***
Հեղափոխությունը թրիքագույն բզեզի ընդվզումն է հարազատ թրիքի դեմ. չափազանց ինտիմ, խելահեղորեն հուսահատ և աներևակայելի մի բան, ինչպես ջուրը, սերը, ինչպես կյանքն ինքը, որովհետև թրիքագույնը բզեզի կողմից թրիքի հաղթահարման էվոլյուցիոն ձևն է, իսկ հեղափոխական ընդվզումը` բզեզ մնալու հիմնարար պահանջը:
***
Հայաստանում հսկայական այլընտրանքային ինստիտուտներ կան ձևավորված բոլոր տեսակի ընտրությունների, ընդունելության քննությունների, ներմուծման, արտահանման, խոշոր տենդերների և այլ չալաղաջ ռեսուրսների բաշման այլընտրանքային սպասարկման համար: Համակարգեր համակարգերի տակ, երկրի կարևոր գործընթացներն իրականում ուղղորդող չսահմանված ու անտեսանելի հրեշավոր քաղցկեղային գոյացություներ, որոնց սպասարկման մեջ ներգրավված է ահռելի թվով հայ ժողովուրդ: Չի կարելի ասել «կոռուպցիա» և սահմանել այն, քանի որ այն սարսափելի գրագիտությամբ ինքնադապտացվում է ցանկացած ընթացիկ փոփոխության` խորքային բարբարոսությունից դառնալով առերես «խելացի» և այսօր ոչ պակաս կենսունակ է, քան հինգ, տաս կամ քսան տարի առաջ: Այդ քաղցկեղը մի օր կսպանի հասանելի ապագայում նոր Հայաստան ունենալու մեր բոլոր իղձերը… եթե արդեն իսկ չի սպանել:
***
Առաջիկա օրերին լրահոսի 10 ստատուսից 12-ը բողոքական կլինեն ու դժգոհող, հիասթափված և հուսահատ… իրականում սա խաբուսիկ ֆոնային աղմուկ է. եթե հակաբդեշխականներն այդքան շատ են մեր մեջ, ինչո՞ւ իրական կյանքում էլի ոչինչ չփոխվեց, ավելին, երկիրս կես քայլ առաջ – յոթ քայլ հետ արագությամբ փառքով թևակոխեց վաղ ֆեոդալիզմի դարաշրջան:
***
Հայաստանի երեք չարիքները` մանր ֆեոդալիզմ, ծխախոտ, աղբ…
***
Մեկ դիտարկում հայկական համացանցից. հայատառ գրողների քանակը չի ավելացել, սակայն զգալիորեն ավելացել է այլատառ հայերենով գրելու համար ներողություն խնդրողների քանակը:
***
Լրահոսում մի ենթաշերտ կա, որ հատուկ մասնագիտանում է տիեզերագնաց-բենթլի-տաշիր մակարդակի թյուրիմացությունների շուրջ տեռը բեռ սարքելու տեխնոլոգիայով ստեղծվող ֆոնային աղմուկի վրա: Քանի որ այն պարապ տեղն է ու կազմակերպված գործողության հազվադեպ է վերածվում` ուրեմն նաև հեռու է քաղաքացիական հասարակության ձայնը լինելուց: Նույն հիմնավորմամբ` նաև քաղաքական-գաղափարական չէ: Բայց նկատելով, որ շատ-շատերն այդ կուտն ուտում են` ակտիվ ներմուծվելով թեմայի մեջ, միանշանակ կարելի է ասել, որ այդ պարապ աղմուկն այնուամենայնիվ նպատակային է և կառավարվող:
***
Միթե՞ մարդկային բնությունից է գալիս, որ ձեռքբերումներ փաստող, երախտիք, գովասանք և հիացմունք արտահայտող հաղորդագրություններն ավելի քիչ ուշադրության են արժանանում մեր կողմից, քան դժբախտության մասին պատմող, բողոքող, դատապարտող և ծաղրող հաղորդագրությունները… ինչու՞ է մեր ուշադրությունը լարված դժբախտության ու տագնապի ալիքներ որսալու, ուրիշի վրա հռհռալու ուղղությամբ, դա ներքին չկամությու՞ն է, թե պաշտպանական մեխանիզմ…
***
Հայկական իրականությունը չափազանց հոգնացուցիչ է. այն հարևանի ճաշի անտանելի սոխահոտի ցինիկ պարտադրվածության պես լցվում է քեզնից ներս ամենաներփակ պահին` քեզ դրդելով տափակ, ոչինչ չփոխող, հաճախ` ներսում զսպված անվերջանալի լեզվակռիվների. հենց միայն դրան դիմակայելու վրա ծախսվում են գրեթե բոլոր ստեղծագործական ուժերդ ու դեռ մի բան էլ պարտք ես մնում…
***
Այսօր, ապահովագրական ընկերություններից մեկի մոտով անցնելիս, տխուրի մեջ բացող երկու նոր արտահայտություն սովորեցի` «փորձանքագետ» և «հատուցման կենտրոն»