Մտածումներ

Իմ մասին
Բանվորությունից պարապ ժամերին ես կանաչավուն ձախ սոցիալիստ եմ` համընդհանուր փոխազդեցությունների տեսություն և բանաստեղծություններ հորինելու անհաղթահարելի հակումներով:

Ինքնության մասին
Ինքնուրույնության և ինքնության գենետիկ ու վարքագծային դրվածքը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Դա այն գլխավոր խայծն է, որով կյանքը բանեցնում է առանձնյակներին` նրանց օրգանիզմներն ու անունն օգտագործելով որպես տարածման միջոց: Ինքնության որոնոմներն ու նրանից կառչելու ճիգը առանձնյակների այլընտրանք չունեցող ողբերգությունն է… մեծ հաշվով:

Լեզվակռվի մասին

Դասակարգված, սահմանված և բառարանավորված լեզուն դա լեզուն չէ ինքնին, խուսափեք այդ ակադեմիական ու դաստիարակչական դյույթի ծուղակն ընկնելուց: Լեզուն նաև բնաձայնությունների, մտածողության, նշանների, ժեստերի, զգացողությունների, նաև ուղղակի լռության մի կենդանի ամբողջություն է, որը ծառայում է ձեզ վրա լցվող աշխարհին դիմադրելու համար:

Մտածված բանաստեղծությունների մասին
Փորձում եմ հասկանալ հնարավորինս շատ և հնարավորինս քիչ բանաստեղծություններ գրել հասկացածիս մասին: Պոեզիան ենթադրյալի, բայց անորսալիի ու աննկարագրելիի մեկնության համար գրանշաններ մոդելավորելու փորձն է. այդ թվում նաև չհաջողվածները:

Բանաստեղծության ծածկույթի մասին
Չնայած, որ ընդհանուրի անունից խոսք ասելու պարտականությունը հանվում է բանաստեղծի և բանաստեղծության վրայից, ստեղծված բանը, այսինքն արտադրված նոր խոսքը` մասնավոր տիրույթ չէ: Եթե նույնիսկ իմ ստեղծած նոր լեզվական իրականության տարածքում, որ հենց նոր բանաստեղծությունն է` մի գյուղ ժողովուրդ հազիվ տեղավորվի, մեկ է` այն մնում է համատիրություն, որտեղ ես ժամանակավոր (հիմնադիր) տիրակալ եմ: Բան ստեղծելը այդ զգացումի անունը «ատամի ցավ» դնելն է, որ կմիավորի բոլոր ատամնացավով տառապողներին, որոնք այսուհետ իրենց տառապանքին ճանաչելու են այդ անունով:

Բանաստեղծության սինթեզի մասին
Ինձ համար բանաստեղծությունը լեզվական ուրիշ իրականություն ստեղծելն է, իրականություն, որին ապրելու առիթ է տրվում ոչ անկապ տեղը: Ես հետեւում եմ լեզվի բնազդին, որը գնում է ոչ միայն դեպի Աստված, որն իր տեսակետից ընդամենը բավականին չարչրկված փոխաբերություն է, այլ ուրիշ տարբեր տեղեր, օրինակ` դեպի հեռավոր կենսաբանական ծննդոց:

Փոքր լեզվի մեծ բանաստեղծների մասին
Մեռնող լեզվի տարածքում բնակվող բանաստեղծ լինելը վերնիսաժում ծախվող տուրիստական կերամիկայի արտադրության նման մի բան է: Դու նույնիսկ կարմիր գրքում գրանցված բվեճներ չես բուծում, որոնք պետք է հետո բաց թողնվեն` վայրի կյանքում իրենց գտնելու հույսով, դու լավագույն դեպքում ազգային զարդանախշերի մոտիվներով մեռած թռչունների խրտվիլակներ ես կարում, որոնք միգուցե զարդարեն ազգագրական զրդուզիբիլով հետաքրքրված մի տիկնոջ խոհանոցը…

Նորաձևության մասին

Նորաձությունը միշտ անցյալին է վերաբերվում: Այն անցյալում պատահածի հանդեպ կարոտախտի զանգվածային սերմանումն է` հիմնականում իրերի ու գաղափարներ իրացման նպատակով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *