Ամեն ինչ սկսվեց ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, երբ նոր լույս տեսած «Անտաշատ» գրքիս Antashat.com կայքին կից որոշեցի Blog.antashat.com հասցեով բլոգ բացել ու քանի որ արդեն ունեի անձնական բլոգ Blogspot-ում, որոշեցի նոր ռեսուրսում հրապարակել ընկերներիս գործերը` ինտերնետային հանրությանը ներկայացնելով ժամանակակից գրականության իմ նախընտրությունները, որովհետև այն ժամանակ Одноклассник-ում լինելը նույնիսկ մեծ առաջամտություն էր ու դեռևս շրջանառության մեջ էր այն կոնցեպտը, թե մենք «չունենք արդի հայ գրականություն»: Ռեսուրսը կոչեցի «Աշխարհը մեր կտուրից» ու սկսեցի խզարել:
Որոշ ժամանակ անց, երբ մի խումբ ջահել-ջուհուլ գրողներով ու գրականագետներով ամուսնության առթիվ աչքալուսանքի էինք գնացել գրող, լրագրող, այժմ նաև բոցոտ ֆեյսբուքահայ Արտավազդ Եղիազարյանի ու Մարիամ Դավթյանի տուն, էս խումբը հղացավ համատեղ ջանքերով տիրություն անել վերոնշյալ ռեսուրսին, բայց անունը պետք է վերանայվեր: Ռեսուրսի անվան քննարկումները զբաղեցրին ամբողջ երեկոն, ինչի արդյունքում տապալվեց մաֆիայի տարեմուտի եզրափակիչն ու ես հեռախոսիս սևագրի մեջ ունեցա վերնագրերի մոտավորապես այսպիսի մի ցանկ`
Բլոգիր
Գրամէջ
Գրամուռ
Գրի բլոգ
Վերջնագիր
(ի դեպ նրանցից յուրաքանչյուրն էլ հրաշալի անվանում է գրական բլոգի համար` կարող եք օգտագործել):
Սակայն անուններից որևէ մեկի շուրջ վերջնական համաձայնության չեկանք ու մինչ կլիներ այդ համաձայնությունը, ես այն կոչեցի պայմանական «Գրանիշ գրական բլոգ» անունով: Անվան քննարկումները շարունակվեցին ևս մի որոշ ժամանակ, հետո մի տեսակ սովորական դարձավ Գրանիշ անունը, հետո նույնիսկ սիրեցինք, իսկ հիմա ուղղակի անհնար է պատկերացնել, թե ուրիշ ինչպես կարող էր կոչվել էս ամբողջ պատմությունը:
Օրեցոր մեռնող տպագիր գրական մամուլի ու ճահճացող գրական կյանքի համատեքստում, ինտերնետային` բլոգային ու ֆեյսբուքային բումի այն ժամանակաշրջանում, որ 2010 թվականն էր, Գրանիշը դարձավ այն վիրտուալ հարթակն ուր իրար գտնելու հնարավորություն ունեցան ժամանակակից հայ գրողներն ու նոր գրականություն փնտրող կամ չփնտրող, բայց պատահականորեն գտած ընթերցողները:
Մեկ տարի անց կարելի է վստահաբար ասել, որ Գրանիշ նախագիծն արդեն իրողություն է արդի հայ գրական գործընթացում և նրա շնորհիվ ազգիս չուզող հատվածը բացահայտեց, որ մենք ունենք, կամ գրեթե ունենք, կամ կարող ենք ունենալ նոր գարականություն և նոր ընթերցող: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ Granish.org կայքում հայտնված այցելուների շրջանում «Ինչպես հղիանալ / ինչպես չհղիանալ» փնտրաբառերն ավելի բարձ հորիզոնականում են, քան ասենք «Հովհաննես Թումանյան քառյակներ» արտահայտությունը, դա մեզ հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք:
Գրանիշի էվոլյուցիայի կարևոր դրվագներից է այս տարի ամռանն իրականացված «ռեբռենդինգը,» որի արդյունքում «ԳՐԱՆԻՇ գրական բլոգը» դարձավ «Գրանիշ գրական ակումբ» և տեղափոխվեց ներկայիս Granish.org հասցե ու եթե հիմա դուք հավաքեք Blog.antashat.com` կվերահասցեավորվեք Gransih.org-ին: Ճիշտ է, այդ վերաձևակերպման արդյունքում մենք կորցրեցինք ազնվորեն վաստակած մեր Google PR5-ը (մինչև հիմա Google-ը մեզ չի վստահում` մեր PR պահելով 0 ցուցիչի վրա), բայց նախագիծն ընթերցողների կողմից ձեռք բերեց առավել բարձր ճանաչելիություն ու մարդիկ դադարեցին նույնականացնել այն Անտաշատի և Կարեն Անտաշյանի հետ:
Գրանիշ գրական ակումբը ինտերնետում գրականության և ընթերցանության քարոզչություն անելուց բացի 2010-ին կյանքի կոչեց ու ցրցամ տվեց մի շարք այլ հասարակական ձեռնարկներ, որոնց մասին կխոսենք հետո:
2010-Ի ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
>
Այցելությունների ընդհանուր վիճակագրությունը
Բացարձակ եզակի այցելուները` 23,500
Այցելությունների ընդհանուր թիվը` 65,000
Դիտված Էջերի ընդհանուր քանակը` 185,000
Բովանդակության վիճակագրությունը
250 հրապարակում
70 հայ ժամանակակից, 10 հայ դասական և 20 օտարազգի հեղինակների հրապարակումներ,
1500 հաստատված մեկնաբանություն
2010 թվականին Գրանիշում ամենաշատ կարդացված հրապարակումները
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Քառյակներ
ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ / Էրոտիկ թանկաներ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Երբեք չմեռնես
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ / Curriculum Vitae
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ / Հավերժության 78%-անոց բանաձևը
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ / Ֆերգանա
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ / Իրատես
ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ / Տխուր նավակներ
ՀԱՐՈՒԹ ԿԲԵՅԱՆ / Զեվսը
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ / Ընդհանուր պլան
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ / Փոքրիկ նապաստակ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ / Հավերժական շարժիչը
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ / Փիղը
ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ / Հաճոյանալով ստվերին
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ / Եվ ձայն է բարձրանում օվսաննա, օվսաննա
Ամենաշատը գրանիշ կարդացող 10 երկրները
Հայաստան
ԱՄՆ
Ռուսաստան
Ֆրանսիա
Կանադա
Վրաստան
Գերմանիա
Ադրբեջան
Լիբանան
Իրան
Գրանիշի այցելուների մեծ մասը վերահղվում են հետևյալ կայքերից`
Facebook.com
Google.am
Hy.wikipedia.org
7or.am
Antashat.com
2010 թվականը գրանիշի կայացման համար անչափ կարևոր փորձաշրջան էր: Շնորհակալ ենք այս ճանապարհը մեզ հետ միասին անցնելու համար:
Գրանիշ գրական ակումբը շնորհավորում է իր հեղինակների և ընթերցողների նոր 2011 թվականը` մաղթելով անսպառ աշխատանքային եռանդ և սեքսուալ խաղաղություն: