Հայերեն բանաստեղծության ինքնության ու կարողությունների հետազոտություններս ինձ տանում են դեպի խաղիկները, ծիսական հմայիլներն ու հնագույն բանաստեղծական այլ ձևերը: Այդ պրպտումներիս արդյունքում պեղած գտածոներս կհրապարակեմ ի վայելումն ընթերցողներիս:
*
Ակլե-դուկլե դըմըռզա,
Չարոխ, չմբուլ պուպուզա,
Մախրե կոճակ, պիլպողոճակ,
Ճան արի ճուկ:
*
Ղառ, ղառ, ղառ,
Ղառներն եկան, տարան, կերան,
Կեսն էլ արին ձցմի բերան:
Գոմփ-գոմփ, քանի գոմփ:
*
Մատ է, մատ է, քանի մատ է
Ադամբուջի, բասմանբուջի,
Բուդներ, չադներ,
Քանի մատ էր:
*
Ծիվ, ծիվ ագռավածիվ,
Ագռավ թռավ Երուսաղեմ
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Չալարեց, շալվար շարեց,
Թռավ, գնաց պապաեի երդիկ:
*
Վարդավառը հասել ա,
Բան ու գործս թարսել ա,
Թե սիրել ես, ջուր շաղ տուր,
Կրակս թեժացել ա…
Վարդևորի իր օրն ա,
Որդին հորը չի մոռնա,
Ով իմ սիրածին ինձ չտա,
Սև շան նման թող ոռնա…
Վարդևորը մոտ ա,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Գնում եմ յարիս տենամ,
Կասեն` ինձի կարոտ ա:
*
Ցորեն եմ ցանել ծորին.
Կը քաղեմ վարդիվորին,
Գլուխս ղուրբան կանեմ
Բայազդու ձիավորին:
*
Վըրթիվերի վադեն ա,
Աղալարի գյադեն ա,
Ծաղիկս խլողն ով ա,
Քոնթոլ-մոնթոլ գյադեն ա:
Ախճի Գյուլի բախտավոր
Յարդ հենց ա թագավոր,
Բարով մուրազի հասնեք,
Ձեր վըրթիվորը շնհավոր:
*
Այ ասըմը, ասըմը
Նռան կինին թասըմը
Ես քեզ երբ սիրեցի`
Վըրթիվերի պասըմը:
Այ տղա, սիրուն փեսա,
Քեզ հազար բարով տեսա,
Շեն կենա էս վրթէվորը
Սրտիս մուրազին հասա:
*
Վըրթըվու֊րը կյալիս ա
Ծաղիկր ցինծալիս ա
Վըրթըվուր, ասող ախչիկ
Ձենը ծլվլայիս ա:
*
Այ տղա, սիրուն փեսա,
Քեզ հազար բարով տեսա,
Շեն կենա էս վրթէվորը
Սրտիս մուրազին հասա:
*
Գանձասարը բարձր տեղ ա,
Ջուրը հիվանդի դեղ ա,
Սիրածը սիրածեն չըն տամ,
Էս հինչ կռըպաշտի գեղ ա:
*
Կտոր-կտոր վարել եմ,
Մի սիրուն աղջիկ ճարել եմ,
Տեսա անուշ քնած ա,
Վարգն հրեսին փռած ա:
*
Արև, արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-Սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տես, տես,
Պսպղում է ոսկու պես:
*
Լուսնյակը կլորել ա,
Տարիքս բոլորել ա,
Յար քո լուսնակ էրեսից,
Իմ սիրտը մոլորել ա:
*
Դաղձ եմ քաղել շաղերով,
Դրել հովին մաղերով,
Յարս հանդիցը հենց գա՝
Առաջն էլնեմ տաղերով:
*
Ավլեմ-թափեմ փոշին,
Ավլեմ -թափեմ փոշին,
Գիշերները յարո ջան ,
Խլվլամ քո դոշին:
Առվըների իզը,
Առվըների իզը,
Ջահելների մեղքը,
Պառվըների վիզը:
Բիձեն գնաց հնձի,
Բիձեն գնաց հնձի,
Երնեկ բիձեն չգար,
Պառավը մնար ընձի:
Մի տաս շայի փող տուր,
Մի տաս շայի փող տուր,
Հիվանդանաս, յարո ջան,
Վրեդ բերեմ դոկտուր:
*
– Այ տղա, էդ ես-մեդ ես,
Խանչալը մեջքդ նետես,
Դու գիտես՝ տղամա՞րդ ես,
Ծմակի փթուկ փետ ես։
– Ժամի դուռը տաշ կանեմ,
Մահուդ չուխես քաշ կանեմ,
Շան աղջիկ, շատ մի հաչի,
Քեզի հալ ու մաշ կանեմ։
*
Սարերում գարուն կըգա,
Սև սրտիս արուն կըգա,
Ի՞նչ անեմ էնպես յարը՝
Պըտըտվի, տարուն կըգա։
*
Նանես ինձի թակել է,
Դուռն էրեսիս փակել է,
Ես նանիցս ջորել եմ,
Դիար ղուրպատ կորել եմ։
*
Ախ ըսիմ, արին կուգա,
Սիրտս սև քարին կուգա։
Վախիմ թե խարիբ մեռնիմ,
Ոնչ քոր, ոնչ ախբեր կուգա։
*
Արտ եմ արել` հրսել ա,
Ղարդու միջին փսել ա,
Խապար տարեք Էն յարին
Իմ ու քու վախտը հըսել ա:
Ես աս գեղի ցորնեն եմ,
Խաս բաղու խնձորեն եմ,
Խնձոր Էղե հասեր եմ,
Բյուլբյուլի պես խոսեր եմ:
*
Արտին կյարին ա հըսել,
Ղարղու ղամիշն ա հըսել,
Նամարգդ ըլես այ իմ յար,
Բոյս բոյիտ ա հըսել:
Լամբի շիշան կը ճնկա,
Կլորա, ծոցդ ընկա,
Սիպեխը զոխ է դառել,
Իմ յարը դոխ է դառել:
*
Վարդն ի բացվե առավոտման շաղերով,
Իմ յար բաղջեն վարդ կր քաղի մաղերով…
Վարդն ի բացվե Վարդեվրվան կիրակին,
Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին:
*
Խնդում օնիմ վարդավ լի,
Զըրդըփշեծ խնձուր լի,
Վախիմ թա քոնս տանի,
Խնդումս եաղին տանի:
*
Խոշով-֊խոշով ջանըս,
Հոգիս մարջանըս,
Ես քեզ կաղաչեմ,
Գինով շաղախեմ,
Փետե, փետե մարզիկներ,
Զան խաղ ասող տղեքներ,
Դեղձ ու խնձոր աղջիկներ։
*
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար,
Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար.
Այ գյուլում կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար ,
Ձենդ ծլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:
մի հատ հրաշալի հավաքածու կա «Հայ Հմայական և Ժողովրդական աղոթքներ», այդ գրքում էլ ահագին այսպիսի նյութ կա, եթե չես քրքրել խորհուրդ եմ տալիս 🙂
Գրքին ծանոթ եմ Արտ, նա հիմնականում հմայական աղոթքներն ու բանաձևերն են, խաղիկների հավաքածու Աբեղյանը ունի, բայց գիրքը դեռ չեմ ճարում: Սրանք տարբեր հոդվածներից ու անհատների հրապարակումներից արած ծաղկաքաղ է:
Իսկ կարելի՞ է իմանալ աղբյուրները.
Այդ մասին շատ է գրվել, ինձ թվաց` նոր աղբյուր եք հայտնաբերել: Բավականին հետաքրքիր նյութ պարունակում են ձեռագգիր աղբյուրները: Ասատուր Մնացականյանն ունի հրապարակումներ ամենավաղը 15-րդ դարի ձեռագիր աղբյուրներից, Աբեղյանից հետո էլ հսկայական նյութ կա կուտակված, իսկ Աբեղյանին հայտնի ամենավաղ ձեռագրերը եղել են 16-րդ դարից: