Բա դո՞ւ ով ես, ինչո՞ւ ես ինձ ասում, թե «Հայաստանը ես եմ»

1-ին լրատվական |

«Հայաստանի անկախության 20-ամյակի պաշտոնական կարգախոսը` «Հայաստանը դու ես», ինձ մի քիչ անհանգստություն պատճառեց, քանի որ, փաստորեն, ինչ-որ մեկը դիմում է ինձ: Մտածեցի` լավ, բա դու ո՞վ ես և ինչո՞ւ ես ինձ ասում, որ Հայաստանը ես եմ: Այստեղից ծագեց այն գաղափարը, որ կարգախոսը պետք է լիներ «Հայաստանը ես եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի անկախության մասին, ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը:

Նրա խոսքով` կարգախոսի հեղինակները չպետք է օտարեին իրենցից «Հայաստանը ես եմ» գաղափարը: Հենց դրա համար էլ, նրա խոսքով, որոշեց «Ֆեյսբուքում» կարգախոսներ գրել` «Խեղճ Հայաստանը ես եմ», «Անկախ Հայաստանը ես եմ», «Հանճարեղ Հայաստանը ես եմ», «Բթամիտ Հայաստանը ես եմ»:

«Հայաստանի բոլոր տեսակները ես եմ` անցալը, ներկան, ապագան, որովհետև այսօր ես կամ: Ես պետք է արժևորեմ անցյալը, արարեմ ներկան, սերմեր ցանեմ ապագայի համար: Ու Հայաստանի ամենամեծ արժեքը ես եմ` Հայաստանի սովորական քաղաքացին»,- ասաց բանաստեղծը` ընդգծելով, որ իր կարգախոսներն էլ հենց դրա ապացույցն էին, այսինքն `այսօր Հայաստանում ապրող սովորական մարդն է, որ պետք է գիտակցի իրեն՝ որպես պետականության մի միավորի, ինչ-որ տեղ՝ խեղճ, ինչ-որ տեղ՝ ուժեղ, ինչ-որ տեղ՝ անկախ, ինչ-որ տեղ՝ կախյալ, բայց գիտակցի իրեն՝ որպես պետականության մի միավորի:

Նրա խոսքով`իր մեծագույն ցանկությունն այն է, որ մեր 20-ամյա երկիրը դառնա իրական փոփոխությունների, նոր Հայաստանի կոնցեպցիայի ստեղծման հանգրավան:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *