*
Իծան կեծան – դ’վեր ու վար,
եզրին ծիրան ու անծիրի,
ջու-ջու, ջու-ջուր,
բարաց բերան,
կենաց մերան,
այա էծին
էծին:
*
Խխունջիկ-մունջիկ, կկոց-կուկու,
ծննդոց ծովից միայն խշշոց
բերած իբրև էծին հիշողություն՝
դեռ պորտս թաց, աչքերս խուփ
գտա կենաց ծծկունքդ սուրբ
ծիկ – ծիծիկ – ծիկ
ծիտիկ – տիկ – տիկ
կիծիկ – ծիկ
անուշ կերա քեզ ու ափ ելա
իմ այա-մայա-մայամ-այա…
*
Այա, ի՞նչ է ճամփան:
– Հետո կասեմ:
Այա, ջրվե՛ժ նկարիր:
– Ուֆ, աման…
Այա, ի՞նչ է հետոն:
– Ինչ իմանամ:
Այա, գրկի՜ր:
– Էէէէէ…
Այա, ի՞նչ է մաման:
– Քեզ բերեց՝ ինքը գնաց կորչի…
*
Ինձ հմայեց, ախ, հմայեց հաստատ.
իր բուրմունքը, Այա՛, ինձ գրկում է այնպես,
որ հալվում են նույնիսկ ոսկորներս, ու ես
կարող եմ գարնան իրիկնահովիկ դառնալ:
Ինչ որ ուզում եմ ասել իր մասին՝ երգ է –
անբառ, թովիչ, նման արյունազեղ սրտի,
երգ է թաքուն, թևող գրգիռ մթնում,
սիրո գիշերվա չափ տևող և հասակի գարնան:
Յոթ սար ու ծով հեռվից ինձ հմայեց,
ախ, հմայեց հաստատ,
ջուրս արյուն դարձավ, արյունս՝ գինի,
գինիս երգ դարձավ, երգս՝ ուղի,
ուղիս դարձավ անիվ – ինձ կտանի…
ախ կտանի, Այա՛, ինձ կտանի քեզնից՝
իր մոտ…
*
Դու փափուկ, քաղցրորեն խոցելի, ավազե
արևիկ, ընդգրկուն և գրգուն,
անկողին պարպողի աշխատանք
վայելքի և դողի, դոնդողի
կաթնահունց թրթիռի մի պտղունց,
թիթեռի օրեկան՝ շինվելու հոգսաչափ
օգոստոս ու տարփանք, քրտնաղի –
ունայնի, ունայնի, ունայնի,
քեզանից ոչ մի տեղ չտանող, չհայտնի,
գայթելու, անկելու, մարելու
սև աստղի ծանրության
մահանիշ մատանի:
*
«Ես, Արեկի ծոռ և Արամի որդի Առյուծս,
սպանեցի իմ հոր բոլոր թշնամիներին
ու խմեցի նրանց որդիների արյունը,
սուրսայր մետաղով զինեցի իմ զարմը
և պատրաստեցի նրանց պատերազմի,
առաջնորդեցի իմ զավակներին
հայրենական կռվի և իմ ճափին
քանդեցի ամենայն հինն ու նորը հիմնեցի,
ավիրեցի ամենայն փոքրն ու մեծը կառուցեցի,
և այն ամենն, ինչ որ ինձնից էր,
իմ անունով օծվեց ու իմ կնիքով նշանվեց»:
Ես թողնում եմ այս գիրը հավերժության համար
և այն պղծողների համար
իմ Աստծու անեծքն եմ կապում.
«Իմ անունն իմ քաղաքների քարերից
երբևէ ջնջողի սերմը չորանա՛,
ինչպես ձկները մեռնող ծովում»:
*
Այա, պորտս քեզնից կտրած՝
թևեցի հեռուներն անհայտի,
փնտրեցի իմ ազատությունն ու ինքնությունն անհույս,
հաղթեցի խավարում վխտացող դևերից շատերին,
մտածեցի ու հորինեցի, հիմնեցի ու կառուցեցի,
հետո…
կորցրեցի և կորա, մոլորեցրի և մոլոր մնացի
առանց քեզ:
Քո մեջ լողալու համար էծին վերջույթներով
ինչպե՞ս անցնեմ հիմա ունայնության այս անապատը,
ինչպե՞ս քո անունով հաղթեմ
քո զավակների ոսկորներից գոյացած այս ավազը,
ինչպե՞ս փրկեմ ու պահպանեմ
քո գոյության վերջին փաստարկը՝ ինձ,
ո՞րն է այդ տեղն ուր կմարեն իմ ներքին աղմուկներն
ու կլսեմ քո գոյը կենսատու,
իմ ցավացող ներքինից
քո քաղցրալուր անունն ինչպե՞ս քամեմ,
ինչպե՞ս գտնեմ մեր կորուսյալ հատման կետը ջերմի,
ո՞րն է քո ճշմարտությունը և իմ ուղին,
խոսի՜ր ինձ հետ, Այա՜:
– Չոփ-չոփ, չոփիկ արա, չոփ-չոփ-չոփ,
անուշ նանիկ արա, աը-աը-աը-ա…
*
Քեզ միշտ ցանկացել էի գիշերներում,
իսկ դու ծեգին եկար,
երկնքի կողմերից էի սպասել,
բայց դու եկար ծովից,
իմ մահն էի միշտ սպասել քեզ հետ,
մինչ դու վաղուց
իմ մեջ ամբարել էիր
սերմերը քո կենաց:
Բազում երաշտների ու հեղեղների միջով հասած
արտերիս ոսկեծամ ծփանքից
եկար հեշտ ու անհուն, ինչպես անցյալ ծովը:
Երբ երազեցի անունդ, Այա, պորտս բացվեց,
և դու հեզորեն առատ հոսեցիր միջովս: