*
Մատղաշ կաղնու արմատներն ու շեվերը էտելով՝
իբր թե իմ գլխով անցածն եմ պատմում,
ասում եմ, որ չարժե հուսահատվել ու չորանալ շտապ,
որ ինքն անպայման կհասնի իր նախանշված ուղուն ու լիությանը –
այս մի պուտ սկուտեղում անգամ, այս մի բուռ քարահողի մեջ,
նա կապրի ամբողջական ու երջանիկ, վայելելով իր միակությունը,
երբ մոռանա, որ անտառածին հսկա է, ստեղծված ճանկելու
չկամ ժայռերի սակավ հյութը հանց դարերի իմաստություն,
ծնված՝ տեսնվելու բոլորակ հեռուներից և երևելին լինելու,
շանթարգելը՝ հորիզոնից հորիզոն լցվող տարածության:
Ասում եմ, հանդարտվիր, դու քեզ չես կարող կորցնել,
քո ինքնությունն ու դու ահա այստեղ եք և դու կաղնի ես,
մոռացիր գերազանցելու և հաղթելու այդ ճիգը,
որ ստիպում է քեզ հսկայանալ: Աճելու համար
դու՝ ինքդ լինելուց զատ ուրիշ ոչ մի ջանք հարկավոր չէ…
բայց մտքումս մի տեսակ կարկամում եմ, ախր,
կարող էի նոր վեպիս շնորհանդեսին լինել Փարիզներում մի տե,
մինչդեռ ինչ-որ անկապ բոնսայ եմ աճեցնում…
… սփրթնած արթնանում եմ մաղձավանջից՝ ու հրճվում,
որ էդտեսակ բաներին լրջորեն հավատալու չափ
դեռ չի կտտցրել: