Այգեգործական չարքաշ օրվա վերջում մտել եմ սուպերխանութ մի քանի բան առնելու, հոգնած քշում եմ իմ սայլակը, իմ սպառողական բեռը, խաչը իմ բաժին, գլորում եմ, բան, ու քանի որ ես էնքան հոգնած էի, որ անգամ շորերս էի ալարել փոխել, ուշադրությունս գրավեց մի ծայրահեղ պճնված երիտասարդ՝ գիշերվա միլիոնին կոկիկ հագնված, մանրակրկիտ խնամված, էն որ ինձ թվաց, որ անգամ պեդիկյուռ ունի պատշաճ, ուղղակի չի երևում։ Սենց մի երկու միլիակնթարթ ավել նայեցի վրան, ինչով գրավեցի երիտասարդի ուշադրությունը ու ինքն էլ ինձ սկսեց նայել։ Հայացքս սահում փոխեցի, բայց զգում եմ շարունակում է նայել, ստուգում եմ՝ հա էլի, սևեռուն նայում է, ասես մի բանի ակնկալիքով; Ստիպված ժպտացի ու ասի բարև ձեզ ու շարունակեցի բռթել ժանգը ուտելուց ծանրաքարշ ակներով սայլակս։ Սուբյեկտը կարծես հենց դրան սպասելով՝ մի լիաթոք, մի լիասիրտ, մի լայնախոհ ու մեծաջիգյար ժպաց ու սենց իրանից գոհ, մի քիչ էլ քամակը ճոճելով առաջացավ։ Ես չհասկացա ինչ կատարվեց, բայց նկատեցի որ դիմացից քայլող երկու երիտասարդ աղջիկները սկսեցին խունջիկ մունջիկ անել ու իրար ականջ մտած բա՝ վաայ, աղջի էս էն բանն էր, ով էր չլսեցի, հետո սենց հայացքով պտտեցի շուրջս, իրոք բացի բուսակերական առևտուր անող անտարբեր հնդիկներից մնացած գրեթե բոլորը աշխույժ խառնաշփոթի մեջ էին ու փաստորեն ինչ-որ կռուգներում հայտնի անձնավորություն էր, ով իր սևռուն հայացքով ընդամեը իր ճանաչված լինելու հաստատումն էր ուզում կորզել ինձնից ու փաստորեն կորզեց՝ մտածելով՝ էս ով էր էս գեղցին, երևի աչքերին չէր հավատում, որ ինձ է հանդիպել անձամբ։ Հիմա մտատանջվում եմ, տեսնես ո՞վ էր նա, ո՞վ էր այդ հայտնի անհայտությունը, չգիտեմ թիքթոք գրանցվեմ, թուրքական սերիալներ սկսեմ նայել, թե հայկական էստրադա լսել, որ տեսնեմ ում է պատիվ ունեցել առերեսվելու հասարակ մահկանացուս ))