Հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Մխիթար ՍեբաստացիՈւրբաթ օրը հանդիպելու եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ: Այս անսովոր ուսումնական հաստատության մասին իսկական լեգենդներ են շրջում և ուսուցման ամենաառաջադեմ մեթդների կիրառման և սաների փայլուն առաջադիմության ու ինքնուրույնության առումներով: Ուղղակի երջանիկ եմ, որ այդպիսի մանկավարժներ ունենք ու երեխեք ու ավելի շատ գնում եմ իրենց հետ ծանոթանալու, քան ինքս ինձ ներկայացնելու, որովհետև ունեցած-չունեցածս իրեք արդեն ուսումնասիրլ ու գրախոսել են իրենց բլոգներում: Այս հանդիպմանն ընդառաջ կրթահամալիրի սաները նաև մի առցանց հարցազրույց պատրաստեցին՝

Առցանց հարցազրույց Կարեն Անտաշյանի հետ (սկզբնաղբյուր)

– Պարոն Անտաշյան, մասնագիտությամբ տնտեսագետ եք: Թվում է, թե տնտեսագիտությունն ու գրականությունն իրար հետ կապ չունեն: Ի՞նչը Ձեզ ստիպեց ստեղծագործել ու զբաղվել գրականությամբ:

– Այո, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, կարող էի լինել բանասեր, ֆիզիկոս կամ հնագետ և էլի զբաղվել պոեզիայով, բանաստեղծ մասնագիտություն չկա, այն ավելի շուտ ախտորոշում է, կամ բնածին հատկություն, նախադրյալ, ինչպես երկար ոտքերը վազորդ դառնալու, կամ բարձր հասակը` լավ վոլեյբոլիստ դառնալու նախադրյալ է: Ես տաս տարեկանից գրելում եմ ու ամեն անգամ փորձում եմ հաղթահարել ինքս ինձ, նաև չձանձրացնել: Իսկ երբ ասում եմ/են` բանաստեղծ Կարեն Անտաշյան, դրանից ամեն անգամ վատ եմ զգում, որովհետև ինձ բանաստեղծի սոցիալական կարգավիճակ եմ վերագրում, մինչդեռ իմ սպառած ժամանակի մի հինգ տոկոսն եմ միայն բանաստեղծում, ավելիի խիզախություն չունեմ:

-Ինչպե՞ս հղացավ գրական շարժում ստեղծելու գաղափարը, և ո՞րն է դրա նպատակը:

-Մենք հղացել ենք ոչ թե գրական շարժում ստեղծել, այլ իրավիճակ փոխել գրական դաշտում, որը խորը ճգնաժամի մեջ էր: Գլխավոր մտահղացումը գրականությունը նորից հասարակության հետաքրքրության դաշտ վերադարձնելն էր: Մեր սկիզբը հաջողակ էր ու վարակիչ, որակական փոփոխութունները մի քանի տարվա մեջ առերես են ու այդ կտրուկ փոփոխություններն են մատնում շարժման առկայությունը:

-Ի՞նչ խոչընդոտներ հայտնաբերվեցին այդ ամենն իրականություն դարձնելու ճանապարհին:

– Ցանկացած վերարտադրվող համակարգ պահպանողական է. երբ ուզում ես արժեհամակարգ փոխել և ուրիշ հարաբերություններ ես քարոզում` արժանանում ես այդ պահպանողական համակարգի ծանր ու ճնշող դիմադրությանը: Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք գրականությունը ընթերցողներին հասցնելու իրական միջոցների անհրաժեշտությունից` շուկայից, գովազդից, փիարից, վաճառքից, հոնորարից, մեզ այլ աչքով էին նայում սովետական գրաշրջանառությանը սովոր գործիչները: Հիմա էլ հակառակ գործընթցն է գնում. որոշ բախտախնդիր փիարչիներ կարողանում են զուտ փիար հնարանքներով լսարան զավթել ու կարճաժամկետ հեռանկարում գրականության անվան տակ հեղինակություն ձեռք բերել: Սա մեր գործարկած համակարգի հակառակ կողմն է, ու պսեվդոգրողների շքերթ է գոյացել: Ինչքան էլ խոսենք գրական շուկայի անհրաժեշտությունից` գրականությունը շոու բիզնես չէ, այն ազնվական բովանդակություն է ու չի հանդուրժում ինքնահռչակներին:

-Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել «Գրանիշի» և «Վերնատան» միջև:

– Իմ կողմից մեծամտություն կլիներ որևէ աղերս տեսնելը այդ երկու գրական միությունների միջև: Թերևս միայն այն, որ սրանք երկուսն ել գրական գործիչների ոչ պաշտոնական խմբակ է հիմնված իսկական ընկերության և գրականության հիմնասյուների վրա: Սակայն քանի որ ցանկացած ընկերախումբ և խմբակցություն իր նեղ կոնտեքստով երկարաժամկետ հեռանկարում դատապարտված է, ապա մենք գրանիշը աստիճանաբար վերածեցինք հաստատության, կազմակերպության, որ պետք է ներկայացնի առավել մեծ թվով շահառուների, այն է ողջ հայ գրական դաշը:

– Հայ ժամանակակից գրողներից ո՞ւմ ստեղծագործական կյանքին եք հետևում:

– Գործի բերումով` այսինքն Գրանիշ կայքի ու հանդեսի հրատարակման, գրեթե բոլորի, ով արժանի է որևէ ուշադրության: Ավելին, անընդհատ նոր անուններ եմ փնտրում ու նոր խոսք:

– Ունե՞ք արդյոք գրական մեծություններ: Ովքե՞ր են և ի՞նչն եք առավել կարևորում նրանց մեջ:

– Տերյան. Թումանյան, Չարենց, Մեծարենց, Բակունց, Սահյան, Մաթևոսյան. անշուշտ այս շարքի սկզբում, ընթացքում և վերջում էլի անուններ կարող եմ ավելացնել որպես մեծություններ, բայց սրանք այն մոգերն են, ում պարբերաբար վերադառնում եմ` վերարժեվորելու, տեղորոշվելու, ճշգրտվելու և ինձ իրենց համեմատ վերագտնելու համար:

– Ըստ Ձեզ, ե՞րբ է գրողը համարվում կայացած:

– Ինչպես ամեն պտուղ իր հասնելու և պահպանման ժամկետն ունի, այնպես էլ ամեն գրող իր կայանալու ուղին ու իր հաղթած նշաձողը պահելու թափը: Ոմանք կես կյանք մրում են, որ հասնեն իրենց կյանքի գլխավոր ստեղծագործությունը գրելու վարպետությանը, ոմանք շատ արագ են հասունանում` բայց նաև շատ արագ սպառում իրենց, ոմանք կարողանում են անընդհատ զարմացնել ու անընդհատ ուրիշ ձևի հետաքրքիր լինել, ոմանք էլ ամբողջ կյանքում գրականությամբ զբաղվելով` այդպես էլ չեն կարողանում անցնել միջակության շեմը, սա իհարկե ամենավատ դեպքն է, չնայած որ այս վերջիններս նույնպես հաճախ արժանանում են փառքի պսակների:

-Ի՞նչ դեր ունի հայ ժամանակակից գրականության մեջ փիարը և որքանո՞վ է այն կիրառելի:

Սպիտակ փիարը հրաշալի գործիք է գրողի ճանաչելիությունը բարձրացնելու համար, որովհետև այն ըստ էության իրենից ներկայացնում է «ճիշտ» մարդկանց «ճիշտ» պահին «ճիշտ» տեղեկություն հասցնելու մեխանիզմների համախումբ և բնավ էլ չի ենթադրում գոյույթուն չունեցող գրողին գոյություն ունեցող լսարանի վրա վաճառելը կեղծ խայծերով ու հնարանքներով:

– Ինչքանո՞վ են Ձեր ստեղծագործությունները գովազդվում, և ի՞նչ եք անում Դուք դրա համար:

Իմ ստեղծագործությունները որևէ կերպ երբևէ չեն գովազդվել, բայց միշտ հասանելի են եղել բոլոր այն հարթակներում, ուր հնարավոր է ընթերցող գտնել` բլոգ, կայք, սոցիալական մեդիա, գիրք, թերթեր ու հանդեսներ: Ճիշտ է, իմ գեղագիտական հայացքներում ես խմորվում եմ ինքս իմ մեջ ու կարևոր եմ համարում ինքս ինձ հետաքրքիր լինելն ու ստեղծագորլուց հաճույք ստանալը, բայց երբ ես տեքստ եմ հրապարակում, ես դա անում եմ ընթերցվելու, այսինքն տեղ հասնելու, սպառվելու համար, այնպես որ նաև որոշ ջանք եմ գործադրում այդ ուղղությամբ, որ շատերին հասանելի լինի ստեղծածս բովանդակությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *