Կարեն Անտաշյանի պատմվածքն արժանացել է Ինքնագրի ժյուրիի հատուկ մրցանակին

Երեկ` «Անկախի» խմբագրությունում, «Ինքնագիր» գրական լավագույն պատմվածքի մրցանակ ստացավ Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ» ստեղծագործությունը: Այն 40 000 դրամ էր: Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Կարեն Անտաշյանի «Ականջներդ կկտրեմ» պատմվածքը:
Մրցույթին ներկայացված էին 23 պատմվածք, որոնք դրված են «Ինքնագիր» գրական բլոգում: Սա «Ինքնագիր» գրական մրցանակի երկրորդ մրցանակաբաշխությունն էր:
Այս երկուսից բացի ժյուրին առանձնացրել էր Վահե Բուդումյանի «Սուտի գանգստերներ», Գարուն Աղաջանյանի «Սատանայի հարսնացուն» և Մերի Ավագյանի «Դե թռիր ծիծեռնակ» պատմվածքները:
«Անկախի» խմբագիր Վահան Իշխանյանն ասաց, որ առանձնացված 5 գործերից իրեն շատ դուր է եկել նաև Վահե Բուդումյանի «Սուտի գանգստերներ» պատմվածքը: «Դա գրած էր շատ կենդանի լեզվով ու երևում էր հերոսի տղայական ու անկեղծ վիրավորվածությունը բանակային կյանքի բարքերից»,- ասաց նա:
«Ինքնագիր» գրական մրցույթի ժյուրին այլևս հայտնի է. Վիոլետ Գրիգորյան` գրող, բանաստեղծ, Միսաք Խոստիկյան` ճարտարապետ և Գևորգ Տեր-Գաբրիելյան` «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն:

Աջից ձախ` ժյուրիի անդամներ. Միսաք Խոստիկյան, Գևորգ Տեր-Գաբրիելյան,
մրցանակի մասնակից Վահե Բուդումյան
«Սա մեկն էր այն առանձնահատկություններից, որով տարբերվում էր «Ինքնագիր» գրական այս մրցույթը նախորդից»,- ասաց «Անկախի» խմբագիր Վահան Իշխանյանը:
«Ինքնագիր» գրական մրցույթը հայտարարելուց մինչ այժմ ժյուրին նախընտրել էր մնալ գաղտնի:
Երկրորդ տարբերությունն այն էր, որ այս անգամ ժյուրին 30 000 դրամ պարգև էր սահմանել նաև Կարեն Անտաշյանի «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար:
Ժյուրիի անդամներից Գևորգ Տեր-Գաբրիելյանը ասաց, որ նախընտրում է ուղարկված պատմվածքները տեսնել ակադեմիական մտածողությամբ շարադրված: «Պատմվածքն ունի որոշակի կառուցվածք, գործողությունների որոշակի տրամաբանական ընթացք և ավարտ,- ասաց նա,- և կար ջղայնացնող մի բան էս ամեն ինչ մեջ, որ ուղարկված գործերից շատերը նման էին էն բանի, ոնց որ մարդը թաշկինակով սրբի քրտինքը և ստացվածն ուղարկի որպես գրական ստեղծագործություն»:
Այս դիտարկմանը ի պատասխան` նկարիչ, «Ինքնագիր» գրական ակումբի անդամ Արման Գրիգորյանն ասաց, որ ոչ մի չափորոշիչ էլ պետք չի սահմանել թե ով ինչպես գրի և հենց ճակատի սրբած քրտինքը պիտի կարողանան ուղարկել:
«Բոլորը պետք է իմանան, որ սա մի բաց ու անկաշկանդ տեղ է, որտեղ մարդը կարող է գրել այն, ինչ ուզում է կամ ինչպես տեսնում է,- ասաց նա,- մեր երիտասարդությունը, գրական միտքը շատ կաշկանդված ու ահավոր կոմպլեքսավորված է, գրական հոսքը պիտի գա, որովհետև էդ հոսքի մեջ կարող են ձևավորվել արժեքները: Ու եթե մենք չենք խոսում մի բանի մասին, դա չի նշանակում որ այն չկա, դա նշանակում է, որ այդ մասին պարզապես չի քննարկվում»:

Ձախից աջ` «Ինքնագրի« մրցանակակիր Կարեն Անտաշյան, գրող Գուրգեն Խանջյան,
«Ինքնագրի» մրցանակակիր Նառա Վարդանյան, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյան
Մրցանակաբաշխության մասնակիցները առանձնացրեցին նաև Նելիդա Աբելյարի «Մի անգամ Շորժայում» և Մամեի «Հովիվ Իբրահիմը» պատմվածքները, որոնք կքննարկվեն «Ինքնագիր» գրական ակումբում:
Արման Գրիգորյանն ասաց, որ «Ինքնագիր» գրական մրցանակը գրականությունը զարգացնելու մի փորձ է: Վիլոետ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ ավելի ավագ տարիքի ստեղծագործողները մտածում են, թե գրականությունն ու մշակույթը զարգացնող չկա:
«Ամաչացնելու պես մի բան ա, թե ինչքան ջահել էրեխեք կան, որ էսպես լավ են գրում, որ կարող են վայել բերել գրական լավ ժուռնալներին- ասաց նա,- թե չէ` բիձեքն ասում են. գրականությունը մեռավ, էլ գրող չկա, բայց դու տես, որ չէ` գրողներ կան»:
«Ինքնագիր» գրական առաջին մրցանակը շնրոհվել էր Դ’օրիան կեղծանունով հեղինակին` «Սատանան մայրամուտին» պատմվածքի համար:

Նյութն արտատպված է` www.ankakh.com կայքից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *