Արփիկը և ոգիները

Ծամելով նրբերշիկով նեոբոլշևիկյան բուլկին, հագնում է դարչնագույնով մանիկյուռած չուլկին, աչքերի շուրջ սևով ընդգծում է հոգին, որ փիրուզ ծովեզերքի ճայ է…

Արփիկը սիրուն չէ՝ նաիրյան դալար բարդի իմաստով, բայց գեղեցիկը ցանկալին է, ուստի՛, եկեք բավարարվենք այն անհամեստ փաստով, որ նա արդեն իսկ սիրվել է տասնքանի Առաքելներից և մերժել է մի խոպանչի ուստի… հաա՝ մերժել է նաև մեր ընգեր Գագոյին, ով առաջարկում էր նրան եռակողմ սեր՝ նոր թրենդ է, ինչ է՝ չէր էլ լսել:

Աջ ոտիկ, ձախ տոտիկ՝ երկու խատուտիկ, ծծավանդակի հենց մեջտեղում՝ աշխատավոր մեղու, աջ ուսին, ձախ ուսին՝ մուրճ ու կիսալուսին, տուտուզիկից հինգ մատ վերև՝ թխկու կարմիր տերև, հա՛, ծոծրակի սանսկրիտերենը չասացի, էն որ գրված է՝ պեդալով ձի, ու եթե մի օր (առանց կատակ) լրիվ հանի ունքերը՝ մենք կկարդանք «Ճշտի անկյալ հրեշտակ» և «Ես իմ անուշ Հայաստանի» տողերը:

Արփիկը փիկը փիկը փիկը, այս հասուն կինն ու դեռ աղջիկը, կրուասան է ծամում էսպրեսսոյով, էսօր մտածելիք ունի մի գլուխ լիքը՝ նախ լիկվիդ պիտի հանձնի, որ գնա ծով…
բայց էդ հեչ, մինչ նստած ենք էստեղ մենք-մերոնցով, ասեմ որ շատ տխուր է էս մեր պուպուշը՝ մի դամբուլը կգնա՝ կգա են մի ապուշը, կանցնեն անտերուդուս իր օրերի միջով ու իր… թե քար էս դիմացիր, թե քար ես դիմացիր էս սուտ ներսուդուրսին անսիրտ, անկապ սուտասանների… «դու իմ միակ, իմ սեր, արի դու էս անգամ» կարգի ստատուսներով հոգիներս կհանի, վերջը, պատկերացրեցիք, թե աղջիկն ինչ վիճակում է՝ էն որ անանուն կարոտից արդեն շուրթը ուռում՝ ճաքում է:

Չի հասկանում ինչու էն այս կաթնատամնավոր ապերիկները, թրաշի տակ թաքցնելով իրենց ամոթխած շիկնելը, Գյուլնազ տատի խլշկոտած հեքիաթները հյուսում՝ ինչ է թե խղճաս ու չթողնես դրսում: Բայց կարող էին չէ՞, մոտենա՛լ, ուզե՛լ տղավարի՝ առանց լոլո, լացել, ու Արփիկը կտար նրանց և՛ քնքշություն և՛ սեր – Արփիկը բաց է:

Լինում է, չի լինում ահա այսպիսի մի Արփիկ սիրուն:
Լինում է թրև է գալիս փաբերով, կամ լացում է՝ կյանքը պատմելով կեսուրեստանի պատանդ ընկերուհուն: Լինում է չատից ողջ գիշեր չի ելնում, քանի որ մի թմրեցուցիչ բան կա էդ բլա-բլա, բլա-բլա, բլա-բլաներում: Լինում է ելնում է փողոց ու ծառահատումների, քաղբանտարկյալների, ռեժիմի դեմ հուժկու պայքարով երկիրը անվեհեր ցնցում: Լինում է ձեռքի տակ եղած բաներից սարքում է կրեածիվ հանդմեյդ ու փորրձում վաճառել ցանցում: Լինում է գալիս է արևմտամետ մուսան ու էրեխեքի հետ ներխուժելով գետնանցում՝ անում է որևէ արտ-պռոեկտ:

Լինում է, չի լինում այսպիսի մի սովորական Արփիկ… ու ինչ զգացմունքներով էլ լցված լինեն իր հանդեպ մարդիկ՝ նա կա… ու սրտի դառնությունից հիմա Stairway to Heaven-ի հետ էլի փակվել է իր վարձով տանը, ու ոչ մեկ չի հասկանում, որ միգուցե ինքն է հենց, այսպես ասած, Մայր Հայաստանը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *