Երբ մոտալուտ բնական աղետի կամ հարազատին սպասվող փորձանքի վատ կանխազգացում ունես, այս պահապանը կօգնի կանխել այն: Թափանցիկ անոթի մեջ լցրու մի ումպ ջուր, որն առնվազն երեք անգամ գարնան անձրևաբեր ամպ է եղել, երկու անգամ լեռան սառցե գլխարկ և մեկ անգամ՝ ծավի ծով: Եթե բարձրաձայն չես խոսելու ջրի հետ, անոթն առ ափերիդ մեջ, աչքերդ փակելու դեպքում ոչ մի գույնի մի հանգիր: Որպեսզի հմայիլը գործի, անհրաժեշտ է, որ այն միաժամանակ կատարեն առնվազն երկու հոգի, ու եթե դու ցերեկում ես, թող որ նա գիշերում լինի: Հմայելուց հետո ծավալի կեսը խմիր, իսկ մյուս կեսը խառնիր մոտակա հոսող ջրին: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր են տտիպ գլխացավ և անքուն քնկոտություն:
Նա, որ ոչ արարիչ է, ոչ արարած,
բայց ավելին է, քան բանը
և ուսուցանում է, հանց ձկնկիթ է խառնում դժվար ծովին,
որ և՛ ուսուցիչն է, և՛ ուսմունքը, բնազդն անսեռ սիրո,
և ուղղորդում է, որպես թե հունը գետին,
որ և՛ ուղեցույցն է, և՛ միակ հնարավոր ուղին՝ միջով –
ահա Նա շնորհեց ինձ կամք ունենալ քեզ վրա.
բուն-բնություն, ինքդ քեզնով սնվող,
ինքդ քեզնից սերող հուն-հնություն:
Դու, որ ամենայնիվ նորոգվելու համար
անդարձ փխրվում ես, ջնջվում ինքդ քեզնից –
նոր հող, նոր ջուր, նոր օդ ազատելով,
մա՛հ զավակներիդ, մա՛հ զավակներիդ,
մա՛հ – նեղ անձնական ողբերգություն,
առանձնյակի մասնավոր փոխակերպուկ,
որ աստ ոչինչ արժե, երբ դու նորից ծաղկել ես,
բյուր գարուններ ունես առաջներում
և ուրիշ անհամար անուններ՝ ուրիշ օրերի համար.
որպես զիարդ և իցե,
գութ-գթություն:
Մինչ Նա՝ քո բոլոր այլակերպումները՝ անցավորաց,
ինքդ քեզ հասնելու բոլոր ձախողումները՝
մեզ բոլորիս անխոս տառապելով
անվերջ մանրվում է սիրո բյուրեղներով,
նոսր այնչափ,
որ պատմության ժամանակը թափանցի ներս,
հոսի միջով առանց դիմադրության, իրենոտվի զգույշ,
թոթափի ամենայն մետաղն ու լույս ներծծի
փափուկ.
չէ՞ որ սերը չի ընդդիմանում և չի իշխում,
այլ ներս է թողնում և դուրս է թողնում.
ներս,
դուրս: