մատնվում իշխանության կողմից, այսինքն` այնքան անվտանգ է, որ անգամ այն գրաքննելու անհրաժեշտություն չի առաջանում:

Կարեն – Հանրային հաղորդակցության բոլոր միջոցները լցված են քաղաքական տեքստով, քաղաքական լեզվաշերտով, եւ գրական լեզուն, գրական տեքստը կղզիացած է փոքրաթիվ գրողների ու ընթերցողների շրջանակում, հանրային գործընթացների վրա մեծ ազդեցություն չունի: Իսկ թե դա որքանով է գրողին անհանգստացնում, անձնական վերաբերմունքի հարց է: Կան գրողներ, որոնց համար էական չէ հետադարձ կապը լսարանի հետ: Կան գրողներ, որոնց համար ոչ միայն կարեւոր է այն, այլեւ կազմակերպված կառավարում են իրենց հեղինակությունը, իրենց գրականության իմիջը, հանրային արձագանքը:

Մհեր – Գրողի համար թեմա չէ` ինչ վերաբերմունք ունի իշխանությունը գրականության հանդեպ: Այն, որ իշխանությունը բացարձակ անտարբեր է գրականության հանդեպ, նրանից չէ, որ չկա վտանգ, կամ գրական արժեքավոր գործեր չեն ստեղծվում: Կամ` իշխանությունն ազատ է թողել գրականությունը: Նրանից է, որ իշխանությունն ու գրականությունը միմյանց բացարձակ չեն նկատում:

– Չունենք այն մասշտաբի գրողներ, ում գրածի արձագանքը կարող է իշխանությունների համար վտանգավոր լինել: Օրինակ` երբ Պուշկինը պասկվիլներ էր գրում ցարի դեմ, դրանց հասարակական արձագանքը խիստ վտանգավոր էր թվում, եւ գրաքննվում էր գրողի ամեն մի տողը:

Կարեն – Պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, իրականությունը ճշգրտորեն արտացոլող, մերկացնող դրսեւորումներով բազմաթիվ տեքստեր կան և ստեղծվում են, սակայն գոնե իմ գիտակից կյանքում ես չգիտեմ հայ ժամանակակից գրողների հետ կապված մեկ այլ նախադեպ, երբ պետական մեքենան  հետապնդել է կամ գրողին սահմանափակումների մեջ է դրել գեղարվեստական բովանդակությունը գրաքննելու արդյունքում: Եվ դա նրանից չէ, որ մենք ազատական հասարակությունում ենք ապրում, այլ նրանից, որ իշխանությունը գրողների գործերում իր գոյությանը սպառնացող վտանգ չի տեսնում, դրա սպառման շատ նեղ շրջանակի պատճառով:

Մհեր – Մենք հայաստանյան իշխանությանը որպես բանականության կրող չենք սահմանում: Բանականության կրող ենք սահմանում գրողին, արվեստագետին: Մեր երկրում յուրաքանչյուրն ունի իր խնդիրը` ատամնաբույժն` իր, ուսուցիչն` իր, սանտեխնիկն` իր: Սրանցից ոչ մեկը մյուսի հետ չի խոսում: Միայն այն պայմաններում կարող է կայանալ ամբողջական գրականություն, երբ բոլորը միմյանց հետ խոսում են: Եվ ամբողջական գրաքննությունն էլ է այդպես կայանում, այսինքն` դառնում «գրականության» մասնակից:

Կարեն – Համաձայն եմ: Այսօր ինտելեկտուալ արտադրանքը չունի հանրային այնպիսի հնչեղություն եւ հանրային հետադարձ կապ, որը սպառնալիք թվա իշխող ֆորմացիային: Օրինակ որևէ լայն սպառման “գեղարվեստական” արտադրանք` սերիալ, դիտում է օրական 500.000 մարդ, բայց միևնույն պահին կա փառահեղ մի վեպ, որը ժամանակակից հայ գրականության բարձրագույն դրսեւորումն է ասենք, սակայն դեռեւս ճանաչված և արժեւորված չէ, ուստի այն «այստեղ և հիմա»-ի տեսակետից իրենից արժեք չի ներկայացնում` ազդեցության դաշտ չունի: Հետեւաբար` չի կարող գրաքննության թիրախ դառնալ:

Մհեր – Գրականությունը չպետք է մտածի` ինչ թերություններ ունի իշխանությունը, ես արձանագրեմ: Դա ժուռնալիստիկա է: Գրողի խնդիրն ինքն իրենից ելնելն է, իր կերպարանափոխությունը ստեղծելը: Գրականությունն իշխանության հետ ոչ մի կապ չպետք է ունենա, իսկական գրականությունն իշխանությունից այնքան է բարձրանում, որ իշխանության հայացքը չի հասնում նրա ետեւից:

– Գրողը կարող է անգամ խաղաղ գոյակցել իշխանությունների հետ` առանց իր հանճարին վնաս հասցնելու: Գյոթեի օրինակն այս առումով դիպուկ է. մարդը կարող է լինել պալատական բանաստեղծ, լինել արքաներին ընկեր, սակայն գրել «Ֆաուստը»:

Մհեր – Իրական գրականության հանդեպ որեւէ մեկը չի հանդգնի վերաբերմունք ունենալ: Ինչպես Աստվածաշնչի կամ «Իլիականի» հանդեպ նման հանդգնություն չես թույլ տալիս քեզ:

Կարեն – Իսկ ո՞վ է արտահայտելու վերաբերմունքը, եթե դու դա չես անելու: Եղել է ժամանակ, երբ այրվել են գրքեր, եւ դա վերաբերմունք է ոչ թե գրականության, այլ գրականության սպառնալիքի հանդեպ: Արվեստ ստեղծող մարդու եւ իշխանությունների հարաբերությունները ժամանակի մեջ շատ են փոխվել: Ժամանակին արվեստի պատվիրատուն եղել է շատ փող ունեցողը: Այսինքն` չի եղել ազատ արվեստ եւ ազատ արվեստագետ: Եղել է պատվեր` պալատական, պետական, իշխանական` ստեղծել գործ: Եվ արդեն արվեստագետի շնորհքն է` պատվերը վերածել մշակութային արժեքի: Եվրոպայում հիմա արվեստագետի կարգավիճակ ունեցող մարդը որոշակի փոխհատուցում է ստանում պետությունից, որովհետեւ ստեղծագործելը համարվում է ոչ մշտական աշխատանք. կարող ես մի քանի տարի գործ ունենալ, ապա չունենալ: Մեզ մոտ այն, ինչ պատվիրվում է, եւ այն, ինչի համար վճարում են, մշակույթ կոչվել չի կարող: Իսկ այն, ինչ ստեղծվում է ազատության մեջ եւ պատվերից դուրս, որեւէ հարաբերության մեջ չի մտնում հասարակական սպառման համատեքստի հետ:

Մհեր – Ինչո՞ւ Հովհաննես Իշխանյանի հրապարակումներն արժանացան իշխանության ուշադրությանը. որովհետեւ գրված են իշխանության լեզվով: Իշխանությունն առաջին անգամ տեքստի մեջ տեսնում է իրեն, իր խայտառակ դեմքը: Եվ քանի որ ինքն իշխանություն է, իր մենթալիտետը բոմժի մենթալիտետ է, մտածում է` «մենք, ուրեմն, սա ենք», եւ փորձում է այդ տեքստի դեմն առնել:

– Բայց, արի ու տես, որ այդպիսի լեզվով գրված գրականությունը խփեց նշանակետին:

Կարեն – Լրահոսը լիքն է քաղաքական տեքստով: Եվ հասարակության մեջ գրականության, գրական տեքստի հանդեպ վերաբերմունք չի կարող լինել: Մեր լրատվամիջոցներում շրջանառվող լեզվին ուշադրություն դարձրեք. դա գրականության եւ մարդու հետ կապ չունեցող լեզու է: Այս է տրամաբանությունը` ես թեմաները չեմ կառավարում, սակայն կառավարում եմ լեզվաշերտը. լեզվաշերտը դառնում է քո մտածողությունը, որովհետեւ այն լեզվով, որով ես ու բոլորը խոսում են քեզ հետ, դու սկսում էս մտածել: Իմ ծնած լեզվաշերտը դառնում է քո մտածողությունը: Այսպիսի փոխհարաբերություն է այսօրվա մեր ԶԼՄ-ների, քաղաքական դաշտի եւ հասարակության միջեւ: Գրականությունն այդտեղ ապրուստ չունի:

Մհեր – Տեսեք, կան սերիալներ` նույն այդ լեզվով, բանակի կյանքին վերաբերող սերիալ, բայց իշխանությունն անգամ չի էլ արձագանքում: Եվ, ահա, նույն սերիալային տրամաբանությամբ հակընդդեմ տեքստ հայտնվեց: Ամբողջ կռիվը ժուռնալիստիկայի մակարդակով է: Դու ո՞վ ես, բա դո՞ւ ով ես: Հովհաննես Իշխանյանի տեքստը այդ «բա դո՞ւ ով ես»-ն է:

– Ուզում եք ասել, որ մտածող, գրագետ մարդու լեզվաշերտով ստեղծված որեւէ գործով հնարավո՞ր չէ իշխանություններին ասել այդ «բա դու ով ես»-ը: Քեզ չե՞ն արձագանքի:

Մհեր – Այդպիսի տեքստեր կան, եւ այդ պատճառով է, որ ամենաբյուրեղյա, բանական լեզվով ստեղծված տեքստերից իշխանությունը չի անհանգստանում: Այդ լեզվով գրված գործերին իշխանությունը չի արձագանքում, քանի որ այդ լեզուն չի հասկանում: Որովհետեւ դա հայերեն է:

Կարեն – Մեր կյանքում գրականությունը, խոշոր հաշվով, պետք չէ: Եվ իշխանությունների վերաբերմունքի մասին խոսելն էլ փոքր-ինչ ուռճացված թեմա է: Ինչպես նախընթաց տարիներին չի եղել երբեք, որ պետական մեքենան վերաբերմունք ցուցաբերի գրական կոչվելու հավակնություն ունեցող տեքստի հանդեպ, եւ մարդիկ ճանաչեն այսինչ մարդուն` որպես գրող: Հիմա դա եղավ: Որքան էլ տարօրինակ է, նման դեպքերի արդյունքում հնարավոր է` հասարակության ավելի մեծ զանգված մտնի փոխհարաբերության  մեւ գրականության հետ:

Մհեր – Իմ ընկեր, բանաստեղծ Ավագ Եփրեմյանը կարծիքի իրավունք ունեցողներին ասում է «ես»-երի ամբոխ»: Հիմա սրա հետ ի՞նչ անի իշխանությունը, ինչպե՞ս հակադարձի: Այս տեքստը նրան հասկանալի չէ: Որպեսզի իշխանությունն արձագանքի, հակադարձի, պետք է հայհոյես: Կամ քծնես, որպեսզի առնի իր թեւի տակ: Այս ամենի մեջ գրականության մասին խոսք չկա: Եթե շարունակեմ, այլեւս գրականությունից չեմ խոսի:

– Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն օրերս կարծիք հայտնեց, թե ամենեւին վատ չի լինի, եթե գրողներն էլ գնան խորհրդարան. դա առիթ կլինի, որ խորհրդարանում հնչող լեզուն մաքրվի:

Մհեր – Եթե մարդ պիտի խորհրդարան մտնի լեզուն մաքրելու համար (թեեւ դա էլ քիչ չէ), դա նույնն է, ինչ Շուշան Պետրոսյանի, Մանվել Գրիգորյանի հայտնվելը ԱԺ-ում: Խորհրդարանն օրենսդրական գործունեության տեղ է, այնտեղ պետք է գնա կիրթ, օրենքներից հասկացող մարդը: Գրողը մի մարդ է, ով գուցե հասկանում է լեզվից, բայց օրենք գրելը դեռ գիր չէ:

Կարեն – Իմ համոզմամբ` վաղուց անցել են այն ժամանակները, երբ իշխանության որոշակի լծակ էր պատգամավոր լինելը, որովհետեւ այսօր մեծ հարցեր են լուծում ֆինանսական ռեսուրսները: Ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցողին ավելի ձեռնտու է ունենալ իր մարդկանց խորհրդարանում, քան անձամբ ներկա լինել այնտեղ:

– Դուք, հավանաբար, ծանոթ չեք ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակներին: Խոսեցինք իշխանություն-գրող չկայացած փոխհարաբերության մասին: Իսկ կա՞ ընթերցող-գրող փոխհարաբերություն: Եվ արդյո՞ք այդ հարաբերությունն ավելի բարձր մակարդակում է, քան իշխանություն-գրող փոխհարաբերությունը:

Մհեր – Ես չեմ մտածում իշխանության կամ հասարակության մասին, մտածում եմ միայն գրողի մասին: Կա գրականության սոցիալական ազդեցությունը, որն այսօր լավագույնս արտահայտված է Անգլիայում. Շեքսպիր չես կարդում, բայց Շեքսպիրն արդեն քո մեջ է:

– Հայերը կասեն` մենք Նարեկացի չենք կարդում, բայց Նարեկացին յուրաքանչյուրիս մեջ է…

Մհեր – Սկսենք նրանից, որ Նարեկացին կա, բայց մենք Նարեկացի չունենք: Նախ պետք է սկսենք նորից կարդալ Նարեկացու կենսագրությունը: Նարեկացին մեզ համար վաղուց փակ թեմա է` որպես գիրք, որպես միտք, Նարեկացին պետք է նորից բացվի, ինչպես պետք է բացվեն Աստվածաշունչը, Հոմերոսը: Հայ իրականությունը բացարձակապես մտքի իրականություն չէ: Այստեղ Նարեկացին կեղծ անուն է` «սո՜ւրբ Գրիգոր Նարեկացի»: Ինչ վերաբերում է գրողին, ապա գրողի գործն է` անել բնական բան` ձեռքը վերցնել գրիչ եւ գրել: Եթե հավակնոտ ես, ուզում ես, որ դա լինի գիրք: Այդ դեպքում գրականությունը քո հավակնությունների մեջ ավարտվում է:

Կարեն – Եթե ստեղծում ես տեքստ, որը գրականություն լինելու հավակնություն ունի, արդեն իսկ քո համար որոշել ես հասցեատիրոջը, այլապես օրագրային գրառում կանեիր, եւ դա չէր հրապարակվի: Շատ կարեւոր է` ո՞ւմ համար ես գրում: Օրինակ` գրողը պետք է հասկանա` գրում է ապագայի՞ համար, այսօրվա՞ համար, թե՞ գրում է անցյալ դարում ապրած մարդկանց համար: Խոսեցինք Նարեկացու մասին. հիշենք, որ Նարեկացին հոգեւորական էր, նա չի ստեղծել գրական ստեղծագործություն որպես այդպիսին, ստեղծել է փոխհարաբերություն` Աստծո հետ: Ժամանակակից աշխարհում եթե այդ կյանքով չես ապրում, այդքան չես հավատում, քո տեքստը համարում ես գրականություն, դա Աստծո հետ փոխհարաբերություն չէ:

Մհեր – Ամբողջ խնդիրը դա է. տեքստը Աստծո հետ հարաբերություն է` ցանկացած պարագայում: Իրական գրականությունն այն տեքստն է, որը քո հարաբերությունն է Աստծո հետ: Ընթերցողները գտնում են Աստծուն այդ տեքստի մեջ: Թեպետ Բրոդսկին տեքստին ասում էր` «զուգահեռ իրականություն»: Տեքստը աղոթք է, անունը դնում ենք գրականություն, որ միմյանց ասելու բան ունենանք:

Կարեն – Գրականության դեպքում ավելի կողմ եմ «ինքնադրսեւորում», «ինքնահաղթահարում» ձեւակերպումներին: Միգուցե այդ ինքնահաղթահարո՞ւմն է հենց քո փոխհարաբերությունն Աստծո հետ (դիմում է Մհերին): Ինձ համար բանաստեղծությունը լեզվական ուրիշ իրականություն ստեղծելն է, իրականություն, որին ապրելու առիթ է տրվում ոչ անկապ տեղը: Ես հետեւում եմ լեզվի բնազդին, որը գնում է ոչ միայն դեպի Աստված, որն իր տեսակետից ընդամենը բավականին չարչրկված փոխաբերություն է, այլ ուրիշ տարբեր տեղեր, օրինակ` դեպի հեռավոր կենսաբանական ծննդոց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *