Ոճի հումանիզմը

Երանի նրանց, ովքեր կարծում են, թե տարբերություն կա:
Ավագ Եփրեմյան

Տեսակների ստեղծած ճանաչելիության խորհրդանիշերի համակարգը մարդկային խմբերի մշակութաստեղծ գլխավոր հնոցն է: Այդպես են ծնվել բոլոր ազգային մշակույթները: Դասակարգված մշակույթը հենց տարբերությունների համակարգն է` երանգների ու նրբերանգների իմաստավորված բաժանարարը. մենք հետաքրքիր ենք միմյանց համար նրանով, ինչով տարբերվում ենք:
Ժամանակակից աշխարհում, ուր հիմնականում ավարտվել է ազգային մշակույթների ինքնաստեղծումը, ուր համակեցության հիմնական միջավայրը մեծ երկրներն են ու մեծ քաղաքները` ինքնահաստատվող ռասսայական, ազգային, գաղափարական, կրոնական, քաղաքական, սեռական և որևէ այլ կողմնորոշման պատկանող խումբ, պետք է լինի առավել ընդգծված կերպարային և երևելի «ինքնատիպ», այսինքն արտաքնապես ճանաչելի նշաններով իր դավանած տիպին նման: Ինքնապահպանության այս գլխավոր պայմանը մնացյալ հասարակության համար առավել հեշտ ընկալելի ու տանելի արտաքին ազդակների ու նշանների վառ արտահայտված խորհրդանիշեր է ենթադրում, որոնք էլ դառնում են ընդարձակվող աշխարհի նոր, վերազգային ճանաչելի-մշակութածին նոր խմորիչները:
Ինքնահաստատմանը հաջորդող փուլում ցանկացած մշակույթ թվացյալ ինքնուրույն կյանք է ստանում և մշակույթի առերևույթ նմանակման փորձառությունը դառնում է ոճ, մշակույթ ծնող տեսակն ու ոճավորում արտադրող մշակույթը բոլորովին էլ նույն օրգանիզմը չեն:
Փոքր երկրներն ու փոքր քաղաքները, հիմնականում մենատիպ են և մենատիպության հանգեցնող ներքին ուժերն առավել ձիգ են գործում այստեղ: Չնայած առերևույթ նշանակյալ բազմազանությանը, տեսակավորումն այստեղ առավելապես պայմանականություն է – պաշտոնական արարողակարգերի համար միայն կիրառելի գունաբաժանում:
Սա նեղ համահաշվի, եթե կուզեք` գավառականության բնորոշյալն է, այստեղ գործում է ոչ թե փոքր խմբերի ինքնաստեղծման մշակութածին գործոնը, այլ հեռավոր մեծ քաղաքների ու մեծ մշակույթների ոճավոր արձագանքը:
Փոքր քաղաքների փոքր խմբերը երկարաժամկետ հեռանկարում առավել մեծ համատեքստից հղվող մշակութային ազդակների ոճավորված տարբերակման կրողներ են և ոչ` բնականորեն խմբավորված ինքնությունների խորքային տարբերության: Այս էական բնորոշիչը նրանց ներքին փոխադարձ հանդուրժողականության հուշարարն է:Փոքր խմբերում, ինչպես դիմակահանդեսի ժամանակ, հանդերձյալ գայլը երբեք չի ուտում հանդերձյալ կարմիր գլխարկին. նրանք միայն փոխադարձ զվարճության առիթ են հանդիսանում:
Փոքր խմբերում մարդիկ առավել երևելի են միմյանց համար, քան նրանց տեսակյալ խմբավորումները. միմյանց համար տեսանելի մարդիկ առնվազն հանդուրժող են իրար հանդեպ, իսկ առճակատված մարդկային տեսակների խմբավորումները` միշտ անողոք:

Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *