Ընդմիջում

Իմ սիրելի Վերացական խաչապուրու բուդկի մոտ փողոցային հերթում կանգնած եմ՝ արագի մեջ, ոտքի վրա ծամելիք մի բան առնելու կենսական կարիքի բերումով, ահավոր ուշանում եմ, գլխումս հազար վառվող թասք, որոնցից կեսն էլ յավնի արդեն չեմ հասցնելու անել, բայց չուտելու դեպքում օրերով տնավորվող գլխացավի վախից ուզում եմ անպայման մի բան կերած լինել ու սովորական կարկանդականոցի մոտ, այո, հերթ է գոյացել։ Ինչ-որ փարթամ, նա լյուբիծելա լավ խնամված երկու մորքուր, լպիրշ քաղցրալեզու ու դիմագծերի սարթությամբ մի տեսակ ացտեկական արյունարբու ծեսերի քանդակների նման, մանրակրկիտ էս կարկանդակների ահռելի տեսականուց երկուական առնում են։ Արդեն երկու մեծ տոպրակ են լցրել, ու ամեն չաշուշուլին կամ մեգռուլինն առնելիս անպայման քոմենթում են՝ էս ոսպովը Անոյին, միս չի ուտում, էս կառտոշկեն Սոսոյին՝ գաստրիտ ունի, սրանից Մառիշին՝ երեք հատ, որ տեղ հասնի, էդի ծակ տեղ ունի․ ծակ տեղի վրա նայում են արդեն կատաղի հերթին ու ճոռո հռհռում։ Այնպիսի զգացողություն է, որ էրոտիկ ծառայությունների մատուցման օբյեկտում կորպորատիվ մշակույթի ամրապնդման փարթիին են պատրաստվում։ Ըստ երևույթին՝ իրավիճակին սովոր մի տղամարդ էդ ընթացքում գնաց բանկում գործարք արեց եկավ՝ ինձ հանձնարարելով պահել իր տեղը հերթում։ Մոտ տասութ րոպե անցավ այսպես, ես արդեն լրիվ հուսահատվել եմ վառվող անելիքներիս պռեսից, մի քանիսը հաստատ տեղափոխեցի վաղվա վրա։ Վաճառողուհին էլ՝ կենսախինդ, բայց տարիքի բերումով դանդաղընթաց մի կին, կին-շվեցարական դանակ՝ համ խմոր է հունցում ձեռի հետ, համ թխում է, համ վաճառում, համ փաթեթավորում, համ ռեսթարթ անում պոս տերմինալը։ Կիսաթափանցիկ ապակիներից ներս եմ նայում՝ նրանից մի քիչ աջ՝ ճիշտ իմ դիմացը մի դռբով տղամարդ է ոնց որ կանգնած։ Անշարժ կանգնած թե կնոջ աշխատանքն է հսկում, թե նայում է ինձ, թե հերթին՝ որ իրանց տոչնի պահեն սաղ։ Մտածում եմ հավանաբար օբյեկտիկի տերն է։ Արա այ միկրոմոնեջմենթ, հայհոյում եմ մտքումս՝ գոնե ձեռ գցի էդ կնոջը՝ վաճառքը դու արա, կամ գոնե փողը դու ստացիր՝ կես ժամ խեղճ մորքուրը քոռ աչքով մետաղադրամներն է հնդրում, գոնե էդ վառվող խաչապուրիների սկուտեղը հանի փռից՝ հոտն ընկավ ողջ Կոմիտասով մեկ։ Բան չի անում՝ սևեռուն միայն հերթին ա նայում ապակու հետևից, թե ինձ, թե վաճառող մորքուրին, չեմ հասկանում, ինչքան հեռախոսիցս գլուխս բարձրացնում եմ՝ նույն տեսարանն է՝ միայն անապատի անհաղթահարելիության դեմ մանրաքայլ, առանց տեղ հասնելու հույսի դանդալոշ առաջացող քարավանի պես քիչ-քիչ սողոսկող մեր հերթի հետ, հայ-հայա ինձ հետ ինքն էլ է մոտենում դրամարկղին։ Ասում եմ ոնցոր ֆայմեց, էսա մինչև դրամակրղին հասնեմ՝ հաստագլուխ խելքին հասնի, որ պետք է օգնի էդ կնոջը, ինձ հաստատ ինքը կսպասարկի ու էդ ընթացքում առիթից օգտվելու մի երկու տող բան կասեմ իրա կազմակարպած գործի որակի մասին։ Վերջը՝ հերթը հասնում է ինձ, վերջին կեսմետրանոց ոստյունն եմ կատարում դեպի հերթի համար բացված լուսամուտիկը գլուխս ներս խցկում ու տեսնում, որ մորքուրից բացի ոչ ոք չկա մոնոսենյակ փռում, նորից եմ հանում՝ դրսի կողմից եմ նայում՝ գյադեն կա, մտցնում եմ ներս՝ չկա․․․ ստեղ հասկանում եմ, որ վերջին կես ժամը ես իմ արտացոլանքի հետ եմ լեզվակռիվ արել ))

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *