Գագոն և տիեզերական ձանձրույթը

.
je suis Gaguique

Ներքին ձայնը ասում է՝ Գագո՛,
Լահմաջո ցրելը որն ա, արա՛,
Մի նորմալ գործ ճարի քո հագով,
Քո լոքշով կյանքս կերար:

-Ինչո՞ւ է միշտ հանգերով խոսում այս գալստուկավոր խոզապուխտը,
այս ոգու սիմուլյակրը, պոտենցյալ ստրուկը, այս գերմոտիվացված չոլի ուղտը,
երկրորդ մարդ դառնալու պոտենցյալով իմ այս ձեռնասուն ալտերէգո ջուխտը:

Գագըս էլ՝ Գագոն` Գագիկը նույն, ապերը, հընգերը, ուստեն՝ քնել է երկուշաբթիից ուրբաթ մի թավուր, առանձնահատուկ հիմնավոր, խորն ու ինքնամոռաց, հառաչելով՝ վրե՛ն, ինչպես հացթուխը գիշերայն հերթափոխից հետո, քնել է շաբաթ-կիրակին անցնող, կես ժամը մեկ վառել է Գառնին, ծխել է խորը, դանդաղ, անշտապ, շնչել-արտաշնչել է դեմոնստրատիվ-սիմետրիկ, ինչպես յոգայի ֆեյք դասատուն նորեկ կնիկների առաջ, կպցրել է, ծխել է՝ պառկել, ելել է՝ կերել է հաց ու հալված պանիր, թթու մածուն, մամլել է բաստուրման բարակ, պառկել է՝ ելել է, կերել է բողկ, դանդուռ, կարտոֆիլ, հացի չորուկները դժվար ծամելիս հիշել է իր փայ Աստծուն համր, խմել է ժանգահամ ջուր, պառկել, ելել է՝ խմել է կոլան անգազ, պառկել է, ճնշել խռպոտած հազն ու հանգել է… ծանր:

– Հետույքդ տեղաշարժիր՝ Գագի՛կ,
Զանգիր, տեղ կանչիր Մելանին,
Թրաշվիր, հագնվիր կոկիկ,
Ու կկիր, ոնց Ինտերը Միլանին:

-Կամ Մելանն էլ էն չի, կամ ես՝ առաջ թե մինչ գիշերվա կեսը սիրում էի մի հինգ կանգուն, հիմա ալարում եմ անգամ էդ ծտին մութ տեղ աչքով անել թաքուն, հավեսս չծնված՝ մարում է ու թևանցուկ ալարկոտ ինձ տուն տանում…

Գագոն ծառայել է բանակում՝ հասել է ավագ սերժանտի, ավարտել է ժողը, աշխատել է բանկում, փող հաշվելը գործնականում գիտի: Մարքեթինգ, վաճառքներ, մի ուրիշ ոռահան օֆիսում, բոնուսներ, պորտֆոլիո, կորպորատիվ մշակույթ, փայաբաժին՝ մինչ տարիքը կդառնար հիսուն:
Բայց Գագոն չի ապրում՝ մեռնում է, օրեցօր ընկնում է հալից, ինչպես որ սառույցը բևեռի, հալվում է կաթիլ առ կաթիլ՝ դանդաղ, բայց անդառնալի, անկախ՝ համաշխարհային կամքից: Սկզբում կարծում էր հոգնած է, գնա ծով՝ ուժերը հետ կգան, բայց մի շաբաթից նորից՝ տաղտուկ, ձանձր ու ոգով սնանկ, նայում է իր հարազատ կնկան ու ոչինչ, ոչինչ բացարձակ, սիրո էլ ոչ մի առկայծում… Հետո արկածներ է փնտրում ՝ լեռներ, անդունդներ, վիսկի, էքստազի, պլան… մարմընի համար անսովոր ու ծածուկ բաների փորձարկում, ԲԴՍՄ բնույթի բան-ման… ու հեչ… հավեսը ձգտում է զրոյի և վե՛րջ:

– Ռեգրեսիվ, Էքզիստենցյալ ապատիա,
Վերջը՝ միջին տարիքի ճգնաժամ:
Գագիկ, դու միակը չես, հավատա՛,
Ինչքան էլ վրեդ ղժժամ:

Գագոն ամսական փոխում է գործը՝ սկզբում օպերային երգիչ, հետո ջիջի տաքսիստ, հետո պարագլայդինգի հրահանգիչ, քաղաքացիական հակասեքսիստ, նայթքլաբի դռնապան, ապա ֆեսյբուքյան ֆեյք, թուրքագիտության վերլուծաբան, ազնվաբարո գրավաճառ, անաչառ-լաչառ լրագրող, սթեյք տապակող շեֆ-խոհարար, հետո հարբեցող՝ անշուշտ արհեստավարժ ու մեծ, տարված գիտություններով հիմնարար, հետո անտուն, տնանկ, դե վերջը՝ բոմժ, խուլիգանության համար երկու շաբաթ՝ բանտում, բարմեն, առաքիչ, բրոքեր, բոլերո, ֆսյոժե՝ ուդահար էթնո-ջազ-բենդում, պատգամավորի օգնական ապուշ, անգամ մի երկու շաբաթ՝ բանաստեղծ, կեղծանունը՝ Հոմեր Լենդրուշ, հետո սահման, խրամատ, կռիվ-կռիվ, արյուն հանուն հայրենիքի, մեդալ արիության համար ու… հեչ… ուր էր թե Գագոյի էն ժպիտը ետ գար ի խորոց սրտի ու պերճ:

***

Բայց վերջում, կամ վերջին մոտիկ, երբ պետք է անպայման մի բան տեղի ունենա, կարևոր ու նշանակալից, արժանահավատ մի բան, տեղի է ունենում, օրինակ, հետևյալը: Գագիկը երազում արթնանում է 13-րդ հարկի իր պատշգամբից ներս լցվող թանձր լույսի ջերմությունից, դանդաղորեն, բայց իր ուզածին հասած համառի վայելքով մոտենում է, ափերը պարզում ու ստանում հաղորդությունը մոտավորապես այն մասին, որ ի պատասխան իր անկոտրում ու հետևողական հարցադրումի, համապատասխան վերևների կողմից նրան է տրվում ճշմարտութունն առ այն, որ պետք է ոչ թե փախչել ձանձրույթից, այլ փնտրել այն, որ պետք է անզուսպի պես սպառել բոլոր խորհրդավորություններն ու գաղտնիքները, որ դեռ բոցավառում են հոգին՝ ավելի ու ավելի մոտենալով տիեզերքի լոքշակենտրոն էությանը, դատարկությունների դատարկությանը, ունայնությունների ունայնությանը, կետին, ուր մահն ու կյանքն այնքան մոտ են, որ մեկը մյուսին իրենով անելու հավակնություններ չունեն, սպառել գործելու բոլոր շարժառիթները՝ կյանքը պայմանականորեն պահպանելով: Վերջը, այսպես-այսպես: Գագոն էլ իբրև հայտնությանը հաղորդակցված առաքյալ, պետք է սպառի իր օրերը մարդկանց ուսուցանելով, բացի իր եկեղեցին, խոսքի՝ «Գագիկի վերջին օրերի սրբերի եկեղեցի», ունենա իր ուսմունքը՝ օրինակ «արա՛ ինչ դեռ չես արել, որ ի վերջո խախանդվես», «ցանկացած անհասկանալի իրավիճակում՝ պառկիր քնիր», «անհավեսության հավերժությունը», «փաթթա՛ծ ունեցիր», «անտարբերվիր» ու նման ուրիշ բաներ:

Սա Գագիկի հրաշափառ փրկության պատմությունն է, սրբագործող ձանձրույթի միջով անցած ու պայծառատեսությամբ իրեն գտած մեր լավ ախպեր Գագոյի կյանքի և գործի գողտրիկ պատմությունը:

 

Նվիրվում է Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին:

Share Button

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *