Ուրբաթ օրը` ապրիլի 12-ին, հյուրընկալվել էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ավագ դպրոցի աշակերտները Խոսքի մշակույթ դասընթացի շրջանակներում ընթերցել էին իմ հեղինակած բոլոր տեսակի տեքստերը` բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, անգամ ֆեյսբուքյան հանրագրեր և վերլուծություններ ու գրախոսություններ էին գրել, որոնք հրապարակել էին իրենց սեփական բլոգներում: Հրապարակումների համահավաքին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդիպման հրավերը ստանալու պահից ի վեր մի մեծ ոգևորություն է համակել ինձ, որն անշուշտ կապված չէ ոչ ուսումնասիրության նյութ լինլու մտքի հետ, ոչ անդրադարձների ու գրախոսությունների այդ առատության և նույնիսկ ոչ հետագայում նրանց որպես Կարեն Անտաշյանի ընթերցող ունենալու հեռանկարից:
Ոգևորությունս կրկնապատկվեց հանդիպումից հետո, երբ ի դեմս 15 տարեկան այդ երիտասարդների տեսա իրապես ուրիշ Հայաստան` զվարթ, ազատ, սովորող, ինքնագոհ, մեծամիտ, ժամանակակից, խելոք, մեծավարի մտահոգ – նոր Հայաստան: Ի բնե կյանքը, գենը, տեսակը նորոգվելու և ազնվանալու ներքին ճիգ ունի և միայն պետք է նպաստավոր հոգատարության միջավայր ստեղծել այդ ճիգը ապրեցնելու համար: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում այդ միջավայրը կայացել է ու շարունակում է նոր Հայաստան արտադրել ամեն օր: Մինչ մենք տվայտվում ենք մեր ինքնության որոնումներում, մինչ ընդդիմանում ենք քաղաքական ռեժիմի անկատարության դեմ ու քաղաքական ու քաղաքացիական բանաձևեր կազմում, մինչ մենք միավորվում ենք հանուն կամ բաժանվում` ընդդեմ, մինչ մենք ջանում ենք որսալ ժամանակի հոսքն ու լինել նրա կրողը կամ առնվազն` հետևորդը – հընթացս ծերանում ենք, մաշվում ենք ու անխուսափելիորեն սպառում մեր բաժին արևը, իսկ մինչ այդ կյանքը հաջողությամբ հաղթահարում է հերթական հասունացման տարիքի ճգնաժամն ու ենթադրվելու կամ կանխորոշվելու փոխարեն` ի կատար ածվում:
Շատ սիրեցի դպրոցի ներքին մթնոլորտը, որը գլխավոր հատկանիշը` ուրիշ լինելու ջանքն էր, ոչ թե համեմատության ու մրցակցության մեջ, այլ ինքնին` ուրիշ: Հաստատության տնօրեն տիար Բլեյանից մինչ մանկավարժներն ու ուսանողները ներշնչված էին այդ գաղափարով` ընթացքի ու կենցաղի մակարդակում:
Խոսքի մշակույթի իմ ընկալումներով ընդհանրապես ու պոետիկ խոսքի իմ պատկերացրած հատկանիշների մեկնաբանությամբ մասնավորապես, հուսով եմ կարողացա մի նոր շավիղ բացել երեխաների ճանաչողության ու ձևավորման այս պատասխանատու փուլում, որ հիմա նրանք հաղթահարում ու հաղթում են ամենօրյա համատեղ պարապմունքով – խաղին հավասարեցված, ազատությամբ ու զվարթությամբ ներծծված, բայց և արդյունավետ` աշխատանքով:
Հուսով եմ երիտասարդներին անձնապես ճանաչելու ու նրանց հետ մտերմանալու դեռ ուրիշ առիթներ կլինեն, որովհետև որքան էլ նրանք նույն ժամանակն են բերում, բայց այնքան տարբեր են ու ջոկ-ջոկ այնքան հետաքրքիր:
Լուսանկարները` Mskh.am