7 ՕՐ | Հարցազրույց բանաստեղծ, բլոգեր Կարեն Անտաշյանի հետ
– Հայաստանում այսօր մարդիկ շատ են խոսում ազգային արժանապատվությունից, բայց որքան շատ են խոսում, այնքան շատ էլ կորցնում ենք այն։ Ըստ ձեզ՝ ազգային արժանապատվության իրական ընկալումը ո՞րը պետք է լինի։
-Իմ ընկալմամբ՝ ազգային արժանապատվություն կամ ինքնասիրություն եզրը երկու բաղադրիչ ունի’ մարդու վերաբերմունքն իր պետության նկատմամբ ու վերաբերմունքն իր ազգային ինքնության նկատմամբ։ Դե, պետության դեպքում պարզ է, միջին վիճակագրական հայորդու համար հեշտ է. «Էդ էն դեղնավուն տուֆից շենքն ա, չէ՞, հրապարակի վրա, հա, մեկ էլ դրանք բանակ են տանում, ու մեկ էլ գայիշնիկներն են պետությունը, չէ՞, էն, որ ռեմեն չգցելու համար տուգանում են…»… Ինքնության ընկալումը լրիվ հակառակ ծայրահեղության մեջ է թափառում, ու ինքնության բոլոր ձևակերպումները սովորաբար սկսվում են «Դե մե՜նք, մե՜նք…» պաթետիկ նախաբանով, որը բոլորը գիտեն, բայց որին հիմնականում չեն հավատում: Չնայած վերջերս նաև նորաձև է դարձել ազգային ինքնախարազանման մեակուլպայական թեման, որը նույնպես մի առանձին հիվանդագին ծայրահեղություն է, ու իր «համազգային դաստիարակության ազնիվ» նպատակին հաստատ չի ծառայում:
-Շատերն ասում են, թե դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, այդ իսկ պատճառով հայ ժողովուրդը մեջքը կռացած է պահել։ Սակայն այսօր անկախությունից հետո արդեն մեկ սերունդ է փոխվել, այն էլ՝ հաղթած սերունդ, որ ունի այդ պետականությունը, բայց էլի վախեցած է։ Վախեցած է նաև իր հաղթանակից։ Ի վերջո, ինչո՞ւ է մեր երկրի բնակիչների մեջ ազգային արժանապատվություն չի արթնանում։
-Հա, պատմությունը ահագին ջանք է գործադրել մեզ մեռած ազգերի ցանկ տեղափոխելու համար, բայց մենք «թարսի պես» ապրեցինք: Մենք կորցրեցինք սոցիալական ու ազգային համակեցության բոլոր միավորները բացի ընտանիքից: Մենք ապրեցինք, որովհետև ատոմի միջուկի պես անճեղքելի էր հայկական ընտանիքը: Ու հիմա, երբ արդեն վերականգնվել են և՛ պետությունը, և՛ լուրջ հաղթանակներ ունենք ոչ վաղ անցյալում, մենք, միևնույն է ընտանիքներում փակված ենք: Առաջին հայացքից ահավոր բան եմ ասում, բայց մինչև «չքանդվի» հայկական ընտանիքը, մենք պետական ու հանրային շահի գիտակցումով հանրույթ չենք դառնա: Ազգային ինքնասիրությունը միայն զոհված տղերքի կենացը 5-րդը խմելով կամ տանը պատին Արարատի կամ Անդրանիկի նկարը ունենալով չէ, ազգային ինքնասիրությունը նույնիսկ «հայրենիքի համար մեռնելու» մտքին համակերպվելը չէ: Երբ Հարվարդի համալսարանի զառամյալ դասախոս իռլանդացին Հայաստան է գալիս Հայաստան – Իռլադիա խաղը դիտելու ու իռլանդական կանաչով իր համար ֆռֆռում է Օպերայի տարածքում, դա ազգային արժանապատվության ամենաազնիվ դրսևորումն է:
Տարբեր ենթակառուցվածքներում բնադրած ծերունի ու նաև երիտասարդ բյուրոկրատներ կան, ում հետ որոշ հարցերով կռիվ տալուց հետո հաճախ հուսահատ ասում եմ .«Մինչև սրանք չմեռնեն, սրանցից չենք պրծնի»: Եսիմ, մեկ-մեկ ուղղակի ուզում ես հավատալ, որ գոնե հետո եկեղ սերունդները ուրիշ կլինեն, առավել ազատ կլինեն պատմական զոհի ենթագիտակցական խարանից, առավել ամուր կանգնած կլինեն էս հողին, առավել խոր կզգան իրենց արմատները ու տիրոջ իրավունքով կապրեն էս երկրում:
-Փաստորեն, հույսը նոր սերնդի հետ պետք է կապել։
-Հույս կապելը աստղ ընկնելիս երազանք պահելու ու դրանով բավարարվելու պես անշնորհակալ գործ է: Ճապոնական հրաշքի դասագրքային պատմությունը բոլորս գիտենք ու հաճախ էլ մեջբերում ենք: Ի՞նչ կլինի, եթե մենք էլ, ընտանիքներով երեխա պահելու փոխարեն, ազգովին սկսենք երեխա պահել: Ազգովին ունենանք, ազգովին մանկապարտեզ տանենք, ազգովին դպրոց տանենք, ազգովին բանակ ճանապարհենք, ազգովին բուհ ընդունենք, ազգովին գործի տեղավորենք ու… չնայած էդ ժամանակ մենք արդեն ահագին ծեր կլինենք, բայց գոնե մարդ ըկիմանա, որ ազգային ինքնասիրություն չկա, կա ուղղակի ինքնասիրություն։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
Նյութը արտատպված է 7 Օր-ի կայքից`