Առավոտ. Այլևս կոտրված է հանրային այն կարծրատիպը, որ չունենք ժամանակակից հայ գրականություն

 2013 գրական տարին«Անտարես» հրատարակչությունը շարունակում է ակտիվորեն հրատարակել և տարածել ժամանակակից գրականություն: «Տարվա սկզբին կարողացանք Երևանում գրքի հերթ գոյացնել: Ընդամենը երկու ժամվա ընթացքում Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» վաճառվեց 225 օրինակով: Անկախության շրջանում դա աննախադեպ իրողություն էր»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Արքմենիկ Նիկողոսյանն իր խոսքում կարևորեց նաև թարգմանական գրականության ուղղությամբ տարվող մեծ աշխատանքները և դրանց զուգահեռ՝ հեղինակային իրավունքի ձեռքբերումը: «Երկու տարի առաջ ձեռք բերեցինք Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հեղինակային իրավունքները և Հայաստանում տպագրեցինք այն: Առաջիկայում բնագրից կթարգմանվի և կտպագրվի Պ. Կոելիոյի «Ալքիմիկոսը», որի հեղինակային իրավունքներն արդեն ձեռք ենք բերել»,- ասաց գրականագետը: Ամփոփելով տարին՝ Ա. Նիկողոսյանն ասաց, որ «Անտարես» հրատարակչության հրատարակած գրքերից ողջ տարվա ընթացքում ամենավաճառվողները եղել են «Արգելված գրքեր» մատենաշարով լույս տեսած Հ. Միլերի «Խեցգետնի արևադարձը», Ջ. Օրուելի «1984» և Է. Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպերը: «Այս մատենաշարը համալրվել է ևս երկու՝ Ջ. Օրուելի «Անասնաֆերմա» և Կ. Լըմոնյեի «Տղամարդու սերը» գրքերով»,- ասաց գրականագետը և հավելեց, որ ընթացքի մեջ են Օ. Փամուկի «Իմ անունը Կարմիր է» վեպի խմբագրական աշխատանքները, որով Հայաստանում սկիզբ կդրվի նոր մատենաշարի («Նոբելյան մրցանակակիրներ»): «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ խոսեց «Հ1» հեռուստաընկերության հետ իրենց համագործակցության մասին. «Ցավոք, այսօր Հայաստանում, որպես ընթերցման հիմնական լեզու, շարունակում է մնալ ռուսերենը, և քանի որ գրեթե բոլոր հայաստանցիները հասկանում են բանավոր հայերենը, «Հ1»-ի հետ նախաձեռնել ենք աուդիոգրքերի հրատարակում»: Արմեն Մարտիրոսյանն այս անգամ էլ անդրադարձավ գրախանութներին պարտադրվող ՀԴՄ սարքերին՝ մատնանշելով այն վտանգը, որ սպառնում է փոքր և հատկապես մարզային գրախանութներին. «Շատ գրախանութներ կփակվեն, որովհետև այդ ՀԴՄ-ների գինը համեմատելի է նրանց տարեկան շահույթի հետ: Ստացվում է, որ այդ գրախանութներն աշխատում են՝ ունենալով միայն մեկ նպատակ, այն է՝ ձեռք բերել ՀԴՄ սարքեր,- ասում է Ա. Մարտիրոսյանը:- Փաստորեն, մեր իշխանություններն այսօր իրենց ՀԴՄ-ներով «ծեծում են» մեզ: Գուցե կոպիտ հնչի, բայց ես կարծում եմ, որ սա այն մարդիկ են անում, որոնց հայրերը գիրք չեն սիրել ու կարողացել են դա փոխանցել իրենց զավակներին»: «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ, անդրադառնալով գրական դաշտի զարգացումներին, տարվա թերևս ամենակարևոր իրադարձությունը համարեց «Պոեզիայի միջազգային փառատոնը». «Իրենց երկրում հեղինակություն վայելող բազմաթիվ գրողներ եկան Հայաստան, և մենք հնարավորություն ունեցանք նրանց ներկայացնելու հայ գրականությունը, ակտիվ կապեր ստեղծելու նրանց հետ»,- ասում է բանաստեղծը: Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը շատ արդյունավետ է և արդեն տալիս է իր պտուղները՝ փոխադարձ թարգմանություններով գրականության տարածման, փորձի փոխանակման, նրանց մեզ մոտ ներկայացնելու և մեզ այդ երկրներում ներկայացնելու առումով: Կ. Անտաշյանը վերջին երեք տարիների մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ համարեց այն, որ այլևս կոտրված է հանրային այն կարծրատիպը, որ չունենք ժամանակակից հայ գրականություն: Նրա խոսքով՝ դրան նպաստող հանգամանքներից մեկն էլ այն է, որ հենց թեկուզ միայն առցանց «Գրանիշում» ժամանակակից 120 հեղինակներ կան ներկայացված, որոնց գործերին ազատ կարող են ծանոթանալ բոլորը: Որպես գրական դաշտի ձախողում կամ դրա վրա բացասական ազդեցություն՝ Կ. Անտաշյանը մատնանշեց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահական վերջին երկու ընտրությունների շուրջ ստեղծված աղմուկը. «Հանրային ընկալման մեջ ՀԳՄ-ն շարունակում է մնալ այն դոմինանտ կառույցը, որը պետք է զբաղվի գրական դաշտի կազմակերպմամբ, բայց, ցավոք, միայն ու միայն բացասական, նույնիսկ հեգնական անդրադարձներ են լինում այդ կառույցին, ինչը շատ վատ է անդրադառնում ինչպես ՀԳՄ անդամ, այնպես էլ ոչ անդամ գրողների վրա»,- ասաց բանաստեղծը: Նա իր խոսքում նշեց նաև, որ այս տարի մշակութային լրագրողները բավականին ակտիվ կերպով լուսաբանել են գրքին, գրականությանն առնչվող թեմաներ: «Սակայն եղել են նաև բազմաթիվ քննարկումներ՝ «Ինչո՞ւ չեն կարդում» ընդհանրական ձևակերպմամբ, որոնք, իհարկե, հակադարձում են մեր այն պնդմանը, թե ԶԼՄ-ները չեն անդրադառնում գրականությանը (այդպիսով նրանք փորձում են փակել մեր բերանը), բայց պետք է ասեմ, որ մեկ գրական հաղորդումը, որն անդրադառնում է բուն գրականությանը, շատ ավելին կարող է անել գրականության հանրայնացման գործում, քան հարյուրավոր քննարկումները, թե ինչո՞ւ չեն կարդում: Դրանք ոչ ընթերցող են ավելացնում, ոչ էլ, ըստ էության, որևէ լուծում են առաջարկում»,- համոզված է բանաստեղծը: «Գրանիշ» գրական ակումբի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանն էլ անդրադարձավ վերջերս մեկնարկած առցանց նախագծին՝ Granish.com-ին, որը, նրա խոսքով, միտված է հատկապես ժամանակակից հայ գրականությունը թարգմանական հարթակներում ներկայացնելուն: «Կայքում ներկայացվում են հայ գրողների՝ անգլերեն թարգմանված ստեղծագործությունները և անգլագիր հայ գրողների գործերը: Սա շատ սպասված ու հեռանկարային ծրագիր է՝ մեր գրականությունը թարգմանաբար դրսում ներկայացնելու համար, որովհետև մենք դրա պակասը տարիներ շարունակ ունեցել ենք»,- ասաց գրականագետը: Բանախոսները նկատեցին, որ վերջին մեկ-երկու տարում շատ ԶԼՄ-ներ հաճախակի են անդրադառնում գրականությանը: Եվ այդ առթիվ, «Անտարես» հրատարակչության կողմից մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաև «Առավոտ» օրաթերթը, պարգևատրվեցին «Գրքի ընկեր» շնորհակալագրերով և նույն հրատարակչության կողմից տպագրված գրքերով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *