Առաջին արձագանքս` ուզում եմ քրֆել, ասել, հո դու տականք չե՞ս, արա, ի՞նչ ես անում, տալ` գլուխը ջարդել, բայց զսպում եմ ինձ, մի քիչ հանդարտվում եմ, փորձում եմ վերլուծել, հասկանալ, եթե այդ պահին խոսեմ` խնդիր կձևակերպեմ, լուծումներ կառաջարկեմ, բայց մի քիչ էլ եմ մտածում, ժամանակ եմ ձգում… մեկ էլ` ծիծաղս գալիս է, հազիվ եմ ինձ զսպում, որ չհռհռամ վրան, էլի եմ խորանում, մի քիչ ավելի երկար ժամանակով մենակ եմ մնում նրա արարքի հետ ու հանկարծ սկսում եմ կարեկցել, խիղճս ահավոր տանջում է, ցավում եմ իր համար, ուզում եմ ներողություն խնդրել, ասել` կներես ինձ, որ դու այդպիսն ես, բայց չեմ ասում, պահում եմ մեջս, խմորվում եմ սիրտ ճմլող խղճահարության հետ… մեկ էլ հանկարծ… այնպիսի կապվածություն եմ զգում իր հանդեպ, այնպիսի խորը կապվածություն, որ նրան գրկելու ու կրծքիս ամուր սեղմելու կարիք եմ զգում, հասկանում եմ Բուդդային, Քրիստոսին, փափուկ սեր հորդացող մնացած պինդ տղերքին, բայց չեմ գրկում, սիրո խոստովանություն էլ չեմ անում, ոչինչ չեմ անում – միայն վերանայում եմ մեկնակետս և շարունակում ճանապարհս` քթիս տակ ժպտալով անհասցե և շնորհակալ:
Քո ուղու միանշանակ կայացումը միակ հանձնարարությունն է, որ դու ունես և նրա վրա պատահող ամեն մի արարած, դիպված և հարաբերություն ուղենիշ է` ճանապարհդ վերծանելու համար տրված նշան, որի հանդեպ ամենաամբողջական վերաբերմունքը, որ կարող ես ունենալ, դա շնորհակալությունն է, որովհետև վերաբերմունքի կարիքը ոչ թե վերաբերյալի հաթահարումն է, այլ վերաբերվողի ինքնահաղթահարումը, ինքնաճշգրտումը:
(Շնորհակալ եմ այս գրառումը մինչ շնորհակալությունն ընթերցելու համար):
Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն