Հասմիկ Հակոբյան. Հավերժության 78%-անոց բանաձևը

Հասմիկ Հակոբյան

Աշխարհում նեղվածք է հիմա,
դեպի ներս եմ ապրում:

(Անտաշատ, Միամիտք)

«Անտաշատ. պոեզիա 78℅», սա  բանաստեղծ Կարեն Անտաշյանի երկրորդ բանաստեղծական ժողովածուն է: Մինչ որոշ մարդիկ կփորձեն կապ գտնել գրքի վերնագրի և հեղինակի ազգանվան միջև, իսկ որոշներն էլ կմտածեն, որ սա ուղղակի վրիպակ է հենց վերնագրում, գիրքը լրջորեն  ընթերցողները բոլորովին անսպասելի մի  նոր  աշխարհ կհայտնաբերեն, որը ո’չ հեքիաթային տարածք է, ո’չ էլ էկզյուպերիական Փոքրիկ Իշխանի անանուն մոլորակը: Անտաշատը ներհոգեկան տարածք է, սեփական մենության հաղթահարման  ուղի, և «Անտաշատի յուրաքանչյուր բնակիչ, նրա միակ բնակիչն է»: Ես միտումնավոր ընդգծում եմ այս փաստը` ընթերցողների մոտ շատ հաճախ  առաջացած մի թյուր ըմբռնում հերքելու համար, երբ  փորձ է արվում Անտաշատին քարտեզային բնակավայրի կարգավիճակ տալ:
Վերնագիրը («Անտաշատ. պոեզիա 78℅») գրքում առկա երկպլան գաղափարական զարգացումների բանաձևումն է . Անտաշատը եսամփոփ տիրույթ է, համաշխարհայնացման ձգտող աշխարհում ինքն իր հետ, ինքն իր մեջ և ինքն իր շուրջը մենակ մնացած մարդու սեփական մենության անհաղթահարելի պարագիծը, այն պեղելու, վերաբնակեցնելու և «վերահիմնադրելու» ճիգը: Ընդհանուր առմամբ Անտաշատը ներկայից անցյալ գալարաձև, փուլ առ փուլ բացվող ոլորան է, սեփական պարուրաձև պատյանի միջով ներկայից դեպի իր խորքերը դեգերող խխունջի պատմություն («ես խեցեղենից հինգ պարույր հասակ առա»), որ անցնում է քրիստոնեությունից հեթանոսություն, հեթանոսությունից ջրապաշտություն, ազգայինից համամարդկային,  մարդկայինից կենդանական («Տուրիստական ուղեցույց/ Կրոնական պատկանելությունը») ու ծավալվում մինչ սեփական գեների մեջ պահպանված միլիոնավոր տարիների կենսաբանական հիշողության տիրույթները: Այսպիսով Անտաշատի կոնցեպցիան, որքան էլ բազմաշերտ ու բազմերանգ, սակայն ինքնին «մեռնող առանձնյակի»  վերհուշ է.

Ինձ մենակ թողեցիր անապատի հետ, Խո՜ւճ… (Ա., Էջ 70):

Քո տեսակի մեջ վերջինն ես մնացել:
Շտապի´ր… (Ա., Էջ 79):

Ընդմիշտ հեռացողի համար ամենահեշտը…
մնացյալի հետ կատարյալ անկեղծությունն է… (Ա., Էջ 85):

Ակնհայտորեն սա շրջափուլային, հավերժական վերադարձի տեսությունների գաղափարական ազդեցությունն է իր մեջ ներառում.  և որպես հավերժական վերադարձը խորհրդանշող մատերիա` հեղինակն օգտագործում է ջուրը, քանի որ «ջուրը  անձրևների սեզոնի ընթացքում հիշողություններ է հավաքում կենդանի տեսակների մասին և պահպանում դրանք, իսկ գարնան գալստյան հետ դրանք նորից փոխանցում է անկենդան նյութին» (Ա., էջ 4): Ջրի փիլիսոփայության ու պաշտանմունքի խորհուրդն Անտաշատ կոնցեպցիայի հետ հարաբերվում է որպես նախաստեղծ անցյալից հիշողության ազդակներ հաղորդող, ընդհանրապես կյանքի շարունակականությունն ապահովող գործոն, որպես Անտաշատ մեռնող առանձնյակի` 78%-ով ջրից բաղկացած կենսազանգվածի (դա նորածնի օրգանիզմում ջրի առկայության քանակն է) թեկուզ մասամբ, բայց շարունակվելու հույս:
Գիրքն ամբողջությամբ` սկսած վերնագրից, ուղեցույց նախաբանից մինչ  խիստ որոշակի մտայնությամբ դասավորված բնաստեղծական շարքեր, կառուցված է որոշակի հաստատուն առանցքի շուրջ:
Գրքի առաջին մասը` «Բերքի տոն» անվանմամբ, կարելի է սիրային  պոեզիայի հերթական ձևափոխված տարբերակը համարել. իրականում սա ավելի շուտ կին-տղամարդ հարաբերությունների, նրանց գենետիկ ծագման ու կենսաբանակն դերերի  բացահայտման մի ինքնատիպ փորձ է:
Ժամանակակից իրականությունը լի է տեղեկատվական փաստերի հարահոսությամբ ու քաոսայնությամբ, և միակ հաստատուն իրողությունը մարդկային եսն է մնացել: Վերլուծելով սիրային լիրիկայի վերափոխությունները` Աննա Կուզնեցովան իր` «Սիրային էպոս կամ  ֆիզոլոգիական սեր» հոդվածում գրում է. «Շփումների նորագույն սուբյեկտ-օբյեկտ դրսևորման մեջ սուբյեկտը բացակայում է. գոյություն ունի միայն օբյեկտը, իսկ դուն տեղավորվել է եսից ներս` որպես  արտահայտված զագցողությունների մի պարզ արտացոլք, և  հիմա ժամանակն է նակրագրությունների : Սիրային պոեզան փոխարինվում է սիրային էպոսով»:
Ամեն ինչ ճշտվում է մատների, շոշափելիքի միջոցով, այդ թվում նաև զգացմունքները. բնազդներն ու զգացողություններն  առավել շարժուն նկարագրությունների հնարավորություն են ընձեռնում.

Իսկ ես դեղձ շատ եմ սիրում,
Դեղձի հոտից մեջս տուն-տունիկ խաղալու կիրք է զարթնում,
Սկսում եմ փողոցում սրա նրա երեխաներին պոնչո անել (Ա., Էջ 22):

«Խորհրդավոր նախաճաշ» և «Գլխապտույտ» բանաստեղծություններում սերը ներկայանում է որպես  բնության  բնազդային ցանկությունների  ու ներհոգեկան ապրումների մի հանրագումար. սա   նուրբ  էրոտիկ տեսարանով ներկայացվող հոգեմարմնական երջանկության ակնթարթն է.

իրենք իրենց թերթվող անապատներ և ծովեր –
պետք է միայն թքոտել… ցուցամատը –
դեղնակարմիր և կապտամոխրագույն,
վարդագույնի նրբին անցումներով անօդ տարածություն
և ամեն անգամ միևնույն տեղում… ձնծաղիկներ… (Ա., Էջ 14):

Այստեղ երջանկությունը գալիս է բնության ամենախորքից և, զարմանալի չէ, որ վայելումի ակնթարթը բնության խաղի տեսքով է պատկերված.

Զգո՞ւմ ես համակերպումի ավազե քնքշությունը,
երբ ծովը տիրում է ժայռերին…
Արարումը կանացի է… (Ա., Էջ 12):

Կամ`
Նորից գարուն կլինի անտաշատում,
և իշամեղուն նորից մինչև ականջները
դեղձենու անմեղորեն քնքուշ ծաղկափոշում կթաթախվի … (Ա., Էջ 23):

Բայց հենց վերջանում է բնության այս յուրօրինակ խաղը, երբ սիրո էպոսային էությունը սպառվում է, մնում  են միայն ներհոգեկան ապրումներն ու դրանցից առաջացած դատարկությունը,  սկսվում է «դառնությամբ» և  «սրտամկանի սպազմատիկ կծկումներով» ուղեկցվող «հոգենյութի տառապալից արտահոսքը»`

… և ուր է այն սերը,
որ տևելու էր մի կյանքի չափ,
ուր է այն կյանքը… որ կյանք էր… (Ա., Էջ 30):

Զգացմունքների այս շրջապտույտը իր ավարտին կմոտենա  «փետրվարի վերջին կամ նախավերջին օրը»,  և հավերժական շրջապտույտը ևս մեկ էվոլյուցիոն շրջան կկատարի` նախապատրաստվելով գարնան գալստյանը:
Փետրվարը վճռորոշ ժամանակաշրջան է Կարենի կենսափիլիսոփայության մեջ, այստեղ կենտրոնացած են մարդկային լինելիության բոլոր էատարրերը, որոնք իրենց ամբողջ էներգիան պատրաստ են փոխանցելու ջրին` գարնանը կրկի վերադառնալու մտադրությամբ ու հավատով: Միֆերի ու առասպելների  մի ուսումնասիրության մեջ Սարգիս Հարությունյանը նկատում  և  նկարագրում է համանման մի իրողություն. «Ըստ վաղընջական պատկերացումների, տարածությունն ու ժամանակը ճգնաժամային իրադրություններում` հին ու նոր տարվա սահմանագլխին, կորցնում են իրենց նախկին կառուցվածքը, «քայքայվում» են այնպես, որ նրանց միակ կապողը մնում է տարաժամանակային մի կետ, որով վճռվում է ամեն ինչ, և որն էլ սաղմ է դառնում («ծնման տեղ») գալիք տարածության և գալիք ժամանակների, որոնք նորից են ստեղծվում` արաչագործության յուրաքանչյուր նոր շրջափուլում»:
Մեռնող-հառնող հեթանոսական ու առավել բնապաշտական այս աշխարհընկալման վրա կառուցելով իր ամբողջ կենսափիլիսոփայությունը` Կարեն Անտաշյանը կարծես ժամանակի գծային (երկչափ) ընկալման և քիստոնեական ու աստվածաշնչյան հնազանդության պարտադրանքից դուրս գալու  փորձ է անում: Այսպիսի աշխարհայացքի  կառուցման ամենահիմնավոր շարժատարրը  մահվան մտքի հետ հաշտվելու (հաշտեցնելու) («Հերիք է մահը թշնամի սարքես կյանքի համար») և  այն  շրջանցելու համար մղվող պայքարն  է: Ընդունելով բնության և մարդու  ասվածաստեղծ էությունը` Կարենն այդուհանդերձ հակված է Աստծո և բնության նույնականացմանն ու մարդուն արարչագործ էությամբ օժտելուն («Ես դարձել եմ Դու»):

Քո արարած գիշերից փախչում եմ Քո արարած առավոտը
ես Քեզնից փախչում եմ Քեզ մոտ…
…ու ինձ թվաց մի պահ, որ ես դարձել եմ Դու,
Էս ինչ լավ է հնչում…
…Եվ ե’ս եմ սերը… գոյական… (Ա., Էջ 72):

Սակայն նույնը չի կարելի ասել աստվածաշնչյան ընդունված ճշմարտությունների առիթով. հենց այստեղ է, որ սկսվում են ամենաիսկական  «անհնազանդությունն»  ու ֆարսային  խաղարկումները:  «Իսկ եթե ջո՞ւր էի», ահա այսպիսի բովանդակությամբ մի տող է տեղադրված  գրքի հենց ամենասկզբում: Սա ակնհայտ հղում է աստվածաշնչյան` «Հող էիր և հող կդառնաս» արտահայտությանը, և առաջին «անհնազանդությունը»: Հաջորդ անհնազանդություններն արդեն առավել իրոնիկ բնույթ ունեն և ամբողջովին կառուցված են խաղի ու ֆարսի կանոներով: «Խորհրդավոր նախաճաշ», «Իմ (առայժմ) ՑԱՎԸ կամ մի’ Շնանար», «Ծննդոց», «Մխիթարվիր»  բնաստեղծությունների վերնագրերը իրենց կառուցվածքով տիպիկ աստվածաշնչյան են, բայց` միայն առաջին հայացքից: Իրականում այստեղ կիրառված են պոեզիայի  խաղարկային կանոները` ընդ որոմ, ոչ միայն բառային, այլ նաև իմաստային հարթություններում: Իր հոդվածում Արքմենիկ Նիկողոսյանը այսպես է գրում. «Կարենը հաճախ է օգտվում կոնկրետ հղումների աղբյուր ունեցող վերնագրային իջեցումներից, ասենք «Խորհրդավոր նախաճաշ», «Իմ (առայժմ) ՑԱՎԸ կամ մի’ Շնանար», «Ծննդոց», որոնք թիրախային են և ծառայում են որպես խայծ: …Վերնագրերի ուղղահայաց զարգացումները իրավացիորեն հեռանում են Աստվածաշնչի զուտ բովանդակային արծարծումներից… » :
Խաղի մեջ խաբված լինելու զգացողությունն ամեն քայլափոխի  հետևում է ընթերցողին, բայց միևնույն ժամանակ, յուրաքանչյուր խաբեություն բարձրացնում է ադրենալինի քանակությունն ու անպասելիության  նոր տեսադաշտ բացում ընթերցողի առջև: Ֆարսային, խաղարկային ձևերի հետ Կարենը լայնորեն կիրառում է նաև խոսքն արհեստականորեն հասարակացնելու ու նաև պարոդիկ երանգներ հաղորդելու տեխնիկան:

Ատամներիս տակ հազիվ ճզմելով ոռնոցը`
ես քեզ ժպտացի վերջին անգամ`
ձևացնելով, որ կարող եմ լինել
մեծ և սուրբ… (բայց կուտը չկերար)  (Ա., Էջ 26):

Պարոդիան վերջնականպես փոխել է պոեզիայի ծանրության կենտրոնը. ամենալուրջ թեմաներն իսկ իրոնիկ երանգավորմամբ ներկայացնելով` բանստեղծը կարծես պոեզիան ու իրականությունը հաշտեցնելու մի վերջին հուսահատ փորձ է անում, իսկ փակագծային բառերն ու մտքերն էլ, որոնք լայնորեն կիրառվում են Կարենի պոեզիայում, ի միջի այլոց կերպով հայտնվելով նախադասության մեջ, մի կողմից բանստեղծության լիիրավ անդամ դարձնելու ճիգ են («քո տեղն իմ կյանքում դատարկ կմնա…» կարգի/ սրտաճմլիկ մտքեր»), մյուս կողմից` ցանկացած ապրումի հավանական սուբյեկտիվ սխալականության ակնարկ:
Խաղային մոդելավորման հնարքի կիրառմամբ է ստեղված հատկապես գրքի երկրորդ` «Զրո» անվանումը կրող բանստեղծական շարքը. և սա այն բացառիկ դեպքերից է, երբ բանստեղծական շարք ձևակերպումը լիովին արդարացնում է իր անվանման առաքելությունը. ակնհայտորեն տեսանելի է շարքի ամբողջական կանխամտածվածությունը, բոլոր բանստեղծությունները հաջորդաբար լրացնում են միմյանց: «Զրոն» ամբողջությամբ խաղարկային իրավիճակ է կամ  կամ խաղարկային բոլոր իրավիճակների վերջնական սպառումը, այն խաղ է` խաղի մասին: Հայտնի մշակութաբան Յոհան Հեյզինգան իր «Homo ludens» (Լատ.` մարդ խաղացող) աշխատության մեջ գրում է, որ. «Խաղը դա որոշակի պահվածք է, որն իրացվում է որոշակի ժամանակի, մտքերի, տեսանելի-ֆիքսված տարածքում` կանոնների նախնական ընդունմամբ»:  Մանկական խաղի կանոներով կառուցված «Զրոն» հասունության որոշակի տարիքում գտնվող տղամարդու մտորումներն են սեփական դերի ու առաքելության մասին: Եվ կրկին առաջնային դաշտում են հայտնվում մարդ-բնություն հարաբերություններն ու կենսաբանական գործոնը.

Այն օրվանից, երբ կարևորն ընթացքն է,
կաթնասունները դրսևորում են
ընդգծված խաղամոլություն (Ա., Էջ 37):

Իսկ շարքի յուրաքանչյուր բանաստեղծություն բացում է կյանքի ընկալման մի նոր հարթություն, այնքան` մինչև հասնի զրոյական աստիճանին: «Տուն-տունիկ» մանկական խաղի մեջ շատ կարևոր խտացումներ  են կուտակված.  ըստ էության դա  մեր փորձի ու ստացած գիտելիքների  փոխանցումն է մեր սերունդներին, որտեղ կարևոր դեր են կատարում պայքարի ու հաղթանակի մասին մտքերը: Մեր տեղն աշխարհում հաստատելու համար անընդհատ պայքարն ի վերջո վերածվում է հաղթող-պարտվող հավերժական հակամարտության. դու կա’մ հաղթող ես, կա’մ պարտվող, այլընտրանք չկա. «Պատերեզմը քո ժառանգությունն է և քո կտակը/ Ի սկզբանե և ի վերջո»: Եվ թեպետ բոլորս էլ ի վերջո պարտվող ենք կյանքի ընթացքի այս պատերազմում, «խաղը ցրում է իրական վերջի մասին ծանր մտքերը», ու քանի դեռ շարունակելի է խաղը, «դու ու Ալեքսանդրը կքայլեք աշխարհի փողոցներով»` սեփական սնափառությամբ քեզ հաղթողների շարքը դասելով: Բայց մի օր դու կգիտակցես, որ  դու ընդամենը «եսիմինչի սպասման հերթում ծնված եսիմով, ասենք միջին օղակի ինչ-որ մենեջեր» ես, և  անխուսափելի   վախճանդ բոլորովին էլ հեռու մի վայրում չէ, ինչպես դու էիր կարծում: Նախավերջին աստիճանը, որ փրկիչ է անվանված, արդեն մարդուն մահվան մտքի հետ հաշտեցնելու նախապատրաստական մի փորձ է.

Բարև փոքրիկ… արի սրբեմ արցունքներդ:
Ո՞ւր ես շտապում… հիմա ամեն տեղ էլ աշուն է:
Էլ չի ավարտվելու… ոչ մեկին չասես… (Ա., Էջ 41):

Զրոյին ամենամոտ գտնվող կետը  «Ինֆարկտն » է` մահը, որն անպայման կգա «փետրվարի վերջին կամ նախավերջին օրը» (կրկին  հարաբերական փետրվար-վերջնակետը), պապի հոր տեսքով (վերադարձող անցյալ` քո նախասկիզբն ու նախակերպարը), իսկ դու արդեն կդիմավորես   մահվանը` ամբողջովին հաշտ քո կեցվածքով, որովհետև գիտես, որ «շարունակելի ջուրն արևի սպասումով խաղաղ ննջում է/ և ծիրանագույն երազներ է տեսնում  գարնան մասին» (չէ՞ որ դու 78℅-ով  ջրից ես կազմված), իսկ մնացած 22℅ -ների համար էլ պատուհանին մի բան խզմզիր ասենք` «հ’ա, ի՞նչ կա որ» (անբռնազբոս մի արտահայտություն. դու արդեն հաշտ ես մահվան հետ), և ամեն ինչ արդեն պատրաստ է վերադարձի համար: Բանաստեղծական մտածողության տեսակետից խստորեն հաշվարկված են այս շարքի բոլոր տարրերը. մտքերը, պատկերները, բառերը:
Գրքի երրորդ մասը` «Ագռավաքարը»,  ազգային հոգեվերլուծության սեանս է, կրկին գենետիկ և ենթագիտակցական մակարդակներում համազգային բարդույթների վերծանման փորձ: Շարքի հոգեվերլուծական բնույթի ընդգծումը ազատում է այն մեր ժամանակներում նորաձև դարձած ազգային ինքնախարազանման թեմայից, որովհետև ըստ հոգեվերլուծության տեսության, սեփական հիվանդության գիտակցումը, այսինքն այն ենթագիտակցական ծածուկ ոլորտներից գիտակցություն բերելը հենց բուժման հիմնական շեշտն է: Այսպիսով, «Ագռավաքարում» հոգեվերլուծական տեխնիկայի կիրառման  թիրախն ուղղված է  մեր ազգային «ամենասրբազան»,  ամենատաբու հանգույցներին` ընտանիք, քար, լեռ, գեն, Տիգրան Մեծ, Սասունցի Դավիթ, ավանդույթ, մայր, պապ և այլն: Հետաքրքիր է, որ որոշ բնաստեղծությունների համար, ինչպես օրինակ` «Վերևն Ասված կա», «Պապենական գլխացավ», այս շարքում տեղադրված լինելը լրացուցիչ բացահայտման հնարավորություններ է ընձեռնում: Շարքը եզրափակող «Էա.քարանձավաբնակ ծովաստված» բանաստեղծությունը շարքի ընդհանուր աուրայից դուրս մնացող, տրամագծորեն հակառակ ձևի մեջ լուծված ջրապաշտական ձոն է: Թերևս այս գործն ընդհանուր շարքի հետ կապող մի օղակ բացակայում է, սակայն ակնհայտ է առաջադրվող լուծումը` վերադարձը նախաստեղծ ջրին, ջրապաշտությանը, իսկ բոլոր մնացած պատմությունները` կապված ջրի հետ` Նոյի վերածնությունը համաշխարհային ջրհեղեղից հետո, Ծովինարի հղիացումը կաթնաղբյուրից, Քրիստոսի մկրտությունը ջրով` ավելի ուշ ժամնակագրական հատվածի են պատկանում:
Առհասարակ գիրքը շատ ճիշտ մտածված ու գծագրված կառուցվածք ունի, բացառությամբ մի քանի դեպքերի. առանձնակիորեն շարքային չտարանջատվող գծեր ունեն «Պոեզաթերապիա» բաժնի  «Մոտավորապես կյանք», «Կանգառ», «Մխիթարվիր»  բանաստեղծությունները, միակ ընդհանրացնող գիծը կյանքի փիլիսոփայական հայացքն է: Որոշակի անսկզբունքայնություն կա «Մասնավոր տեղեկանք» բաժնում, որն ըստ էության ծանոթագրությունների դեր է կատարում. սակայն  միևնույն տրամաբանությամբ  ու մևնույն գծի վրա այստեղ հայտնված Ծիծեռնակաբերդ, Աստղիկ և Անահիտ աստվածուհիներ, Օպերայի խաչմերուկ, VIP, էնդորֆիններ, A4  բառերի ստուգաբանությունները չհաղթահարված իրոնիզմի տպավորություն են ստեղծում:
Ինչպես արդեն նշվեց վերևում, Կարենը դիմում է լեզվանյութի միտումնավոր իջեցման, խոսքի հասարակացման, բայց միևնույն ժամանակ հաջորդ պահին հայտնվող բնաստեղծական լիրիզմը, փրկում է իրավիճակը: Որոշ դեպքերում հեղինակի ստեղծած նորաբանություններն ու քերականական կառույցներն իրոք ինքնատիպ են` «ուշադրված», «ինչորպիսին», «ասպետից ձին էր պակասում» և այլն, որոնք, միգուցե, քերականորեն աընդունելի են, սակայն շատ լավ տեղակայվում են համապատասխան բանաստեղծական տողերում: Սակայն որոշ դեպքերում էլ քերականական կանոնների շրջանցումն ու սխալ շարադասությունը   խոսքին ինքնատիպություն հաղորդելու մոլորության արդյունք են միայն` «փակ աչքերով սիրուն տրվելու գիշերով», «վերջին անգամ քեզնով/ կամ կյանքա-սերա-լույսախառը/ լցնելով նախապապիս փորած/ առվափոսերը»:
Այնուամենայնիվ, այս գրքի ամենագլխավոր արժանիքը գաղափարական խիստ կառուցիկությունն է, միֆական ինքնատիպ իրականության ստեղծումը` խեցու մեջ ապրող խխունջ-տեսակի մասին, որն անընդհատ ժամանակի մեջ հետ գնալով` ի վերջո մոտենում է բնությանն ու լսում նախաստեղծ ջրի ձայնը:

© Հասմիկ Հակոբյան, 2010թ.


Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *