Նշանալույծ

*
Բոլոր արարածների մերան,
չընդհատվող Կենդանի՝
զվարթ Ջուր:

*
Մասն անկարող կլիներ ճանաչել ամբողջը,
թե հումքն ամենուր նույնական չլիներ –
այստեղ և այնտեղ, մեծում և փոքրում:

Այն կենդանի է
իմ աչքի տեսության և ունկի սրության չափով:

Չվախենամ հանկարծ,
չդողամ պահպանելու վրա –
ինչ որ կորչելու է՝ մեկ է կկորցնեմ,
ինչ որ գտնելու եմ՝ ինձ համար է պահված:

Դուռը բաց է ահա – ներս անցնեմ
նրբին ալիքների
և թաքուն նշանների էոլորտ:

*
Ահա տարածվում ես անուններով անհամրելի,
սածիլներով մատաղ ու սիրասուն,
որ ամեն խոպան վայրի տուն են ասում
և առմիշտ դարձնում Քոնը:

*
Արարածնե՛րս,
դառնալով այն, ինչ ուտում ենք,
հնչում ենք Քեզ – կենաց երգեհոնը
մեզ ընծայված գույների շռայլությամբ
և օրեցօր նորոգելով՝
Քեզ փրկում ձևերի պատմությունից:

*
Արարածներս՝ սպառվում ենք
մեզ համար կուտակելով իրեր
և ինքնության հիշողություն,
որն անցյալ է այլևս:
Մեր ուղին անդառնալի է և ընդհատ…
Քո ցնծության առջև
խորունկ է մեր տխրությունը:

*
Ծաղկելու Քո հրաշքն ավելի կարևոր է,
քան ես և իմ պատմությունը,
քան լեզվիս սողանքներում ծվարած
հրեշտակների ոսկորներն ու վարպետների ոսկին:
Կյանքի առկայությունը զվարթությունն է միշտ,
անհագ պատճենումների և մոտավոր կրկնությունների
շարահյուսումն անայլընտրանք:

*

Արդ ճանաչեցի Ջրի ճամփան, և այն,
որ սկզբում տալն է, հետո վերցնելը,
որ հոսելն է վայելքը և ոչ հասնելը,
որ լցվելուն հաջորդում է սպառվելը,
և կենդանի լինելուց զատ
լինելու ուրիշ կերպ չկա:

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *