Վանաձորում ապրել եմ քսան տարի, կյանքիս առաջին քսան տարիները, ընտանիքիս հետ անցել եմ երկրաշարժի ծանր հետևանքների միջով՝ դոմիկային կյանք, դոմիկային դպրոց, փայտի և նավթի վառարաններ, հացի հերթեր, հումանիտար օգնության շորեր ու սնունդ, գողական միջավայր, ծեծ ու ջարդ, առաջին ընկերներ, առաջին սեր, առաջին հաջողություններ, կյանքի մասին առաջին գիտելիք, իմաստավորելու և վերաիմստավորելու առաջին փորձառություն, առաջին աշխատած փող, կենցաղային արկածներով լի պատանեկություն ու երիտասարդություն, հասունացման համար շատ պարզ ու կարևոր բաներ, որոնք կարող էին լինել մարդու հետ ցանկացած տեղ՝ հյուսիսային Դակոտայի Ֆարգո քաղաքից մինչև հարավային Ճապոնիայի Կակուբունձի քաղաքը։ Եվ այսօր, երբ նշվում է Վանաձորի տոնը, պետք է խոստովանեմ, որ այդ քաղաքի հետ ինձ կապող վերջին թելերը հատուկենտ մտերիմներն են, որ դեռ ապրում են այնտեղ։ Թե ապրելու ընթացքում, թե հետո, որքան էլ հեռու եմ եղել իմ ծննդավայրից, երբեք առանձնապես կարոտից չեմ տանջվել, միշտ իմացել եմ, որ այն իմ ապրելու տեղը չէ, ինձ խորթ է իր ամեն ինչով ու հատկապես անբացատրելի, անհիմն, դիստրուկտիվ դեպրեսիվությամբ, մաղձոտ թախիծով, որը՝ թանձր մառախուղի պես միշտ նստած է քաղաքի վրա ու նրա մարդկանց սրտերում ու որն անհնար է շրջանցել , եթե մոտենում ես իրեն։ Էդքան բան քաղաք ջան, ես քեզ միշտ հիշում եմ ուրախությամբ առ այն փաստը, որ հիմա ինչքան հնարավոր է հեռու եմ քեզանից, հեռու եմ էն անտանելի հուսահատությունից որ առաջանում է սովետական ինժեներական պայծառ մտքի ու առաջընթացի փշրված երազանքներ որպես մեռնող հսկա գործարանների կմախքների ու իմ, իմ ընկերների, մտերիմների անտանելի գավառականության համադրությունից, հուսահատ գողական կեցվածքից, որ քեզ հեշտությամբ համոզում է, թե կյանքում կյանքից ավելի կարևոր բաներ կան․․․ չկան ազիզ, չկան, ներող․․․