Զորամաս-թատրոն

Մինչև պայմանագրային զորամաս դարձնելը մի քանի ամիս Մովսես գյուղի զորամասում եմ ծառայել: Էն օրը վաղուց մոռացած մանրամասներ էի հիշել: Զորամասը գյուղի նախկին կուլտուրայի տանն էր տեղակայված ու ողջ զորքը միքանի հարյուր հոգի միասին քնում էր դահլիճում ու բեմին շարքերով տեղադրված երկհարկանի մահճակալներին: Բնական է լուսամուտ չկար ու լուսավորությունն էլ դահլիճի ու բեմի լուսավորություն էր` բեմը ընդգծված, դահլիճը` կիսախավար: Հիշում եմ իմ առաջին «ներկայացումը» )), որ անհարմար լինելուց զատ չափազանց տարօրինակ ու անսովոր էր: Բեմին քնող-արթնացողները մի տեսակ էպիկ հանդիսավորության ու դահլիճում քնող-արթնացողների սևեռուն հայացքների ներքո էին, դահլիճի մահճակալներն էլ պարտերի մի տեսակ թեքության վրա էին տեղակայված ու անզգուշության դեպքում կարող էիր վայր ընկնել երկրորդ հարկից: Բեմը ավելի պրիսծիժնի էր ու չաստի լավերն աշխատում էին բեմում օթևանել: Օթյակներում զինամթերքի պահեստներն էին, գրիմյոռկեքում սպաների գրասենյակները, ճաշում էինք բուֆետում, որն այնքան փոքր էր, որ երեք հերթափոխով էինք նստում ճաշի, այսպիսի բան ուրիշ ոչ մի զորամասում չի եղել ու ընդհանուր մթնոլորտը շատ ջերմ ու մարդկային էր, ուրիշ ոչ մի զորամասում չեմ տեսել նման բան: Սա անկախ Հայաստանի երևի ամենազիլ ներկայացումը կհամարվեր, եթե լիներ բեմականացված, կհամարվեր պոստոմդեռնիստական գլուխգործոց, եթե ֆիլմ նկարվեր` Կաննի փառատոն կգնար, բայց դա կյանք էր` թշնամու պարբերական ռմբակոծության տակ ապրող գյուղը իրական էր, առաջնագծում, նրանցից մետրեր հեռու հողափոր սառը ու խոնավ դիրքերում հերթապահող ջահել տղերքը իրական էին, զենքերը, որ կրակում էին ստանիսլավսկու մեթոդով և առանց` իրական էին, մեր ու նրանց միջակայքերում հախուռն ցանված ականապատ դաշտը, որտեղ մեկ-մեկ անզգուշաբար շակալներ, գյուղացիներ ու զինվորներ էին պայթում` ոտք ու լսողություն կորցնելով` իրական էին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *