Ես սկսել եմ որպես բանաստեղծ ներկայանալ հանրային վայրերում ավելի վաղ, քան կասկածել եմ, որ այն ինչ գրում եմ առհասարակ բանաստեղծությո՞ւն է, թե չէ։ Դա երիտասարդ գրողների մի հավաքի ժամանակ էր, Ծաղկաձորում գրողների միության հանգստյան տանը, մի գարնանային չքնաղ օր, երբ մենք բոլորս շտապում էինք կարդալ կյանքի ողբերգական ու գերզգայական ասպեկտների և դրանց դեմ տառապած բանաստեղծի մենավոր ուղու մասին մեր իմաստուն և տխուր բանաստեղծությունները, որպեսզի հետո իջնենք հյուրանոցի ռեստորան, բամբասելու, գարեջուր խմելու ու պարելու։ Այդ օրը հասկացա, որ մենք ոչ թե բանաստեղծություններ էինք կարդում, այլ մի բան, որը պայմանավորվել էինք, թե իբր բանաստեղծություն է։
Հայերենում լավ արտահայտություն կա՝ լեզու գտնել, որ պարզապես նշանակում է հասկանալ։ Իմ ստեղծագործական գլխավոր խնդիրը, այդ կասկածներով լի օրվանից մինչ հիմա, իմ ժամանակի լեզուն գտնելն է։ Լեզու, որ արտահայտում է այն տեղի իրականությունը, որտեղ ես ապրում եմ ու ներկայանում բանաստեղծ։ Լեզու, որ չունի այս կամ խմբին սիրաշահելու կամ դիմադրելու հավակնություն, լեզու, որ պատմում է ամբողջական պատմությունը՝ չփորձելով ընտրել միայն ականջահաճո բառեր և պատշաճ բարբառներ, լեզու, որ չի հավակնում լինել վերջնականապես լուրջ կամ էնքան որ ժամանցային թեթևսոլիկ, լեզու որ ոչինչ չի փորձում վաճառել քեզ, բացի իր գոյությամբ քո գոյությունը տեղորոշելու հաճույքից։
Բազմաթիվ անհաջող փորձեր պետք եկան հասկանալու համար, որ ես, որպես տեքստ արտադրող սուբյեկտ, պետք է սպասարկեմ ոչ թե այն շուրջպարը, որի մեջ գզմռտվում են ճշմարտությունն ու կեղծիքը, բարին ու չարը, զվարթությունն ու տխրությունը, սերը և ատելությունը, խավարն ու լույսը, այլ պետք է խոսեմ իմ ժամանակի գլխավոր իրական մարտահրավերներից, որպիսիք են ձանձրույթն ու անորոշությունը։ Ինչի՞ն կարող է ամեն ինչից, այդ թվում նաև ինքն իր գոյությունից ձանձրացած մարդը անվանել արժանահավատ պոեզիա, ինչպես դառնալ նոր, դեռևս անուն չունեցող ժամանակներում անորոշության մեջ ոչինչ չխոստանալով հանդերձ՝ կոնկրետ մեկ մարդու դեպի ինքն իրեն ուղեկցող կարեկցական ձեռքը, մի բան, ինչ եղել ու պարտավոր է լինել գրականությունը բոլոր ժամակներում։