Լեո. ընտանեկան օրագիր

03.06.2014

Լեոյի համար իրերը երկու դասի են բաժանվում, իրեր, որոնցով կարելի է «գոյծ» անել և իրեր որոնցով կարելի է «դո-դո-դոխկ» անել: Տրամադրությունից կախված՝ սրանք երկուսն էլ համափոխարինելի են:

23.05.2014
Քիխն ու չիշը Լեոյի համար իսկական գեղարվեստական միջոցառումներ են, «գագագոշը»՝ բեմական ռեկվիզիտ: Երբ ամեն ինչ բարեհաջող է անցնում, մենք ողջ ընտանիքով ծափահարում ու բացականչում ենք՝ ուռռաա՜ա, այս արարաողակարգի շնորհիվ արդեն երկու ամիս է 1.5 տարեկան «Օյին» գիշեր/ցերեկ պամպերս չի հագնում. ամենաբոցը գիշերները ույաա՜ա կանչելն է

29.04.13
Տղես էնքան արագ է մեծանում, որ բարեկամներն իրենց նվերներով, մենք մեր ֆոտոխցիկներով, ստատուսներով ու բանաստեղծություններով չենք հասնում հետևից, երանի մարդ այս նույն տարիքում մնա միշտ, երբ խաղը, զվարճությունն ու մարզանքը հավասարեցված են, երբ ամեն ինչ սովորում ես կարողանալու համար և ամեն ինչ կարողանում ես իբրև ընթացիկ հրաշագործություն:

19.03.2013
Լեոյի սիրելի ժամանցը տեղում անընդմեջ թռիքչներն են, վերջին մի շաբաթում սովորել է նաև ծափիկ անել ու պա-պա-պա վանկարկել. հիմա այդ երեքը համատեղեք ու կպատկերացնեք, ոչ միայն, թե ինչ կարգի ենք ցկցկում, այլ նաև աստվածների հետ շփվելու նախաստեղծ ծիսակարգերի բնությունը, որոնցից ծագել են երգը, պարն ու բանաստեղծությունը:

23.01.2013
Գործելու ցանկությունն ավելի շուտ է ի հայտ գալիս, քան դրա կարողությունը: Լեո Անտաշյան՝ հատուկ էվոլյուցիայի և փրոջեքթ մենեջմենթի տեսությունների համար:

21.11.2012
«ա», «է», «ի», «ու», «օ», «ը», «հ», «յ» հնչյունները սկզբից կամ վերջից համադրելով «գղղ» նախարմատի հետ մենք արդեն կազմում ենք նախաբառեր և նախադասություններ, որոնցով շատ հանգիստ շփվում ենք ցանկացածի հետ ցանկացած թեմայով 🙂 անԳղղ

28.10.2012
Այս օրը նշանավորվեց նրանով, որ Լեոն փորձեց խնձորի հյութ` իր կյանքի առաջին անսովոր համը: Սկզբում այնքան էլ չհավանեց ու սկսեց դիմադրել հյուրասիրությանը` ինչպես երևի դրախտում Եվայի առաջարկած խնձորին չեմուչում է արել մեր մեծ ախպեր Ադամը և ընդհանրապես, ինչպես ամեն նոր բանի սիրում են դիմադրել առողջ տղամարդիկ, բայց հետո համին ընկավ ու համառորեն պահանջեց նախատեսվածից ավելին, էլի, ինչպես աշխարհի բոլոր առողջ տղամարդիկ են վարվում:

16.09.2012
Պապայությունը կեղծ և կոռուպցիոն ռիսկերով հղի կատեգորիա է. մենք ընտրում ենք գաղափարական ախպերությունն ու արդյունամետ համագործակցությունը:

05.09.2012
Տղուս կարոտից pampesr.am դոմենն առա. չգիտեմ էլ թե ինչ եմ անելու:

06.08.2012
Էսօր առավոտյան լույսը բացվելուն պես ծնվեց տղես` նավապետ Լեոն, մաման էլ, ձագն էլ լավ էն, դեռ էս ապրումին անուն չունեմ, միայն զգում եմ, որ իմ տարողությունից մեծ օրհնություն է, գրկում ու անխնա պաչպչում եմ բոլորիդ:

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *