Երևանի ժամանակով

Հին Երևան

Ես լեռնային հովիվի գեներ ունեմ ըստ որոնց նախատեսված եմ նոսր բնակեցված և հիմնականում լռին ու բարձրադիր միջավայրում բնակության համար: Ես նախատեսված եմ առավելապես ձիերի, այծերի, մեղուների, շների և առավել նվազ` մարդկանց հետ շփման համար: Քաղաքն ավիրում է իմ զգայունակ հյուսվածքներն ու խարխլում ինքնությունը. աղմկոտ, անճոռնի, կեղտոտ, պարտադրված համակեցության և մարդասիրության միջավայր… քաղաքը հոգնացուցիչ կռիվ է ինձ համար` առաջադեմ, գեղատեսիլ, սեռականորեն «տեսած», գաղափարապես հասած և փիլիսոփայորեն զգոն լինելու շարունակական պահանջ, անընդմեջ ու անտանելի դիմադրություն, որը հաղթահարելու անզորությունից երբեմն ուզում եմ փախչել հորիզոնում երևացող սարերից մեկի լանջերն ու արածել անխնա և անհագ… Սա գեղարվեստկան ձևակերպմամբ, իսկ առավել պարզ ասած` ինչ ել պատմեմ Երևանի մասին, դա ոչ թե սիրո պատմություն է լինելու, այլ դիմակայության և հաղթահարման  միջադեպ:

***
Երբ առաջին անգամ Վանաձորից Երևան եկանք, ծխախոտով մետրո նստելու համար ոստիկանները որսացին ինձ ու Ծյուշին, մի քանի ժամ պահեցին ոստիկանական բաժանմունքում, ինչի արդյունքում մենք ուշացանք մագիստրատուրայի ընդունելության քննություններից, վատ հանձնեցինք քննությունները և ընդունվեցինք վճարովի:

Դու Լոսից հետ երկողը չես, արա, գիտեմ, որ իզուր եմ հաչում: Արտաշես, լսի, ինչի գնացիր… Էրևան սեքս չկա ապո… բայց փոխարենը վառ երևակայություն և հնարամտությունդ զարգացնելու առիթներ, համ էլ քո ինչ սեքսի տարիքն է` ավելի լավ է ամուսնանալու մասին մտածիր – մարդ չկա ապո, իմ համար Երևանում էր դժվար, ուր մնաց ստեղ…

Երևան տեղափոխվելուց հետո, մեզ դիմավորեց Մլեհ կասկածելի անունով և Ճուտ ակնհայտ մականունով մեր ընկերոջ ծանոթը` խուճուճ-միրուքավոր, հիպիական հագնված մի վանաձորցի տղա, միակ մարդն ով համաձայնվել էր ստանձնել այդ պարտականությունը: Առաջին իսկ անսովոր-շոգ երեկոն, որ օթեցինք նրա Արարատյան մասիվի տկլոր պատերով տանը, գարեջրվեց` նշանավորելով Երևանում Վանաձորի սփյուռքի ձևավորման և կազմակերպման հիշարժան այդ օրը:

Ճուտն այն ժամանակ «քար քցող» էր, աշխատում ոսկու շուկայի ակնեղեն ծախող ու տեղադրող արհեստանոցում, նրա կյանքում, բազմաթիվ կիսատ մնացած գլուխներ կային` առաջինը, որն այն ժամանակ խորհրդավորություն էր հաղորդում նրա կերպարին, երկրորդ տարվա կեսից սոցիոլոգիականի մագիստրատուրան կիսատ թողնելն ու ոսկերչությամբ զբաղվելն էր:

Ճտի օգնությամբ յուրացվող Երևանն ավելի զարհուրելի-մեծ էր ու ավելի անհաղթահարելի-ծանր: Նա, որ վաղուց էր երևանաբնակ, փաստացի տանուլ էր տվել այն կռիվը, որը մենք եկել էինք հաղթելու առլեցուն մեր գավառական երազկոտությամբ ու ծանրակշիռ աշխարհակալ ստրատեգիաներով: Նա փոքր էր, խեղճ, շարունակ աճող պարտքերի տակ ճկռած ու նրանից զզվելի թութունահոտ էր փչում, չնայած, որ անխոնջ ոգևրությամբ ու սատանայական կրակով միշտ աջ ու ձախ էին խլվլում արկածափնտիր կլորիկ աչքերը: Իրեն անվերջ դարանակալող փակուղիներից հնարամիտ Ճուտը միշտ ելքը գտնում էր … այսինքն թե ինչպես վարկի կամ պարտքի նոր աղբյուր գտնի` հինը մարելու ու մի բան էլ ընթացիքկ ծախսերը հոգալու համար:

Ապո, ինչ կա բա, մի տարի ա ձենդ լսել չեմ, էլ շաբաթ-կիրակի վերնիսաժ չե՞ս գալիս: Էկած-չեկած մի հաշիվ ա, էն ա գալիս չեմ – ձեռդ գործ կա գոնե – օրվա հետ էլի ապո – էրեխեն ոնց ա – լավ կլի էլի…

Մեր նոր մեծ քաղաքում, ծնողների, ծանոթների ու հարազատների աչքից հեռու Արտաշեսը շուտով բացահայտեց իր իրական դերն ու նշանակությունը` դա սեռական բնույթի արկածներ հրահրելն էր. փոքր ու մեծ, տխուր, հավեսով և դժբախտ, անվերջանալի, հաջորդական և զուգահեռ, միմյանցից բխող և միմյանց հղվող պատմություններ, որոնց հավաքածուն ստեղծելու մոլուցքով տարված մարդը կամ սեքսուալ մոլագար պիտի լիներ կամ մեծ գրող: Ծյուշը ոչ մեկն էր ոչ էլ մյուսը, և դա իր առեղծվածն է, որ չբացահայտված է մնում մինչ այժմ ոչ միայն իմ այլ նաև նրա անթիվ ընկերուհիների, սիրածների, աչոնների, ծտերի, նանարների, մորքուրների ու սեքսուալ ստրկուհիների համար: Նրա հերթական լկտի խաղերից մեկը կայանում էր նրանում, որ հունիսի մեկից մինչ սեպտեմբրի մեկը մեզնից ով ում հետ քնի` պետք է անպայման նկարվի նրա լիֆով, ամենից շատ նկարներ հավաքողը դառնում է «սեզոնի տղեն», մրցանակը, ինչպես միշտ` երեք շիշ գարեջուր, խորովածի համով պաքսիմատի հետ: Բնականաբար այս խաղն ավելի շատ իրեն էր պետք, քան մեզ: Նրան սեքսուալ ազարտի նոր աղբյուր էր անհրաժեշտ:

Ծյուշ, քո պատճառով խայտառակ եղա էն օրը, կինս փորփրում էր կոմպս ու էն լիֆչիկով նկարներից գտավ – հահահհա, ո՞ր մեկինս – այ անասուն… լավ է քոնն էր…

Բարում աշխատանքի ընդունվելուս հենց նույն օրը հերթափոխի Սամվելն ինձ սովորեցրեց կողմնակի եկամուտի բոլոր մեթոդները, որոնք ես ոչ միայն կարող էի, այլ նաև պարտավոր էի կիրառել, որպեսզի իմ և նրա հերթափոխերին դրամարկղում եկամտի տարբերությունը չզգացվեր: Ուսանողի համար աշխատանքային պայմաններից ամեն ինչ հրաշալի էր, բացի հաստատության տնօրենի դեռահաս տղան, սկսնակ հարստահարիչ Արտաչոկը, ով ամեն առավոտ գալիս էր նախորդ օրվա եկամուտը տանելու ու անպայման իր պարտքն էր համարում լոռեցիների վրա արվող «անձրև ա գալիս; -դրսումը» ամենատափակ հումորներից մեկի կրկնությունը. հիմա Պռոսպեկտ-Կորյուն անցման անկյունում պուլպուլակ կա նրա հիշատակին… ի դեմս նրա, առողջ, ազատ, դուխով մի ամբողջ սերունդ նիվայի տակ մնաց:

Չէ, խաբեցի, մի անգամ ուզեցել եմ բանաստեղծություն գրել Երևանի մասին, կիսատ է մնացել` «ոչ մի ծով չի ողողում քո ափերը` թռիչքի տարածություն բացելու համար, քո միջով ոչ մի գետ չի հոսում, որին հնարավոր կլիներ պատմել իմ վատ և լավ երազները» – Օվկիանոսն ինչպիսին է, Ծյուշ, հաճա՞խ ես գնում – չէ, ապեր, ժամանակ չի լինում:

Ես աշխատում եմ բառում, Ծյուշը զանգում է, ասում Սիկո փուչիկ հասցրու Ուլտրա, ես ազգային գրադարանում գիրք եմ կրծում, Ծյուշը մեսիջ է գրում` Ջենթլմեն բառում եմ, քո արև չնախատեսված ստացվեց` մտի դեղատուն ու շուտ հասի շրջանային, ես հանրահավաքի եմ, քաղաքական աղմուկի մեջ հազիվ լսում եմ հեռախոսի դողդողը` Կար, փող չկար մոտս, բայց պետք էր մի տեղ մտցնեի սրան` երկու ժամից փող հասցրա Դուետ… Ես ժամադրության եմ, Ծյուշը զանգում է` նշանածն ընգերների հետ հարամեց ինձ. ոտքս ու կողերս ջարդված` օրթոպեդիկում եմ… Ես գրասենյակային աշխատող եմ, Ծյուշը Կիևից սքայփով զանգում է` «Ազիզ, Տանյուշա պերեդայոտ ծեբե պռիվետ…» Ես տուն եմ առնում Երևանում… Ծյուշը գրին քարտ է շահում, Ես երկրորդ գրքիս շնորհանդեսն եմ կազմակերպում` Ծյուշը գիշերային հերթափոխով սենդվիչներ է լիցքավորում Գլենդեյլի հիվանդանոցների ավտոմատները… և թքած ունի հայ գրականության վրա:

Էն օրը Մարգոյին տեսա… երազու՞մ… չէ այ շաշ` Վերնիսաժում… լու՞րջ… հա, բայց փորիկով էր… ի՞նչ ես ասում… հետը մարդ կար. ինձ չտենալու տվեց… չէ, հաստատ էլի աչքիդ ա երևացել… կարո՞ղ ա դրա համար Վերնիսաժ չես գալիս էլ… :

Տնագոմը, որ ես ու Ծյուշը վարձում էինք Անտառային փողոցի վրա, մի տեսակ վերջին ապաստանն էր վանաձորյան արմատներով բոլոր անօթի դրսեկների և անապաստան սիրեցյալների համար. ես ու Ծյուշն արդեն սովորել էինք այս իրադրությանը և առաջինների դեպքում անկողիններս ու ընթրիքներս էինք զիջում, իսկ երկրորդների դեպքում` տունն ամբողջությամբ, նախապես չմոռանալով թաքցնել կեղտոտ ամանների բլրակն ու հատակի փոշեգնդերը: Մի անգամ առավոտյան, բոլորվին անսպասելի մեզ քնից հանեց Ճուտն ու մեր քնակոլոլ-զարմացած հայացքների ներքո ներս մտավ մի աղջկա հետ, որի խոշոր կանաչ պսպղուն աչքերն ու երկար խուճուճիկ մազերը ինչ-որ ծովային գեղեցկություն էին հաղորդում նրան: Մենք սուսուփուս հագնվեցինք ու բանալիները նրան թողնելով` հեռացանք: Մեկ օր անց բաց կանաչ աչքերով Մարգոն դարձավ Ճտի կյանքում հաջորդ կարևոր կիսատ մնացած գլուխը: Առավոտյան 6-ին ինտերնետանոցից տուն գնալիս նա փողոցում հանդիպել էր այս աղջկան մենակ թափառելիս, ծանոթացել էին, քայլելելով հասել մինչ մեր որջը, մի ամբողջ օր ու գիշեր անցկացրել այնտեղ, անխնա սիրել իրար, ընթացքում նաև ոչնչացնելով մեր բրնձի ու խտացրած կաթի ողջ պաշարները, առավոտյան շուտ Ճուտը տարել էր նրան ճանապարհելու Մեծամորի ավտոբուսով` այդ ամբողջ ընթացքում մոռանալով հարցնել անունը և հեռախոսահամարը… եթե մեր տանը եղած չլիներ այդ դեպքը` մենք նրան չէինք հավատա, բայց կասկածելի անծանոթուհու հետ Ճտի առաջին և վերջին այդ օրը` դարձել էր ճակատագրական նշան, ցմահ անհասանելի երազ, որ մի քիչ նաև իմն ու Ծյուշինն էր համարվում:

Արտաշես, ինչու՞ հենց Մարգո որոշեցիր կնքել Ճտի էն աղջկա անունը, ես Լյուսի կդնեի, չէ՞ որ առավտոյան լույսի հետ էր եկել – ավելի ճիշտ Լուսիկ` Երևանյան կոլորիտով – արա էդ ինչ իռոնիա յա, չե՞ս կարոտում Երևանը – չէ՛, ատում եմ փոքր քաղաքներն ու մեծ գյուղերը…

Երևանի գրեթե բոլոր կորած-մոլորած ծակերը գիտեմ, որովհետև Ճուտը երկու-երեք ամիսը մեկ նոր վարձով տուն էր տեղափոխվում, և մենք գնում էինք նրա իրերը տեղափոխելու: Միայնակ վարձով ապրող մարդու համար նախատեսված իրերի նվազագույնից նա հարյուրապատիկ անգամ շատ ուներ: Բնականաբար ինքն անկարող էր տեղափոխել դրանք, որովհետև կշռում էր սովորաբար 46, իսկ զինակոչի նախօրեներին` 42 կիլոգրամ: Բանակից ազատվելու համար խանգարող կիլոգրամները նա համառորեն մաշեցնում էր մեկ շաբաթ անընդմեջ ծանր ուսապարկով Կայարանից մինչ Դավիթաշեն քայլարշավներով: Մի օր Էրեվաններում սեփական գործ սկսելու նրա նպատակը իրականանում էր միայն այստեղից-այնտեղից ցրած, էժանով առած ու կուտակած ոսկերչական հաստոցներով ու գործիքներով, որոնք ըստ երևույթին կամ չաշխատող էին կամ բարոյապես մաշված…

Կար, հիմա գիտես էն «քար ծեծողին» ինչ են ասում Կիրովական – ի՞նչ – «գույն բռնող»` գույն բռնող ճուտ – հա՞, չգիտեի, ինչի՞ – դզող-փչողի մոտ օգնական է ընդունվել` ասում են վարպետորեն ստանում է խփած ավտոների գունային երանգը – չէ, չգիտէի, մի տարի կլինի հետը չեմ խոսել` Վանաձոր հետ գնալուց հետո հազարից մեկ ենք շփվում – նույն անջիգյարն ես. փաստորն մեջներիս էրևանցին դու դուրս եկար…

Ծյուշը հավանաբար չգիտի, որ վերջերս Ճտից հեռացել է կինը` նորածին երեխային իր հետ տանելով Ռուսաստան, ծնողների մոտ, հոգնելով նրա շարունակական անհաջողություններից ու Վանաձորյան կիսախարխուլ տանը սպառվող չստացվող կյանքից… բան չեմ ասում Արտաշեսին, որովհետև գիտեմ` անիմաստ տխրելու է…

ps

Չնայած արդեն տաս տարի է երևանաբնակ եմ` անընդհատ ձգձգում եմ երևանյան գրանցումս, որովհետև այսպես ես ինձ առավել տիրական եմ զգում… այն խժռեց իմ գեղցի ընկերներից շատերի կյանքը, հատկապես, նրանց, ովքեր այդպես էլ չհանդգնեցին իր հետ բախտները փորձել, իսկ ես, չնայած սերտաճեցի, բայց այդպես էլ սիրել չկարողացա… ու երևի չեմ ել կարողանա երբևէ, որովհետև Երևանն ինձ համար ոչ թե սիրելու տարածություն է, այլ դիմակայելու նախապայման, տան պատրանք, ինչպես աշխարհի բոլոր մեծացող ու աղմկոտ քաղաքները` լավ կյանք գտնելու հույսով լեռներից իջածներիս համար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *