ոնց ասում են՝ Հայաստանից լավ տեղ չկա,
մեր լեռները, մեր ջուրը, մեր ծիրանի համը
ոչ իսպանականն ունի, ոչ՝ թուրքականը,
ոնց ասում են՝ ամերիկան ապրելու տեղ չի,
ինտեռնետը թույլ, բանկերի գերի վիճակ,
գլենդելն էլ մի հայկական գեղ ա սոսկ,
բայց գոնե հասցնենք մի հատ ծով գնանք
մինչև աշխարհի վերջ, էդ էլ ես ասեցի էն օրը
մի չափազանց նեղ կռուգում,
ոնց ասում են՝ կինը ոչ ոքի ոչինչ պարտք չէ
իսկ տղամարդը պետք է իրեն ձիգ պահի միշտ,
ոնց ասում են՝ էդ երեխուն գրկի, հետո
թռիր խարույկի վրայով, որ բախտդ բացվի,
ոնց ասում են՝ քեզ տեսած պահիր,
անգամ եթե չտես ես, մինչև տեսնենք ինչ ա լինում,
ոնց ասում են հետո՝ ըլնելու բանը ըլնելու յա,
իսկ չլնող բանը՝ մեկ ա՝ չի ըլնելու,
ոնց ասում են՝ կարևորը առողջությունն է,
մնացածը կառնենք, կամաց-կամաց,
ու ոնց ասեց մի օր ինձ մի հմուտ խադավիկ՝
սերը կասկածելի վալյուտայա, հոպար,
սաղին չի հերիքում, քիչ ա նախատեսված,
պետք ա փող առնել, քանզի փողն ա
էս խցանված աշխարհի իսկական սմազկեն
ու վաստակեց իրա հալալ չայեվոյը,
ոնց ասում են՝
ինչ լինում ա, թող իրա ժամանակին լինի,
իսկ վերջում՝ հողը թեթև լինի,
ոնց ասում են, բայց վերջից հետո էլ անպայման
ասվում են ահագին բաներ՝
ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի,
գործն է անմահ, որ ապրում է դարեդար,
քանի իրեն հիշում ենք՝ ինքն ապրելու է,
ասում է մեկը, որ ամեն ֆեյսբուք մտնելիս
նորից է գրանցվում, քանի որ մոռանում է
իր գաղտնաբառը՝ astva&ognakan73
#սիրվածկենացներ