Մետամոդեռնիզմի մեկնության կայծակնային ակնարկ

Երեկ Երևանում կայծակաշատ ամպրոպ էր ու բազմաթիվ կայծակե լուսանկարների շարքում հանկարծ հայտնվեց Հայաստանի հյուսիս-արևմտյան սահմանների ուրվագծով կայծակի նկար, որի իսկությունը, կանխամտածված և ուղղորդված ֆոտոմոնտաժի աստիճանը հայտնի չէ։ Նկարը սկսվեց տարածվել կայծակնային արագությամբ և առաջին արձագանքը՝ միամիտ ազգայնական հիացումն էր, տվյալ կայծակի նկարում երկնային նախախնամություն, տիեզերական նշաններ և վաու էֆեկտով ուղղորդվող ազգային ոգու թեթև դրական դինամիկան էր դեպի փառավորում։ Չուշացան նաև այս նշանը քաղաքական քարոզարշավի հուն բերող ճարպիկները, փրկության և զարթոնքի հույսի սիմվոլիկա տեսնելով հայաստանակերպ կայծակի ուրվագծում։ Այս փուլում գործ ունենք կլասիկ մոդեռնիստական գաղափարական բևեռացումի հետ, երբ ամեն ինչ հանգեցվում է մի որևէ ծայրահեղականացված պոստուլատ ապացուցելու, հիմնավորելու և առանցքավորելու գործին։
Երկրորդ փուլով արթնացան մեմոգրաֆները, ովքեր սկսեցին հեգնել և կազմաքանդել այս համազգային զարթոնքի ոգին՝ ֆաքի ուրվագծով կայծակ, փոքր Հայաստանի ուրվագիծ, որտեղ մայրաքաղաքաը Ապարանն է և այլն։ Այստեղ իհայտ է գալիս պոստմոդեռնիստական դիստրուկցիան և հեգնանքը իբրև ստեղծագործական մեթոդ, որի գոյության ողջ բազան հիմնված է ինքնաներշնչված միֆի պերեդոզի տակ մնացած մոդեռնիստների իրականությունից կտրված լինելու աստիճանը ծաղրելու վրա։ Այսինքն բնական երևույթի լուսանկարի վերամշակման վերախմբագրումը դարձավ ինքնին ստեղծագործություն, որ ունակ է հանրային էմոցիաների ալիք հրահրել ինքնաքննադատության, ինքնահեգնանքի, զվարճանալու ու մի տեսակ լիցքաթափելու էֆեկտներով։
Ես չեմ հանդիպել, բայց անշուշտ եղած կլինեն նաև գիտական դպրոցի ներկայացուցիչներ, ովքեր փորձած կլինեն բացատրել, որ կայծակն ընդամենը գերբարձր լարումով էլեկտրոնների անկանխատեսելի պլազմային հոսք է, որի որոշակի պատկերի նմանվելը զուտ դիտանկյան ու պատահականության արդյունք է, որ մարդու ուղեղի հիմնական աշխատանքային սկզբունքներից մեկը հասկանալն է, ու զուտ չհասկանալու վախից ուղեղը կարող է իրար կապել իրար հետ կապ չունեցող բաներ և ենթադրական օրինաչափություն արտածել, որին լրջորեն կհավատա և կփորձի հավատացնել նաև իր սոցիումի մնացած անդամներին։ Կձևավորի համախոհների խմբակ և կոնֆլիկտի մեջ կմտնի հականիշ կարծիք ունեցող խմբակի հետ։
Իսկ ի՞նչ կասի մետամոդեռնիստը, ինչպիսի՞ն է իրականության մեկնաբանության մետամոդեռնիստական մոտեցումը։
Այն նախ այն է, ինչ ես հենց նոր արեցի, այսինքն իրականության ստեղծման, ընկալման և մեկնաբանության բոլոր ծայրահեղությունների հաշվառումը, ընդունումը եթե կուզեք իբրև առկայություն։ Հետո, իբրև իրողություն, իբրև կոնկրետ մարդու ապրումի սուբյեկտիվ փորձառության տատանում, ճոճք այս գնահատողական և էմոցիենալ ծայրահեղությունների ու փաստարկումների հոսանքում, որը հավասարապես հիմնված է ինչպես ֆիզիակական կամ քավանտային իրականության ազդակների, այնպես էլ մարդու միֆաստեղծ հակումների ու դրա մեդիա պռոդուկտների, դրանց ռեպլիկացիաների վրա։ Այսպիսով ազնիվ, մետամոդեռնիստական բառապաշարով՝ անկեղծ մեկնաբանությունը այս ողջ բարդ ու բարդացող փոխհարաբերությունների փոխկապությունների ընդհանրական պատկերը գիտակցելն ու ամեն սուբյեկտիվությանը գոյության հնարավորությունից չզրկելն է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *