Պոեզիայի և իրականության միջև

Աննա Զախարյան | Հայկական Ժամանակ

Հարցազրույց բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ

– Կարեն, Ձեր բանաստեղծությունների մասին ասում են, որ ամենալուրջ թեմաներն իսկ, իրոնիկ երանգավորմամբ ներկայացնելով, կարծես պոեզիան եւ իրականությունը հաշտեցնելու մի վերջին, հուսահատ փորձ եք անում: Իսկ հատկապես ինչպիսի՞ն է մեր այդ իրականությունը: Դրանում բանաստեղծական իսկի ոչինչ հնարավո՞ր չէ գտնել:

– Երբ վերջանում են բոլոր տեսակի նախընտրական արշավները, կուսակցական բախումները, հեղաշրջումները, բնական աղետները, համաճարակները, պատերազմները, ցեղասպանությունները եւ այն ամենն, ինչից հետո մարդը մենակ է մնում իր ողբերգության հետ, սկսվում է գրականության ժամանակը: Գրականությունը հատկապես նրա համար է, որպեսզի օգնի մարդուն հաղթահարել իր անձնական ողբերգությունը: Սա առավելագույնը, իսկ նվազագույնը` ուղղակի օգնի նրան հասկանալ ինքն իրեն, բառեր գտնել այն ապրումների համար, որոնք մարդը միայնակ ինքն իր համար ձեւակերպել չի կարող: Ապրումների ձեւակերպումը բառերի մեջ` դրանք հաղթահարելու միջոցն է: Երեւի այդ անհրաժեշտությունից են մարդիկ խոսել սովորել… Չեմ կարծում, թե այսքան ժամանակ գրականությունը որեւէ պատերազմ է կանխել կամ ավելի լավն է դարձրել աշխարհը: Այնպես որ, ես փորձում եմ հաշտեցնել ոչ թե պոեզիան եւ իրականությունը, այլ մարդուն եւ իրականությունը` պոեզիայի միջոցով: Գրականություն անելու իմ կերպը հուշում է ոչ թե համակերպվել իրականության հետ, այլ հասկանալ, հաղթահարել եւ ազատագրվել դրանից: Իսկ բանաստեղծականը գտնում ես ոչ թե իրականության, այլ այն հաղթահարելու ճիգի մեջ:

– Ուսանողական տարիներին Թուրքիայի դրոշն էիք այրում: Իսկ մեր օրերում ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությանը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– Այրե՛լ եմ, այրել եմ մեծ հավեսով ու հավատով, որ կարեւոր բան եմ անում ու պատմական արդարության վերականգնման գործին ավանդ եմ ներդնում: Ջահել տարիների այն հեղափոխական ռոմանտիկան, որ կար մեր մեջ` միանալու, փողոց դուրս գալու, ինչ-որ բանի համար պայքարելու, ճակատ տալու, ամենաշատն եմ կարոտում հիմա, որովհետեւ դա ավելի շատ տարիքի կռիվն էր, քան ինչ-որ բան դրանից կարեւոր: Երիտասարդությունը միշտ պիտի այդպիսին լինի եւ հիմնականում այդպիսին է: Բայց մի ուրիշ փաղանգ էլ կա` կուսակցական «ակտիվ» երիտասարդությունը: Չնայած ինքս էլ այդ դիրքերում եմ եղել երբեւէ, բայց տանել չեմ կարողանում նրանց, ովքեր ոչ թե տարիքի ու տեսակի կռիվն են տանում, այլ տարված են կուսակցական կարիերայի հեռանկարով, ովքեր ուսխորհրդից նախարար հաշվարկ ունեն, ովքեր պետական երիտասարդական քաղաքականության կոնտեքստում կոփվում են որպես ադմինիստրատիվ ռեսուրս: Դրանց ինձ հայտնի օրինակները հիմնականում մանր տրամաչափի տականքներ են դարձել` ներկա կամ ապագա չարիք էս երկրի գլխին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, երբ սկսվեց գործընթացը, ես անկեղծ ուրախացա, սակայն իրադարձությունների հետագա ընթացքն ինձ ավելի շատ տխրեցրեց, քան ուրախացրեց, որովհետեւ գոնե այս հարցում մենք պետք է միասնական կարծիք ունենանք: Իսկ հիմա կարծես թե հարաբերությունները հին վիճակի են վերադարձել: Չնայած որ թուրքը մնում է թուրք` ճշմարտությունը բազմիցս վերահաստատվել է վատ իմաստով` երկարաժամկետ հեռանկարում բոլոր սահմաններն ու պատնեշները պիտի հաղթահարվեն եւ որքան շուտ, այնքան ավելի լավ 2 ազգերիս համար էլ:

– Ասում եք` կարոտել եք միավորվելուն, փողոց դուրս գալուն, ինչ-որ բանի համար պայքարելուն: Կարծում եք` հանուն ոչ մի բանի այժմ չպե՞տք է պայքարել: Չէ՞ որ շատերը նույնիսկ իրենց ազատության գնով են այսօր շարունակում պայքարել:

– Եթե համախմբվելու եւ պայքարելու կերպը բռնության չի վերածվում, ես կողմ եմ պայքարի այդ կերպին, որովհետեւ ցանկացած խումբ պիտի իր շահերի պաշտպանության համար պայքարի: Եթե ժամանակ առ ժամանակ մեզնում չմիավորվեն այդպիսի խմբեր, ծերունական ակնհայտ բթամտության, շատակերության ու շատախոսության ախտանիշներով մեր հասարակությունը վերջնականապես անկողնային հիվանդ կդառնա: Ես խորին ակնածանքով եմ վերաբերվում մարդկանց, ովքեր, ի հեճուկս համատարած սպանող անտարբերության, պայքարում են պետական սխալ քաղաքականություն կառուցողների, համայնքի հողերը կոպեկներով խուրդող գյուղապետերի, անտառներն ապօրինի ոչնչացնողների, պետական կաշառակերության, գաղափարական կողմնորոշման համար հետապնդողների, խոսքի ազատության վրա բռնացողների, հայերենի հաշվին օտար լեզուները ծաղկացնել ուզեցողների եւ այն ամենի ու ամենքի դեմ, որ անարդար է: Ես` որպես մարդ ու քաղաքացի, մեր երկրում ցանկացած անարդարության դեմ պայքարողների հետ եմ, բայց որպես գրող ես 1 մարդու հետ եմ միայն, ով բացի անարդարության դեմ պայքարելը, զոհ կամ հաղթող լինելը, ճանապարհորդ է, հետազոտող է, երազելու տարածություն է փնտրում, մտածում է կախվելու կամ երեխաներ ունենալու մասին… մարդ է:

– Ձեր էսսեներից մեկում գրում եք, որ բանակից հետո մնաց զզվանքը հայրենասիրության թեմայով խոսակցությունների հանդեպ: Իսկ ինչպե՞ս եք գնահատում ամեն Աստծո օր հայրենասիրությունից խոսող մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` ԼՂՀ խնդրի կարգավորման ուղղությամբ:

– Այդ խնդրով պաշտոնապես զբաղվող մերոնցից կոշտ ու առավել «ագրեսիվ» վերաբերմունք եմ սպասում: Օրինակ, վերջերս ինձ ահավոր նյարդայնացրեց մեր պաշտպանության նախարարի քնքուշ կոնտր-ելույթը ադրբեջանական դիվերսիայի հարձակման հաջորդ օրը, երբ տղերք էին զոհվել սահմանին: Ինչքան էլ նա ռազմական գործի լավ գիտակ լինի, նրա խոսքերն առավել քան խեղճ էին, պարտվածի խոսքեր էին: Միայն մի բան կասեմ` դուխո՛վ տղերք, դուխո՛վ, ի՞նչ ունեք կորցնելու: Ղարաբաղը հաստատ հետ տվող չկա:

– Կարեն, Դուք, որպես երիտասարդ, կարծում եք, որ եթե պատերազմը վերսկսվի` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, երիտասարդները պատրաստ կլինե՞ն մեկնել մարտի դաշտ:

– Պատերազմը սահմանային իրավիճակ է, ու երբեք չգիտես, թե այդ ծայրահեղ իրավիճակում քո կողքին խաղաղ պայմաններում խիզախող հաստավիզը չիշիկ չի անի տակը կռիվ գնալու մտքից, իսկ սմքած ծրագրավորողի, ամբողջ կյանքում գիրք ու ֆեյսբուք կրծած միջին օղակի մենեջերի, գեյաֆիկացված ապերիկների մեջ Վիշապաքաղ Վահագնը չի արթնանա: Պատերազմական խրոնիկան լիքն է այդպիսի պատմություններով: Եթե մարտական գործողություններ սկսվեն, ու ես որոշեմ չգնալ, դրա միակ պատճառը երեւի մորս չվշտացնելը կլինի: Չէ… կգնամ. համապատասխան մարտական պատրաստություն եմ անցել, որի վրա երկիրը փող է ծախսել… թերեւս կշտապեմ միայն սերմ հանձնել, որովհետեւ մահը հաղթահարելու միակ ռեալ աշխատող ձեւը երեխաներ ունենալն է, մնացածն էդքան էլ կարեւոր չէ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *