Արի գրկեմ, այսօր այն վաղը չէ մյուս օրն է

2013թ-ի հուլիսին հայ երիտասարդները դուրս եկան Երևանի փողոցներն ու անկոտրում և միասնական պայքարի միջոցով իշխանություններին ստիպեցին վերանայել հասարակական տրանսպորտի թանկացման իրենց որոշումը: (տեսաշարն ու մեկնաբանությունները հեղինակի)

1
Մաշտոցի պողոտայով մեկ այնպիսի հավես 100-ապետություն էր ծփում, այնպիսի ջահելական զվարթ թարմություն էր ծփում, որն ավելին էր քան զուտ սոցիալական ընդվզումը: Պաշտում եմ քեզ, երկրիս կենդանի արյուն: #գրողըձերցավըտանի

2
Առողջ, շահագրգիռ, կանխատեսելի հանրությունից զատ չափազանց շատ նախկինում անսեռ «գործիչներ» ու լրատվամիջոցներ են սկսել խառնվել «Տարոն մինուս 50» քաղաքացիական օպերացիային – արդեն գլուխ չեմ հանում ինչ է կատարվում: Խելոք տղաներ և աղջիկներ, էս ու՞ր էիք բա, չէիք երևում: Եթե սա կառավարվող գործընթաց է և ոչ անձնական pr-ի համար պոպուլիստական ինքնագործունեություն, ապա ո՞րն է նպատակը: #գրողըձերցավըտանի

3
«Տարոն մինուս 50» քաղաքացիական օպերացիա: #գրողըձերցավըտանի

4
Երիտասարդ հարյուրապետերն իրենց հերոսակախմբերով պաշարել են Երևանի պատմական կենտրոնը: Սիրուն է: #գրողըձերցավըտանի

5
Երեխեքին հեղափոխության ուղարկի` հետևներից գնա: Կամ գնում ես, որ ի՞նչ անես – քո ժամանակն անցավ, հիմա իրենց ժամանակն է ու իրենք կարծես թե լավ էլ տեր են կանգնում իրենց ժամանակին: #գրողըձերցավըտանի

6
Վաստակած հաղթանակի խմբակային կատարսիսը կախվածություն է առաջացնում, վախ, ի՜նչ կախվածություն – ահա և ջահելությունս իմացավ, որ իսկական թևեր ունի ու էլ սրանց վայրի վայր չես բերի. օրը գալու է` բարին հետը: #գրողըձերցավըտանի

7
Ես չգիտեմ այս նորածին շարժման հետ ինչ կլինի, ամենայն հավանակնությամբ ձևավոր/ձևական խմբակներն ու ինքնագործ յեղափոխականները կպառակտեն ու կմարեն այն, բայց միևնույնն է երկրի իմունային համակարգը հաղթանակած է մնում, որովհետև հետագայում այդ երեխեքից դուրս գալիք ուղևորները, վարորդները, գծատերերը, վարչության պետերն ու քաղաքապետերը հաստատ ավելի լավն են լինելու, որովհետև ձևավորման տարիքում նրանք ունեցան ուրիշ մասին հոգ տանելու վայելքը իբրև դաս և փորձառություն: #գրողըձերցավըտանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *