*
Ահա շահեցիր այս դարավանդն արյան գնով
ու թանձր պարիսպներ հիմնեցիր քո հողի շուրջը,
ջլատեցիր նրա խոպան մարմինը կուռ,
հազարամյա արմատներից ու քարարից զատեցիր
սևը, կանաչը, կարմիրը, դեղինը՝ կապույտից:
Ձևեցիր ամենայնի ընթցքը խիստ գծերով,
հաշվարկված ծավալներն ու հեռանկարները
շարեցիր իրար համեմատ ու իրար դեմ
այնպես, որ ամեն ինչ քեզնից ելնելու նման լինի
ու քեզ վերադառնալու խոնարհություն ունենա:
Սահմանեցիր, հսկեցիր, վերահսկեցիր, շտկեցիր
մինչև վայելք դառնա կատարումը քո կամքի:
Վերջը, խաղաղվեցիր հաղթած լինելու պես,
սովորեցիր վեհորեն զուսպ շնչել, հետո շնչել ուղղակի:
Մի օր էլ մեջքացավից կզած նստեցիր հողիդ թաց խոտերին
երկնքի սառնասիրտ մերկության դեմ,
աստղերի սառնասիրտ պաղության տակ այդ գիշերը
զսպեցիր հևոցի նմանող շունչդ,
որ մեկ է, պարտություն էր մատնում
ու անհաշտ եղար քո լռության հետ:
Ահա քամին մի քանի տերև թռցրեց խոնարհ այգուցդ,
տարին նրբորեն մազափնջեր տարավ
գլխիդ տքնող հատվածից,
անձրևները քնքշորեն լիզեցին պարիսպներիդ որձաքարը,
մաշեցին նրբորեն ու օրերի աչքից աննկատ,
մոլախոտերը բերրի մարգերիդ միջով զգույշ մոտեցան քեզ,
ինչպես վարժեցնողն իր վագրին է մոտենում,
ստիպելուց ճաքճքած ձեռքերիդ կոշտուկներում
մեկիկ-մեկիկ քարաքոսեր բնադրեցին վայրի աշխարհի գույն
ու դու էլ չընդդիմացար –
չէ՞ որ լեռան խառնարանում այն ծաղկած քարն էլ
ի վերջո մի օր սիրել է իր թուլությունն ու իր պարտությունը,
զարհուրելի գեղեցկութունն իր անտեր լինելու:
Եվ ահա օձերն անշտապ սողում են որովայնիդ,
փաթաթուկներն ազդրերիդ բաղեղներ են հյուսում,
մոծակները ծծում են արյանդ վերջին թանձրը,
ու դու ժպտում ես, կռահած,
որ ոչ մի իմաստ չկա ընդդիմանալու,
արարումների ու ավիրումների այս անողոք հորձանքին
դիմադրելու ոչ մի իմաստ չկա.
ինքդ քեզ
կրելու
ոչ մի իմաստ չկա ախր: