Ոգեշնչումը քեզնից՝ քո մտքից ու նրա ընկալման հաճախականություններից դուրս գոյություն ունեցողի ներհոսքն է անկանխատեսելի ու անկառավարելի հանգամանքներում: Էներգիայի գոյավորման այլ ֆորմատներ կան, որ քեզնից ներս՝ քո աղքատիկ զգայարաններով ու լեզվակերպմամբ ապակոդավորման արդյունքում մերթ մանյակալ թեթևսոլիկ ցնծության են հանգում, մերթ դեպրեսիվ, հուսահատ, անասելի դառնությամբ առլեցուն տխրության, մերթ սարեր շուռ տալու են դրդում, մերթ՝ ոչնչապաշտական լոքշության:
Չես հասկանում՝ սա հասցեական հաղորդագրություն է, որի վերծանման համար իբրև ընտրյալ պիտի նոր լեզու ստեղծես, թե ուղղակի պատահականորեն քեզ հասած ուրիշ աշխարհների տարածաժամանակային անմեկնելի արտահոսք է, որ քեզ ցմահ շփոթության պիտի դատապարտի:
Ինչ-որ բան քեզ իր ահռելի շնչառության մասնակիցն է դարձրել ի հեճուկս քո հետամնաց ու դատապարտված դանդալոշության, ու չգիտես սա քեզ շնորհված փրկության ճեղք է, թե անմնացորդ ստորացնելու միջոց: Մտքումդ բուն դրած արտաշխարհիկ այս վարակը, որ ոգուդ շունչ է տալիս՝ քո մարմնից ծնվելիք խառնածին այլ մարմին է տենչում դառնալ: Այն բացառապես գոյանում է քեզնից խլված կենսական էներգիայի հաշվին և դու դեմ չես, ավելին… գոյությունդ իմաստավորելու և երջանկության այլ կերպ ուղղակի չես պատկերացնում:
«Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն»