neonews.am | Անահիտ Ղազարյան
– Միֆը կոլեկտիվ երազատեսության նման մի բան է: Արդյոք ինտերնետը ժամանակակից աշխարհի միֆերից չէ՞:
Ինտերնետը խմբակային գիտակցության արտահայտման ամենակատարյալ մոդելն է, որ երբևէ ստեղծել է մարդկությունը: Վիրտուալ տարածքում ձևավորվող ու թափառող տեղեկատվական «փուչիկները» հենց միֆի ժամանակակից օրգանիզմներն են ինտերնետում: Միակ տարբերությունը միֆի նախաստեղծ և ժամանակակից ձևերի միջև այդ ինֆորմացիոն «փուչիկների» ստեղծման և կառավարման տեխնոլոգիաների ու դրանց նպատակների մեջ է: Սակայն, ինչպես երազատեսությունը մարդկային ուղեղի համար, այնպես էլ միֆի ֆենոմենը քաղաքակրթության համար, բնական անհրաժեշտություն հանդիսացող գործընթաց է:
– Որքանո՞վ են արդյունավետ գրական քննարկումները համացանցում: Հնարավո՞ր է լուրջ գրական բանավեճ ծավալել: Ավելի անպատասխանատու, և, հետևաբար, ավելի անլուրջ չէ՞ ինտերնետում գրական նյութի քննարկումը` անկախ քննարկողներից:
Ինտերնետը հանրային հաղորդակցության նոր միջավայր է ու հաշվի առնելով այդ հաղորդակցությանը մասնակցել ցանկացողների մեծ թիվը` առավել արդյունավետ, քան ֆիզիկական փոխներկայություն պահանջող հաղորդակցությունը: Միակ խնդիրը քննարկման ավանդույթի ու կանոնակարգվածության բացակայությունը կամ, գրեթե, բացակայությունն է: Եթե ինտերնետային քննարկման դրված գործի մասնակիցները որևէ կերպ չեն սահմանափակվում, և ցանկացած ինտերնետ օգտագործող կարող է մասնակցել, ապա քննարկման արդյունքն էլ կլինի համապատասխանաբար նույնատիպ: Այսպիսի բաց քննարկումներն ավելի շատ ոչ թե կարծիքներ հավաքագրելու, այլ քննարկվող նյութի մասսայականացումն ապահովող տեխնոլոգիա են: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նաև կազմակերպելու փակ, մասնագիտական ընթերցումներ ու քննարկումներ, որոնց նպատակն, իրոք, ստեղծագործության կամ գրքի մասնագիտական արժեվորում ստանալն է: Այս երկուսի ոսկե միջինը ուղղակի իրական ադմինով կայքերն են, որտեղ որոշակի կանոններով մեկնաբանությունները ֆիլտրվում են` բացառելով, օրինակ, անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանություններ:
– Ցանցային գրականությունը փոխում է գրողի ու ընթերցողի հոգեբանությունը: Գրականությունը այլ կերպ է ընկալվում համացանցում: Արդյոք չկա՞ վտանգ, որ ինտերնետը կդառնա պատճառ` գրողի` գրական ավանդների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման կամ նույնիսկ օտարման:
Ինտերնետը փոխում է այն գրողների ու ընթերցողների հոգեբանությունը, որոնք նոր են անցում կատարում թղթային կրիչից էլեկտրոնայինին, սակայն նոր սերունդը, որ ստեղնաշարից օգտվել ավելի շուտ է սովորում, քան ձեռքով գրել և ինտերնետը համարում է մի բան, որը բոլորովին ուրիշ ու նոր աշխարհընկալում ունի: Կոնկրետ իմ ու իմ շատ սերնդակիցների համար դժվար է դիմանալ գիրքը որպես իր ունենալու գայթակղությանը, բայց ապագան գրականության և ընդհանրապես տեղեկատվության թվային կրիչներինն է, և մենք չենք կարող խուսափել այդ գործընթացից: Հանրային գիտակցության իրական բեկում այս առումով կլինի, երբ կրթական համակարգն անցում կատարի դեպի թվային տեխնոլոգիաներ:
Իսկ ինչ վերաբերում է գրական ավանդների վերանայմանն ու դրանցից օտարմանը, ապա ցանկացած զարգացում ու ցանկացած նոր շրջափուլ միշտ էլ սկսվում է հենց հնի կամ ավանդականի վերանայումից ու օտարումից: