Ականջներդ կկտրեմ

«0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144 …»: Վտիտ թևերի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Ֆիբոնաչչիի թվերի շարքն իրոք մոգական է, այն քաղաքակրթության զարգացման օրինաչափությունները, կենսոլորտում առկա բոլոր օրգանական առանձնյակների ձևաչափերի ոսկե համաչափության սկզբունքը մեկնաբանելուց բացի, հստակ օրիանաչափություն էր մտցնում նաև նրա` ընդհանուր առմամբ անկարևոր կյանքի մեջ:

Հա՛ էլի` 13-ում մահացավ մայրը, 21-ում ինքն եկավ Երևան, 32-ում ամուսնացավ (այս թվի վրա մի քիչ երկար մտորեց, որովհետև այն փոքր-ինչ չէր համապատասխանում մաթեմատիկական ճշգրտությանը)… այս շարքում յուրաքանչյուր անդամը, սկսած 3-րդից, ստացվում է նախորդ երկուսի գումարով…
Մինչ փորձում էր տեղավորել 55-ը` ռադիոկապով լսվեց դիսպետչերի ձայնը` «Պեգաս 8-ին, Պեգաս 8-ին»: «Ուու՜թ… հա՛ էլի` ու՛թ». մինչ տրոփող սրտով վայելում էր 8 թիվն էլ իր կյանքի կանխորոշված օրինաչափության մեջ խցկելու հաճույքը` կանացի ագրեսիվ ձայնն այս անգամ գոռաց ռադիոկապի մեջ. «ուու՛թ, զարթնի՛, պատվեր ունես, զարթնի՛, ա՛յ հոգնած, էլի քնե՞լ էս մեքենայի մեջ»:
– 8` Պեգասին, լսում եմ, ասա՛:
– Քնո՞վ էիր ընկել,- գոռաց կինը:
– Չէ:
– Դե ուրեմն ականջներդ լվա, որ ձայնս լսես, դուռ չեմ ճռռում քեզ համար, գործ եմ տալիս, որ գործ անեք` չլացեք ամբողջ օրը, իսկ դուք ձևեր եք թափում, չեք լսում:
– Պեգաս, պատվերդ ասա,- մի պահ վատ զգաց այն մտքից, որ հիմա մոտ 15 մեքենաների մեջ լսվեց այս լեզվակռիվը:
– Հիմա լսվու՞մ է, լա՞վ է լսվում, Ձախ էս, Աջ էս,- շարունակեց փրփրել կինը:
– Պեգա՛ս, գլխիս շեֆություն չանե՛ս, ես քեզ համար Լյուդվիկն.. ա-այսինքն 11-ը չե՛մ:
Մի քանի վայրկյան լռությունից հետո «Պեգասն» այնուամենայնիվ ասաց պատվերն ու լռեց… քիչ անց նույնիսկ մեծահոգաբար ավելացրեց` «Բարի երթ»: Ձախը Ֆիբոնաչիի շարքի մասին հոդվածով թերթը դրեց իր կողքի նստատեղին ու քշեց պատվիրատուի հետևից:
Նրա մականունի առաջացումը կապվում էր «… մի ապուշ պատմության հետ, որը հիշողներից վերջինին թաղել են 10 տարի առաջ…»: Այս բառերի վրա միշտ սիգարետ էր վառում ու խորհրդավոր տխրում, որպեսզի երբ հարցնեն «էդ ո՞վ էր… », ասի` հերս ու դեմքի արտահայտությունը համապատասխանի ասածին: Ինչ էլ անեին` չէր պատմում, որ «Ձախ» մականունը կպել էր նրան դեռ երեխա ժամանակ, երբ չէր կարողանում ձախ ձեռքով կտրել աջ ձեռքի եղունգներն ու այդ պատճառվ դրանք միշտ երկար էին ու կեղտի սև եզրագծերով:
«Պեգասի» երրորդ հարկում ինչ-որ գրասենյակ էր, որի գործունեության մասին առաջին հարկի պեռաշկիանոցի ու տաքսի ծառայության աշխատակիցներից ոչ ոք հստակ պատկերացում չուներ ու առանձնապես չէր էլ ուզում ունենալ: Կարևորն այն է, որ 3 ամիսը մեկ այնտեղից մեծ քանակությամբ հին թերթերի կապոցներ էին իջեցնում ու դնում առաջին հարկի մութ անկյունում, ուր և այդ կապոցները մնում էին այլ անպետքությունների հետ` մինչ համատիրության կամ համայնքային իշխանությունների հերթական ընտրությունները:
Գիշերային հերթապահության պատվերի սպասման և ցերեկային պարապ ժամերին Ձախը սովորություն ուներ այդ կապոցների միջից պատահականության սկզբունքով հանված թերթերն ու ամսագրերը կարդալու: Կարդում էր առանց լավի ու վատի, գունավորի ու սևսպիտակի, երկարի ու կարճի խտրականության, կարդում էր առաջին էջի առաջին տողից մինչև վերջին էջի վերջին տողը: Կարդում էր որովհետև… բա ուրիշ ի՞նչ աներ:

###
Հյուրանոցի մուտքից քիչ առաջ կանգնած էին վտանգավոր կառուցվածքով մի տղամարդ և խոստումնալից արտաքինով մի կին: Ամբողջ ճանապարհին, հատկապես խցանման երկար-բարակ ավտոշարասյուների մեջ, դիսպետչեր Գայուշը ճղում էր իրեն ռադիոկապի միջից ու Ձախն արդեն որոշ առումով ենթադրություններ ուներ իր ուշանալու պատճառով սրված իրավիճակի մասին, բայց… երևակայությունն այդքան չէր հերիքել: Հաջորդ մի քանի րոպեներին, մինչ տղամարդը փրփրած գոռգոռում էր Ձախի վրա, հայհոյում, մատ թափ տալիս ու բռունցքով թեթև խփում մեքենայի թափքին, Ձախը զարմացած նայում էր այդ հավանաբար ըմբշամարտիկի ջարդված ու մսակալած ականջներին, որոնցից հատկապես աջի գլխուղեղի խորքերը գնացող լսողական անցքը համարյա չէր նշմարվում ու փորձում հասկանալ, թե նա ինչպես կարող է այդ անցքում ասենք ականջակալ տեղավորել և անկեղծորեն, հազիվ էր զսպում ծիծաղը:
Ենթագիտակցորեն զգալով իր ականջների վրա ծանրացած այդ վտիտ մարդու անմեղսունակ հայացքը, հավանաբար ըմբշամարտիկը եզրափակեց ելույթը` ցուցամատ թափ տալով Ձախի վրա. «Ականջներդ կկտրեմ հաջորդ անգամ աչքովս ես ընկել», հետո իր ջղայինության անտեղի լինելու, խղճահարության կամ պարզապես անարձագանք մնալուց հիասթափված ասաց. «Տո ասա ում ինչ ես ասում, սրա դեմքին նայի` մատդ բերանը տանես` չի կծի… դրա համար էլ էս երկիրը երկիր չի դառնա» ու վերջին միտքն ասելիս նրա ձայնը մի տեսակ խեղճ ու նույնիսկ կանացի դարձավ… քացով խփեց առջևի անվադողին ու գնաց հենց նոր եկած մեկ այլ տաքսու մոտ: Հավանաբար ըմբշամարտիկի մատը չկծելու մտքին համաձայնվեց Ձախը, բայց այդպես էլ չհասկացավ, թե ինչ կապ ուներ իր ուշանալը երկրի ապագայի հետ:

###
Հետաքրքիր է, փողոցներում լիքը գեղեցիկ ու երջանիկ մարդիկ կային: Իսկ Ձախը տուն էր գնում: Ձախը տուն էր գնում, որովհետև կա օրվա այդպիսի մի պահ, երբ բոլորը վերադառնում են ու եթե օրինակ օրվա ճիշտ այդ ժամին բացես լուսամուտները` բոլոր մոծակները իրենք-իրենց կհեռանան տնից:
Մինչ մտորում էր մոծակների մասին, հանկարծ մեկը սկսնակ ջեբկիրի դեմքի արտահայտությամբ մոտեցավ «պոտենցիալ երջանիկ» Ձախին, գրպանից հանեց Franck Muller բրենդի ժամացույցը (որն իրականում գետնանցումի տակից գնել էր 1500 դրամով) ու կեսշշուկ, իբր գողացված ապրանք է ծախում, առաջարկեց գնել այն 3500-ով: Որոշ պոտենցիալ երջանիկներ սովորաբար այդ պահին մեռնում են Աստծո զորությանը, որոշներն էլ հավատարիմ մնալով իրենց չստացված կյանքի չոր վիճակագրությանը` ճպպացնում են ու շարունակում ճանապարհը: Իսկ Ձախը մի պահ հապաղում է, մտքերի հետևից ընկնում. աչքերը 3 վայրկյան թեքվում են ձախ և վերև, ինքն էլ է նկատում այդ հանգամանքը` հիշելով ուղեղի ինչ-որ մասին աշխատանքի ակտիվացման հետ կապված տեսությունը, որի մասին կարդացել էր, բայց տեսնելով ժամավաճառի արդեն կասկածամտություն արտահայտող ունքամեջը` փորձում է արագ ամբողջացնել հաշվարկները և երերացող շտապողականությամբ գրպաններում փնտրում է, գտնում 2000 դրամ, մեկնում ժամավաճառին ու առանց «գողոնը» վերցնելու, արագ-արագ, առանց ետ նայելու` շարունակում ճանապարհը:
Քայլում է ու մտածում, որ ինչ-որ շատ տրամաբանված քայլ է արել, բայց ինքն իր համար այն պահին գտած հիմնավորումը հիմա չի հիշում… ընկնում է մտքերի հետևից` այս անգամ նայելով աջ և ներքև .«… ես գիտեմ, որ նա գող չի` փորձում է այդպիսին երևալ, նա ծախսել է 1500 իր գրպանից, որպեսզի առնի ժամացույցը գետնանցումի տակից, եթե ես այն առնեի 3500-ով, նա կշահեր 2000 և կգնար անցում նոր ժամացույցի հետևից, ես նրան տվեցի այդ 2000-ը և նա այլևս ստիպված չի գնել նորը… իսկ ես… խաբված չեմ, պլյուս իմ շահած 1500-ով կարող եմ անցումի տակից ընտրել իմ նախընտրած գույնի ժամացույցը… լավ, իսկ 2000 դրա՞մն ինչի տվեցի»: Այ այս հարցի պատասխանի վրա նեյրոնների աշխատանքը խճճվում է ուղեղի մեջ… կարեկցանքն անհնար է պատճառաբանել:
Ձախը մտնում է կիսախավար շքամուտքն ու սեղմում վերելակի կոճակը: Հանկարծ ցնցվում է` հիշելով, որ ինքն արդեն մեկ ամիս է, ինչ «թողել է ծխելը», շտապով գրպանից հանում է հատուկ այդ նպատակով պահվող եմիշի համով ծամոնն ու սկսում արագ-արագ ծամել, ծամելու ընթացքում այն պտտելով բերանի բոլոր անկյուններով ու ոչնչացնելով թաքուն ծխած ծխախոտի համի մնացորդները:
Նրա կինը, այդ «այլազան հիվանդություներով ախտահարված և դժբախտ արարածը»… վաղաժամ կլիմաքսի ակնհայտ դրսևորումներով, ստամոքսի չարորակ ուռուցքի համոզիչ թվացող ախտանիշներով, լեղապարկի բորբոքումով, մազերի գերյուղոտվածությամբ, որ ոչ ավանդական բժշկության բաղադրատոմսերով ինքնաբժշկման փորձերից պարբերաբար ենթարկվում էր ծանր և միջին աստիճանի թունավորումների: Վերջին դիպվածը… հա՛, վերջերս ամոքսացիլինի ու հակասնկայինի փոխարեն դեղատանը խաբել ու տվել են եսիմինչ համակցված հնդկական զիբիլ: Առաջին հինգ օրը խմելուց հետո աղիքներում բացվել են մի քանի միկրոխոցեր և սկսվել է դիսբակտերիոզ: Հիմա նա արյան մեջ հեմոգլոբինի պարունակության ցածր տոկոսի դեմ բանան-մանանով պայքարը ստիպված պիտի թողնի և զբաղվի առավել կարևոր այս հիվանդության բժշկությամբ:
Զբաղված էր:
Ակվարիումի ջուրն այնքան վաղուց չի փոխվել, որ ձկների մեծ մասը կիսաքայքայված լողակներ ունեն ու գլուխները ջրից կեսհանած են ապրում, անընդհատ ճպճպացնում են, որովհետև ակվարիումի ջրի մեջ վաղուց թթվածին չկա, չնայած… տարօրինակ կերպով համառորեն շարունակում են չսատկել, իսկ ակվարիումից այնպիսի հոտ է գալիս, որ 1.5 մետրից ավել մոտենալ չի լինում:
Երեխայի սենյակում հաճելի խառնաշփոթ էր, բայց միևնույն է խառնաշփոթ էր: Հանկարծ նկատեց նաև, որ այդ սենյակում մոտավորապես գետնից կես մետր բարձրության վրա զզվելիորեն գրոտած էին պատերը… նրանց վրա շագանակագույն և կանաչ մատիտներով անցել էին Խ և Ք տառերի ուսուցման գործնական պարապմունքներ, զարմանալի է… երևի մի հինգ տարվա վաղեմություն ունեին այդ որմնագրերը, բայց մինչ հիմա չէր նկատել, երևի պատճառը երեխայի անբնական բացակայությունն էր այդ ամենում:
Խոհանոցից դեղատան և խինկալիանոցի հոտ էր գալիս` կախված միջանցիկ քամու ուղղությունից: Ճաշասեղանի վրա գոյացած մշակութային շերտի մեջ ակնհայտ նշմարվում էին մի շաբաթ առաջվա վերջին ընտանեկան ընթրիքի մնացորդները: Երեխայի ամառային ճամբար գնալուց հետո այդ սեղանին ավելացել էին միայն վալերիանի դատարկ շշեր, թրմված ու ճզմված դեղաբույսեր, ձվի կեղևների սպիտակ կույտեր և այլն: Լվացարանի և պահարանի միջև կողքի էր շուռ եկել արդեն լիքը աղբի տոպրակը, որի միջից գետնին էին թափվել մոտ 5-6 կեղտոտ ականջմաքրիչներ: Ձախը մի քանի վայրկյան հայացքով կանգ առավ դրանց դեղնաշագանակագույն վերջավորությունների վրա ու մտածեց, թե արդյոք որտեղից կարող է այդքան կեղտ հավաքվել ականջների մեջ… հետո հիշեց, որ ինքը երբեք չի մաքրել ականջները դրանցով ու այդ մտքից լսողությունը մի քիչ ծանրացավ, շարունակեց քայլել դեպի պատշգամբ` վերհիշելով դիսպետչեր Գայուշի լրբությունները:
– Վաղը Պետոյի տղու բանակի քեֆն է, ես ի վիճակի չեմ, գոնե դու գործից հետո մի կես ժամով մտի,- հանգուցյալի վերջին պատգամի պես լսվեց ճաշասենյակից:
– Ատում եմ, երբ ստիպված եմ լողանալ կիրակի կամ հինգշաբթի օրերից տարբեր մի օր,- ինքն իր, ավելի ճիշտ ոչ մեկի համար քթի տակ կրկնեց իր կյանքի առանցքային ճշմարտություններից մեկը: Չհավատաց: Գնաց լողանալու…

###
Անծայրածիր, ալիքվող դեղին: Ջրի տակից` վերևում ալիքվող արևը նման է մեղր ու կարագով հացի, կարող ես ձեռքդ ջրից դուրս հանել, երկարել, ցուցամատդ սահեցնել վրան` հետո տանել բերանդ` մեղրը լիզելու: Անհորիզոն անապատի հարթության մեջ մոտ մեկուկես մետր բարձր է ջրհորը: Ինքը, մոտ տաս տարեկան… մերկ է, ինչպես դեղին ամեն ինչն է մերկ լինում… նա սուզված է ջրհորի սառը ջրի մեջ, որը մակերեսին մոտ սկսում է տաքանալ: Ջրհորը կարծես թե անհատակ է, համենայն դեպս սուզվելն այդքան էլ հաճելի չի թվում, որովհետև նախ և առաջ ջրհորը նեղ է ու կոշտ պատեր ունի: Բայց ամեն անգամ, երբ գլուխը փոքր ինչ հանում է ջրհորից` անտանելի աղմուկը ստիպում է նորից ետ քաշվել… ինչ զզվելի ձայն է. ճիչ, ծղրտոց, քանդվելու ձայն, ընկնելու ձայն, ռմբարկության եկող ինքնաթիռների ձայն, որ գալիս են հեռվից, որ մոտենում են, բան չմնաց… քիչ-քիչ թթվածնի պակասից միտքը մթագնում է և սկսում է դանդաղ սուզվել ջրհորի մեջ… ավելի ու ավելի խորը, բայց վերջին ուժերը հավաքելով մի ոստյունով դուրս է թռչում ջրհորից ու իրեն նետում վառվող ավազների վրա: Ձեռքերով ամուր փակում է ականջներն ու ագահորեն սկսում շնչել, շնչել, շնչել: Հանկարծ նկատում է, որ ջրհորի ստվերում նստած է մայրն ու ժպիտով նայում է իրեն: Նա քրտնած է` չգիտես արևից, թե ինչ-որ աշխատանքից խոնջացած` նստել է միակ հնարավոր ջրհորի ստվերում, որ շունչ առնի: Ձախը մոտենում է նրան վախվորած, ամաչելով իր մերկության համար: Չէ, մայրը ծննդկանի նման է քրտնած: Մայրը համբուրում է ճակատն ու շոյում է գլուխը: Ձախը գլուխը դնում է մոր կրծքին ու աչքերը փակվում են իրենք-իրենց: Մայրը ձեռքի փափուկ ափերով ծածկում է նրա ականջները, հետո սկսում է շոյել: Տաք է ինչպես քթից անշտապ ծորացող արյունը: Տաքությունն ասես ականջախեցիների միջով պարուրաձև ու լուսավոր լցվում է գլխուղեղի մեջ: Ինչ հեշտ է լինելը…
###
Բացում է աչքերը: Կիսաբաց բերանով քնած կինը շնչում և արտաշնչում է իր աջ ականջի մեջ: Տաքի զգացողությունը դեռ մի քանի վայրկյան կա… բայց արդեն վերածվում է զզվանքի: Շտապով հետ է քաշվում և շրջվում մեջքով: Մի քանի րոպե փակ աչքերով մնալուց հետո բացում է աչքերը բոլորովին սթափ: Նայում է ննջարանի կիսաբաց դռնից միջանցքում երևացող ակվարիումին. պղտոր ջրի մեջ միակ ոսկե ձկնիկը կողքի շրջված լողում է ջրի մակերեսին: Սատկեց փաստորեն:
Հագնվում է: Ձկանը խնամքով փաթաթում անձեռոցիկի մեջ ու դնում ծոցագրպանում, քիչ անց նրա պաղ կլորիկությունը մարմնի վրա չափազանց մոտ զգալուց սարսուռ է անցնում մարմնով, շտապ հանում է ու դնում պիջակի աջ գրպանում: Անշտապ իջնում է ավտոտնակ, մուտքի մոտ մի քանի վայրկյան կանգնում ու նայում բարձրահարկ շենքերի վերջին հարկերի լուսամուտներին արդեն կարմրին տվող արշալույսին: Ավտոտնակի դուռը բացվում է մի տեսակ տհաճ ճռռոցով: Ձախը անկյունում դրված յուղից լցնում է դռան ժանգոտ ծխնիների վրա, մի քանի անգամ բացում-փակում` անաղմուկ է: Հետո վերցնում է խորքում դրված 5 լիտրանոց կիսով չափ լի բենզինով տակառիկն ու ավտոտնակի դուռը փակելով` տուն բարձրանում:
Կինը քնած է: Նույն անշտապողականությամբ քայլում է պատշգամբ, բացում տակառիկի կափարիչն ու սկսում բենզինը տնով մեկ շաղ տալ: Պատշգամբից անցնում է խոհանոց, ճաշասենյակ, միջանցք, երեխայի սենյակը կիսաբաց է` փակում է, հասնում ննջասենյակ, վերջին գրամները զգույշ դատարկելով` հասնում է ամուսնական անկողնուն ու տակառիկը դնում գետնին թափված լվացքի կույտի մոտ: Կինն անկողնում շրջվում է ձախ կողի վրա ու նվվոց հանում. քնած է: Տունը լցվում է բենզինի սուր հոտով: Այդ հոտը, որ սովորաբար հաճելի էր թվում նրան, այս անգամ զարհուրելի թվաց… սիրտը գնալով ավելի արագ է խփում, շնչառությունն արագանում է, և որքան արագ է ներշնչում ու արտաշնչում բենզինի գոլորշիներով գերհագեցած օդն` այնքան ավելանում է թմրածությունն ու գլուխը սկսում է պտտվել: Մի կերպ հասնում է խոհանոց, որպեսզի լուցկի վերցնի, բայց պարզվում է` տուփը դատարկ է: Փնտրում է դարակներում` չկա, նյարդայնանում է, լարվածությունը վերածվում է դողէրոցքի: Մի քանի վայրկյան անզոր այս ու այն կողմ նայելուց հետո դուրս է փախչում տնից` բաց թողնելով դուռը: Վերելակին չսպասելով` 4-րդ հարկից աստիճաններով գլխապատառ իջնում է ցած, դուրս գալիս շքամուտքից ու վազում… վազում առանց հետ նայելու, այնքան, ինչքան ուժերը հերիքում են, 5-6 շենք հետևում թողնելով` անցանում է արագ քայլքի, հետո սովորական քայլքի, հետո դանդաղ ճեմելու… հետո անկապ ոտքերը քարշ տալով գնում էր ուր ճամփան կտանի, իսկ բոլոր տաքսիստները գիտեն, որ այս աշխարհն այնքան հին է, որ բոլոր հնարավոր տեղերը տանող ճանապարհներ, փողոցներ, նրբանցքներ կամ առնվազն կածաններ կան:

###
«Խեղճ աղջիկ, ծիծիկներն էնքան փոքր են, որ կրծկալ էլ չի հագնում». մտածեց Ձախը դեռևս թույլ լուսավորված առավոտյան փողոցի անկյունում միայնակ կանգնած հավանաբար մարմնավաճառուհուն հեռվից հայացքով տնտղելով: Իսկ երբ մի քիչ էլ մոտեցավ, վերջինս ոգևորված առաջ եկավ ու սեթևեթեց: Շուրթերի մակերեսն արհեստականորեն ավելացված էր կարմրաշագանակագույն շրթներկով ու եզրագծված էր սև մատիտով, մազերը ձիգ հավաքված ու կապված էին վերևում, իսկ հանգույցից արդեն վար էին հորդում հազարավոր բազմերանգ մանրահյուսքեր, որոնց կեղծամ լինելը Ձախը միանգամից նկատեց: Քսանհինգ սանտիմետրանոց շրջազգեստի ավարտին անմիջապես հաջորդում էին ձկնորսական ցանցի նմանվող նրբագուլպաներում առնված նրա բարալիկ-մարալիկ ու ծուռտիկ-մուռտիկ ոտքերը, իսկ բարակ ոտքերի համեմատ բավականին փարթամ ոտնաթաթերը ճզմված էին 12 սանտիմետրանոց վարդագույն լաքեպատ բարձրակրունկների մեջ, որոնց առջևի բացվածքներից դուրս էին թռել էլի վարդագույն ներկված նրա աջ և ձախ բթամատերը: Ձախի չափազանց հետաքրքրասիրական հայացքներից առիթավորվելով նա մոտեցավ ու անքնությունից, թե ծխախոտից խռպոտած ձայնով ասեց` 20: Ձախի մտքին ոչինչ էլ չկար, բայց կարծես խաղի մեջ մտավ ու… հայավարի սկսեց գին գցել: Ջրահարսն անկոտրում գտնվեց և Ձախը նյարդայնությունից շպրտեց նրա դեմքին` «էնպես համառորեն չես իջնում 20-ից, ասես քո վրա 19 է նստել» ու արագ քայլեց առաջ:
Մի 50 մետր չէր անցել, երբ դատարկ ու կիսամութ փողոցով մեկ լսվեց ջրահարսի ճիչը: Ձախը սարսափած հետ շրջվեց. հավանաբար ինչ-որ մեկի տնից փախած բավականին ագրեսիվ տրամադրված սև բոսերոնը դեմ էր տվել նրան պատին ու գռմռում էր վրան, գռմռում էր ու մոտենում: Ձախը արագ-արագ մոտեցավ նրանց, սև շունը վճռական էր տրամադրված, բայց թե ինչ կար մտքին` դժվար էր հստակ հասկանալ: Շան վարդագույն երախից փսլինքը ծորում էր ցած ու նա ժամանակ առ ժամանակ լեզվով հավաքում էր դրանք. այդ ժամանակ ընդհատվում էր նրա գերարագ շնչառությունը: Ձախը նկատեց, որ սև շունը ականջներ ու պոչ չունի, բայց չհասկացավ` ցեղատեսակն է այդպիսին, թե ուղղակի կտրել են ու խղճաց շանը, որովհետև նրան չգիտես ինչու թվաց, որ առանց պոչի ու ականջների շունը չի կարող արտահայտել իր ուրախությունն ու ոգևորությունը: Ջրահարսը գույնը գցել էր: Ձախը մտածեց, որ շունն ուղղակի սոված է ու գրպանից հանեց անձեռոցիկի մեջ փաթաթված ձկանը, պոչից բռնեց, սուլոցներով գրավեց շան ուշադրությունն ու նետեց նրա առջև: Շունը, զարմացած իրադարձությունների անսպասելի զարգացումից, նայեց Ձախին, նայեց ձկանը, նայեց ջրահարսին, հոտոտեց ձկնիկին, մի քանի անգամ, լպստեց, հետո թույլ ծմրոց հանեց ու գնաց-կորավ փողոցի կիսախավարում:
Ջրահարսը մահից փրկվածի տանջահար և միևնույն ժամանակ երջանիկ դեմքով նայեց իր «փրկչին»: Ձախը գլխի ընկավ, որ հիմա իրենք պիտի ծանոթանան ու նման բաներ և մտքի մեջ փորձեց գուշակել, թե «***առաներից» որ մեկով է նրա անունը` Կառա, Մառա, Զառա, վերջապես` Նառա… իսկ նրա անունը, լրիվ անսպասելիորեն` Սոնա էր: Ձախն ուզում էր ասել` մորս անունից է, բայց… հիշեց, որ մարմնավաճառները հիմնականում խաբում են իրենց անունները… բայց ինչու պիտի ասեր հենց Սոնա, կարող էր չէ՞ ասել…
– Մորս անունից է:
– Լուսանում ա, պետք ա գնամ,- ասեց ջրահարսն ու գնալու պատրաստություն տեսավ:
– Ե՛ս էլ,- քիչ դադարից հետո ավելացրեց Ձախը, փորձառու տաքսի վարորդի համար առաջին անգամ չափազանց հուսահատ` չիմանալով, թե ինչպես պիտի հասնի այն տեղը, որտեղ հասնել էր պետք:
Սոնան քնքշորեն ժպտաց, մոտեցավ Ձախին, մի քանի անգամ շոյեց գլուխն ու ձեռքը դանդաղ սահեցրեց ակաջի ու այտի վրայով ցած: Տաք էր:
– Փնթի, այս ի՞նչ է վիճակդ, Աստված գիտի որտեղ ես թրև եկել, ում հետ… սոված, ծարավ… արի, արի քեզ տուն տանեմ, բալես…
– Ես … եսիմ մամ, չեմ հիշում:

2009թ.

[Արժանացել է Ինքնագիր ակումբի հատուկ մրցանակին]

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *