Սովորել, նշանակում է փոփոխվել

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց գրող, «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանի հետ

–Այս տարեսկզբին Դուք գրողներին կոչ էիք արել քաղաքական ուժերին թույլ չտալ իրենց միտքն ու գրիչն առաջիկա նախընտրական պայքարում օգտագործել և հնարավորինս քիչ կեղտոտվել ակնկալվող նախընտրական գզվռտոցներում: Ակնհայտ է, որ մի շարք ուժեր նախընտրական քարոզչությունն արդեն իսկ սկսել են։ Իսկ այդ հարցում գրողները Ձեր կոչին ականջալուր եղե՞լ են։

–Չեմ ուզում, որ ասածս սխալ ընկալվի. ես բնավ չեմ կարծում, թե գրողները կամ որևէ այլ գործունակ քաղաքացի պետք է հեռու մնա երկրի հասարակական-քաղաքական կյանքից։ Ուղղակի ինձ մտահոգում է քաղաքական թերզարգացած ու տոտալիտար մեքենայի կողմից մարդկանց օգտագործված լինելու հեռանկարը: Քաղաքական կյանքի ագրեսիվ ակտիվացումը ընտրությունների նախօրյակին, ճիշտ է, օրինաչափ է, սակայն մյուս կողմից մատնում է այն փաստը, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, կա կուսակցությունների պայմանավորված խաղ իշխանության բաշխման և վերաբաշխման համար: Նաև թյուր կարծիք կա, թե լինել քաղաքականապես ակտիվ և մտահոգ՝ նշանակում է լինել ինչ-որ քաղաքական ուժի ակնհայտ կամ թաքնված սպասավորը, այսինքն՝ համակարգն է այդպիսին ու ավանդույթը: Ինչևէ, ասածս վերաձևակերպեմ` ես կողմ եմ հասարակության ապակուսակցական քաղաքականացվածությանը:

–Արդյոք մտավորականն իր քաղաքական հայացքները պե՞տք է քարոզի կամ դրանք ներկայացնի հանրությանը։

–Հնացած մտայնություն է նաև այն, թե մտավորականությունը հասարակության ինչ-որ հատուկ, առանձին շերտ է՝ սակրալ փակ տիրույթ, պոզով-պոչով արարածների հանրույթ: Այդ սովետական միֆը վաղուց չի գործում իրականության վրա: Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են «մտավորականություն» եզրն ու մտավորականության անունից են հանդես գալիս, ասենք՝ ստեղծագործական միությունների կոնտեքստում, քաղաքական շախմատի վրա որպես սուբյեկտ իրենց ավանդական տեղում են, իսկ մշակութային արժեքների ստեղծման ու տարածման գործառույթի մեջ` ժամանակավրեպ ու թերի: Եկեք մտավորականությանը, որպես միասնական համույթի, կազմաքանդենք, տակը թողնենք քաղաքացուն, իսկ քաղաքացին ենթադրաբար կարող է նաև քաղաքական հայացքներ ու սեռական կողմնորոշում ունենալ, պատկանել որևէ քաղաքական խմբի կամ չպատկանել, պայքարել իր քաղաքական գաղափարների համար կամ չպայքարել:

–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեր իրականությունում մտավորականները ներգրավվում են իշխանական քարոզչության մեջ ոչ թե իրենց համոզմունքներից, այլ անձնական շահերից ելնելով։

–Մարդկանց միակ ազնիվ համոզմունքը հենց իրենց անձնական շահն է, իսկ լսել Արմենչիկ, բայց ճառել Բրամսից, դա արդեն զուտ քաղաքականություն է: Բոլոր նրանք, ովքեր քաղաքական խմբավորումներում են, հատկապես կուսակցություններում, որոնք ժանրի դասական ընկալմամբ` պետք է ծրագրեր ու գաղափարախոսություն ունենան, նշանակում է՝ ցմահ մտածել մի բան, բայց գործել ծրագրային կաղապարներում: Թեպետ գործնականում կուսակցական գաղափարախոսության համար իրենց առանձնահատուկ կոտորողներ էլ չկան դաշտում, ու էսօր շատ պարզ ճակատով մարդիկ փոխում են կուսակցությունը, կրոնը, եթե պետք է՝ նաև քաղաքացիությունը` եթե իրենց կյանքի իրավիճակն այդպես է թելադրում, ասենք՝ աշխատանք փոխելու պես:

Հենց դրա համար եմ ասում՝ քաղաքական գաղափարախոսություններին շատ մի վստահեք ու դրա քարոզիչներին էլ էդքան լուրջ մի ընդունեք. երկարաժամկետ հեռանկարում նրանք բոլորն էլ դատապարտված են ձախողման: Սովորել, նշանակում է փոփոխվել. պատրաստ եղեք ամեն պահի ընդունելու և սովորելու նորն ու փոփոխվելու՝ միևնույն ժամանակ չդավաճանելով ոչ մեկին:

–Ստեղծված իրավիճակի մեղավորը չընդվզող մտավորականնե՞րն են, թե՞ անբարեխիղճ իշխանությունը։

–Մենք ապրում ենք տոտալիտար երկրում, որտեղ տնտեսական, կուսակցական ու կրոնական մենատիրություն է: Ստեղծված իրավիճակում մեղավոր են բոլորը` համակարգի շահեկան դիրքում հայտնված մասնակիցները, ովքեր տնօրինում են հիմնական կապիտալն ու շահագռգռված են արատավոր համակարգի վերարտադրությամբ, նրանք, ում վիճակը լավ չէ, բայց ապրում են չարյաց փոքրագույնին կառչելու մտայնությամբ, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր այստեղ և հիմա բավարար չափով սրտացավ չեն իրենց երեխաների համար ավելի լավ կյանք ու ավելի լավ երկիր կառուցելու հարցում:

Իսկ ընդհանրապես՝ ես հավատում եմ, որ նոր համակարգի ստեղծումը սկսվում է նոր խոսքի ստեղծումով, օրական 17 անգամ «հեղափոխություն» բառը հոլովելը նոր խոսքի ստեղծում չէ: Իսկ թե որն է նոր խոսքի ստեղծումը, դա առանձին մի մեծ զրույցի թեմա է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *