Ֆրանսիայում, հոկտեմբերի 16-21-ին տեղի է ունեցել հայ գրականությանը, հայկական մշակույթին, հայոց պատմությանը, Հայաստանի ու սփյուռքի հայությանն հուզող արդիական խնդիրներին նվիրված միջոցառումների շարք «Հայաստան-Հայաստաններ. հողը, սփյուռքը, գրականությունները» ընդհանուր խորագրի ներքո:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայի կառավարության անմիջական աջակցությամբ եւ նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողն էր Ֆրանսիայի Գրքի Ազգային Կենտրոնը – ԳԱԿ (Centre National du Livre – CNL)` վերջինիս նախագահ Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոյի ակտիվ ներգրավվածությամբ:
Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը, ի դեմս «Գրքի Ազգային Կենտրոնի», 20 տարուց ի վեր ամեն տարի անցկացնում է որեւէ ազգային գրականությանը նվիրված միջոցառումների շարք: Վերջին տարիներին հյուրընկալվող երկրների թվում են եղել Կոլումբիան, Ռուսաստանը, Ալժիրը, Արգենտինան, աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող երկրներ:
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ դեռեւս 2010 թվականին որոշում էր կայացվել 2011 թ. տարեվերջին Ֆրանսիա հրավիրել վեց հայաստանցի եւ վեց սփյուռքահայ գրողների, առավելապես արձակագիրներ, եւ հատկապես նրանց, ովքեր արդեն իսկ ունեն ֆրանսերեն լեզվով տպագրված ժողովածուներ: Հետագայում, ելնելով այն հանգամանքից, որ թվով շատ քիչ հայ արձակագիրների ստեղծագործություններ են թարգմանված ֆրանսերեն, կազմակերպիչները որոշեցին ընդլայնել գրականության ժանրային ընդգրկումը եւ հրավիրեցին նաեւ բանաստեղծների:
Հրավիրված գրողների շարքում, առավելապես ֆրանսերեն լեզվով թարգմանված լինելու սկզբունքից ելնելով, Գրքի Ազգային Կենտրոնի կողմից ընտրվեցին Հայաստանը ներկայացնող տարբեր գրական սերունդների 6 ներկայացուցիչներ` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Վահրամ Մարտիրոսյան, Վիոլետ Գրիգորյան, Շուշանիկ Թամրազյան, Կարեն Անտաշյան:
Սփյուռքահայ գրականությունը ներկայացված էր հայագիր եւ օտարագիր գրողներով` Անա Արզումանյան /Արգենտինա/, Պիտեր Բալաքյան /ԱՄՆ/, Վիգեն Բերբերյան /ԱՄՆ/, Մարկ Նշանյան /Ֆրանսիա-ԱՄՆ-Թուրքիա/, Վահե Գոդել /Շվեյցարիա/, Վարուժան Ոսկանյան /Ռումինիա/, Վահագն Գրիգորյան /Լիտվա/, Գոհար Մարկոսյան /Էստոնիա/: Ֆրանսահայ գրական համայնքը ներկայացված էր 4 ստեղծագործողներով` Նատալի Բարավյան, Գրիգոր Պլըտյան, Դենի Դոնիկյան, Դանիել Արսան, ինչպես նաեւ հանրաճանաչ հրապարակախոսներով, հայագետներով ու քաղաքագետներով` Միշել Մարյան, Ռայմոն Կեվորկյան, Կլեր Մուրադյան, Արա Թորանյան, Կայծ Մինասյան: Միջոցառմանը հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ, գրականագետ, գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը:
Միջոցառումների շարքը մեկնարկեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Այնուհետեւ գրողական արշավախումբը, ֆրանսիացի գրչակիցների ու հրատարակիչների ուղեկցությամբ եւ հատուկ այդ նպատակի համար վարձված «Արեւելյան ճեպընթաց» գնացքով ուղեւորվեց Ավինյոն, Վալանս, Լիոն քաղաքներ, ուր նույնպես տեղի ունեցան գրական ու մշակութային միջոցառումներ, եւ վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Բոլոր այս բնակավայրերում անցկացվող գրական ընթերցումներն ու շնորհանդեսներն ուղեկցվում էին տեղի հայկական համայնքային կառույցների հետ սերտ համագործակցությամբ, հայ եւ ֆրանսիացի արվեստագետների մասնակցությամբ կազմակերպված մշակութային միջոցառումներով` համերգներ, հայկական երգ եւ պար, թատերականացված ընթերցումներ, ֆոտո եւ գեղանկարչական ցուցահանդեսներ /քանդակագործ Թորոսի Ռաստքելեխյանի անհատական ցուցահանդեսը Վալանսում, ցուցահանդես Փարիզի Ժուռնալիստների տանը` նվիրված Հրանտ Դինքին, Ռաքել Դինքի մասնակցությամբ եւ այլն/:
Հոկտեմբերի 20-ին հրավիրյալ գրողների պատվին Փարիզում կազմակերպված համերգին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի եւ ֆրանսահայ քաղաքական եւ մշակութային հայտնի գործիչներ:
Հոկտեմբերի 21-ին Գրքի Ազգային Կենտրոնի փարիզյան կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայությանն հուզող պատմական եւ ժամանակակից խնդիրներին առնչվող քննարկումների շարք` «Հայաստան, հայկական ինքնության ապագան սփյուռքում» ընդհանուր խորագրի ներքո, մասնակցությամբ ֆրանսահայ հանրաճանաչ գրող-հրապարակախոսների, հայագետների ու քաղաքագետների. Գրիգոր Պլըտյան, Մարկ Նշանյան, Միշել Մարյան, Ռայմոն Կեվորկյան, Կլեր Մուրադյան, Արա Թորանյան, Կայծ Մինասյան:
Ամենուր միջոցառումներն անցան տեղական քաղաքային գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, Ֆրանսիայի գրական շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ, մարդաշատ դահլիճներում, ինչը նշան էր ֆրանսահայերի եւ ֆրանսիացիների շրջանում հայ գրականության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրության:
Լուրեր Հայաստանից – NEWS.am