«Սոցցանցի լրահոսում կապ չունի քո ով լինելը, բոլորն էլ այդ բազմաբղետ բզզոցի սպառողներն ու հեղինակներն են․ ես էլ իբրև բանաստեղծ, առաջարկի իմ տեսակի գոյացնողն եմ, եւ վարձքս այն է, ինչ բոլորինը՝ լայք, սրտիկ, մեկնաբանություն»
Այսօր, երբ սոցցանցի լրահոս թերթելը կենցաղային անվերապահ արարողակարգի՝ ատամներ մաքրելու, սրճելու, լոգանք ընդունելու պես մի բան է, գրողը երկակի վիճակում է. նա կամ խաղում է ցանցի կանոններով՝ օպերատիվ ու վաղանցիկ լրահոսի դաշտում, կամ հին ձևերով ներփակվում է ու պատրաստվում ավելի հմուտ ընթերցողի ուշադրությունը որսալուն:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ցանցածին տեքստային միջավայրը համարում է հրաշալի մի բան:
«Ցանցում ամեն ինչ արագ տարրալուծվում է՝ մոռացվելով ավելի արդիականի հետևում կամ կտրվելով ու հեռանալով իր հեղինակից ու ստեղծման համատեքստից։ Այդ հպանցիկության փեթակի մեջ հայտնվելը հետաքրքիր փորձառություն է: Իմ ստեղծագործական մեթոդը գիտակցված անտաշությունն է: Անտաշությունը հավաստիության պատրանք է ստեղծում»,- ասում է նա:
Գրողից խլվեց տեքստ գրելու մենաշնորհը ու սկսեցին գրել բոլորը: Դա օգնու՞մ է շփմանը, թե՞ ընդհակառաը:
Տարբեր ժամանակներում միայն արտոնյալ դասի հասանելության տիրույթում են եղել ասենք՝ զուգարանակոնքը, ավտոմեքենան, հեռախոսը, հետո անլար հեռախոսը, ինտերնետը: Բայց գնալով ավելի ու ավելի շատ բաներ են դառնում հասանելի ավելի մեծ թվով մարդկան, այդ թվում նաև արտահայտվելու, խոսելու, կարծիք հայտնելու հնարավորությունը: Ինտերնետը ստեղծեց գլոբալ հիշողություն կուտակելու և դրանից սնվելու անհատական հնարավորությունը: Ցանկացած չափահաս մարդ գրեթե առանց խոչընդոտների տարբեր թեմատիկ հարթակներում, միայն անձնական տվյալներ լրացնելով և իր ինքնությունը բնորոշող առկա սիմվոլիկայի ընտրությամբ կարող է ստեղծել այնքան կանխամտածված ու իրեն հարմարեցված միկրոմիջավայր, որ իրեն շատ հեշտությամբ կթվա, որ ինքն իրեն իբրև առանձնյակ վերարտադրեց վիրտուալ իրականության մեջ և դարձավ բոլոր հոսքերի հատման կենտրոնը և ճանաչողության բոլոր ճանապարհների մեկնակետը:
Կարծում եմ մարդկային քաղաքակրթությունն այսպիսի բարձրունքների հասել է, քանի որ զարգացրել է հաղորդակցվելու և համագործակցելու, կուտակված փորձառությունը կիսելու կարողությունը: Իսկ ցանցում այս գործընթացը աննկարագրելի արտադրողականության է հասել, մարդիկ ավելի ու ավելի արագ են կարծիքներ ու գաղափարներ կիսում, միավորվում և գործում միասին՝ կուտակելով գլոբալ հիշողություն և փարձառություն: Սրա նոր փուլը՝ կուտակված այսպես կոչված բիգ դատայի վրա կիրառվող մեքենայական ուսուցումն է, որը համատեղ կուտակված այդ տվյալներից նոր լուծումներ ու արդյունք է գոյացնում:
Այս ամենի արդյունքում բանաստեղծը բարեբախտաբար ստիպված է իր գրելու փաստի ու արտոնության դարեր ի վեր գոյացած միֆերի փլվածքներից արտագաղթել գոյաբանական ավելի նուրբ տեղեր։ Սա հետաքրքիր մարտահրավեր է։
Մարդը արթանանում է, սուրճ է խմում ու անպայման մտնում է Ֆեյսբուք, տեսնելու, թե ինչ կա-չկա: Ու զգում է, որ միայնակ չէ:
Բոլորս այդ կախվածության զոհերն ենք և սոցցանցերում թափառելու մեր իրավունքը իրացնում ենք գործի գնալու պատասխանատվությամբ: Սովորույթի անհաղթահարելի ուժով թերթում ենք լրահոսը անկախ այն բանից, թե պատասխանատվության ինչ աստիճանի պաշտոնյա ենք, կամ պարապության ինչ մակարդակի շարքային:
Սոցցանցը կյանքի սիմուլյացիա է, որը շատ ավելի հեշտ է ապրել: Այնպես, ինչպես շաքարն է սննդի սիմուլյացիա: Քանի որ մեր ուղեղը շաքարով է աշխատում, այն փորձում է շրջանցել դրա նախորդող ձևերը, որ պետք է տրոհել, մարսել, նոր լիցքավորվել դրանով: Նույնն էլ ֆեյսբուքի լրահոսն է, այն տալիս է մեզ արագ մարսվող կենսական էներգիա, բայց այն ոչ թե կյանքն է, այլ կյանքի խաբկանքը՝ ուրախանալու, տխրելու, ներգրավված լինելու, ինչ-որ բանի մասնակիցը լինելու անհավանական հասանելիությունը:
Եվ կարծես թե իրականից՝ վերացական կյանք գաղթելու մարդկության ընթացքն այլևս անդառնալիէ:
Աղմուկի մեջ կորչում է լավ տեքստը: Ժամանակի հետ այն նույնպես դառնում է զանգվածային օնլայն բազմաձայնության լեգիտիմացնողը, անգամ իբրև դրա թրոլինգ։
Այդ բազմաձայնությունը, թեպետ վերարտադրություն է, բայց՝ մեր իրականում գոյություն ունեցող կյանքի նմանությամբ։
Ցանցը, լինելով մեծ թվով մարդկանց խմբվելու վայր, նախ և առաջ դառնում է շուկա:
Ըստ էության, սա ինչ-որ բան ծախող ու ինչ-որ բան գնողներ միջավայրն է՝ իր ինքնաբավ նշանային համակարգով, իր լեզվով, իր բաղադրիչ աղյուսիկներով՝ իր թվային իքնություններով ու պատմություններով, իր ենթամշակույթով ու համայնքներով, խրախուսման ու պատժման իր միջոցներով, իր չգրված և արդեն ավելի ու ավելի շատ գրվող կանոններով, իսկական ու ֆեյք լուրերով, վերլուծություններով, ճշմարտությունը բացահայտելու հավակնություններով, հասցեավորված գովազդով, արդեն իր սեփական կրիպտոարժույթվ և այլն:
Շուկան շատ սիրուն վերարտադրվում է ցանցի կոնցեպտի մեջ. մեկը ծախում է քաղաքական գաղափարներ, մյուսը՝ յոգուրտ, երրորդը՝ իր տեքստը: Եվ եթե ցանց ես մտնում իբրև տեքստի հեղինակ, ստիպված մտնում ես այդ հարաբերությունների մեջ և շահում այն, ինչ բոլորը՝ լայք, սրտիկ կամ մեկնաբանություն:
Ի վերջո, դա է հիմա ունիվերսալ գնահատման միջոցը:
Նաև վերացել է այսպես կոչված «մեծական» հեղինակավոր խոսքը: Կարևոր է նա, ով ունի շատ հետևորդներ, ոչ թե նա, ով ունի պետական մրցանակներ, ինչ-որ անցած էպոխաներում մեծ վաստակ, կենսափորձ կամ անգամ տաղանդ:
Ժամանակակից մարդու համար իրական իրականության և ցանցային իրականության մեջ իբրև հաճախ իրարից
կտրուկ տարբերվող ինքնություններ գոյութուն ունենալու կարողությունը, այդ երկուսն իրար հետ ներդաշնակելու կարողությունը դարձել է կենսական հմտություն։ Մենք ասես ցամաքային դելֆին լինենք, որ դեպի ջրային կաթնասուն դառնալու իր կես ճանապարհին է։
Մյուս կողմից ցանցը միլիարդավոր մարդկանց կյանքը կազմակերպելու (մանավանդ, խոշոր մեգապոլիսներում) շատ լուրջ լոգիստիկ գործիք է: Այդ մարդկանց պետք է կապել, տանել-բերել, տեղաշարժել, կերակրել, զբաղեցնել: Օնլայնում դա անելը տնտեսում է ահռելի մեծ ռեսուրս՝ վառելիք, ժամանակ, ջանք: Հարցեր լուծելու, միասին աշխատելու, անձնական հարաբերությունների սկսկելու համար այլևս պարտադիր չէ ֆիզիակական հանդիպումը, դա դառնում է իրականության սոսկ լրացուցիչ չափում:
Ինձ թվում է, դրսում ավելի շատ ու ինտենսիվ օնլայնում հավաքվում ու միավորվում են մասնագիտական համայնքները, իսկ Հայաստանում լրահոսն ավելի բազմաբղետ է:
Հայկական Ֆեյսբուքի լրահոսն, օրինակ, նման է գյուղամեջի, որտեղ կան բոլորը․ և՛ արևածաղիկ վաճառողը, և՛ քաղաքական գործիչը, և՛ անգամ այդ ամենի դեմ ընդվզողը։
Նախկինում օրինակ իշխանության պատվանդանը հեռու էր մեզանից (թվում էր, մենք- մերոնցով ենք ֆեյսբուքում), հիմա արդեն իշխանությունն էլ իջավ իր պատվանդանից ու իրոք լրահոսում հայտնվեցինք մենք մերոնցով: Կարծես, մի տուն մարդ ենք, բոլորս իրար գիտենք, իրարից ակնկալելու և իրար ասելու բան ունենք ու բոլորի ձայնի լսելի լինելու պատրանքը կա։
Լրատվամիջոցները դառնում են երկրորդական տեղեկություն տարածողներ, ուշանում են: Դա կարծես անշրջելի է: Իսկ գրողի համար չուշանալը կարևո՞ր է:
Լրատվականները կարծես խորը գոյաբանական ճգնաժամ են ապրում, քանի որ հիմա ամեն մարդ իր սոցցանցի էջով արդեն իսկ օպերատիվ լրատվության աղբյուր է:
Կան անձինք, որոնք հազարավոր ընթերոցղներ ունեն ցանցում, մինչ շատ լրատվականների լսարանը դրա կեսի կեսն էլ չկա: Հիմա ո՞վ է կարևոր աղբյուրը:
Ասողի և լսողի հարաբերությունները վերանայվում են: Երկրի առաջին դեմքը համ քյալլա է ուտում, համ նույն պահին խոսում է իր ընտրողների հետ ու զուգահեռ հետադարձ կամ ստանում։ Բարդ սոցիոլոգիական հետազոտությունների կարիք չկա, լայքերի, սրտիկների, հահաների ու ջղային զմայլիկների քանակը հերիք է հասկանալու համար։ Այս հեշտության գայթակղությունը տանում է նրան, որ քաղաքականությունը դառնում է ոչ թե մարդկանց կյանքը փոխելուն, համընդհանուր բարեկեցությանը ծառայող գործիք, այլ դառնում է ռեալիթի շոու, իսկ ընտրողները՝ հանդիսատես, որոնք կամ լավ ժամանակ են անց կացնում, կամ ձանձրանում են։ Երկորրդն ամենավատն է լայվապետության համար, միշտ ծամելու թեմա է պետք մեյդան գցել։ Մենք պատասխանատու ենք նրանք առաջ ում դարձրել ենք մեր ֆոլոերը։
Այսպիսով մեր ձանձրույթը, պարապությունը, շփման ու ժամանցի կարիքը, ինքնահաստատման ու համայնքի մաս լինելու ներքին պահանջմունքը գումարվում են իրար ու ցանցը սկսում ենք ընկալել իբրև կյանք, այլ ոչ թե իբրև կյանքը կազմակերպելու գործիք:
Ես էլ հաճախ բանաստեղծություն եմ գրում ոչ թե առանձին կրիչի վրա, ինչ-որ տեղ տպագրելու համար, այլ միանգամից ֆեյսբուքի հարցմանն ի պատասխան՝ Կարեն, ի՞նչ կա մտքիդ՝ հենց այդ դաշտում, որպես ստատուս գրում եմ ինչ կա մտքիս և սրտումս:
Վերանայվում է նաև բանաստեղծության վերամբարձ հիգիենան: Այսինքն, այն նախապաշարումը, որ գրելուց առաջ բանաստեղծին այցելում են մուսաները, բացվում են երկնքի դարպասները ու նա երկնում է իր տեքստը, հետո այն ընթերցողին է հասնում միայն խմբագրվելուց, սրբագրվելուց, տպագրվելուց ու գրախոսվելուց հետո՝ չիք։
Հիմա պոետը ուղիղ անլար պորտալով կպած է այդ գյուղամեջին: Գրում է տեքստն ու միանգամից մտնում քննարկման մեջ՝ լայքերով, վեճերով, շեյրերով և այլն:
Արձագանքը, հետադարձ կապը վայրկյանների հարց է: Եվ դրանից փոխվում է նաև տեքստի բնույթը: Եթե նախկինում ավելի շատ ժամանակ ունեիր ու հակված էիր խոսել մեծ բաներից, հիմա գիտես, որ այսօրվա խոսակցությունը առնվազն մի քանի օր հետո այլևս արդիական չի լինի: Իսկ դու ուզում ես լինել արդիական ու առնվազն ոչ ձանձրալի, խոսել այն բանի մասին, ինչը հիմա մարդկանց ուշադրության ծիրում է և սկսում ես շաքարաքլոր ձուլել։
Ցանցը սովորեցրել է, որ կարևորը փոխարինվում է թարմով: Հետո ավելի թարմով: Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, եթե ուզում ես, որ բանաստեղծությունը/տեքստը թե՛ թարմ, թե՛ մնայուն լինի:
Իբրև հաղորդակցության գերակտիվ միջավայր ցանցում ամեն օր նոր իմաստ է ծնվում ու քանի որ հին բառերն ու նշանային համակարգեը չեն հերիքում, ծնվում են նոր ֆենոմենի վիզուալիզացիան՝ մեմերը։ Ցանցում ամեն օր, ամեն մի այսպես կոչված սռաչի հետ նոր բանահյուսական հիշողություն է ստեղծվում ու փոխվում ընդհանուր համատեքստն ու խմբային հիշողությունը։ Ես փորձում եմ որսալ այդ ազդակները, հաղորդակից լինել դրանց, այդ ամենը տեքստի վերածելու համար, քանի որ իրականության ավելի կատարյալ սիմուլյացիայի համակարգ քան տեքստն է, մարդկությունը դեռ չի ստեղծել։ Ինձ համար ցանցը ոչ միայն ձկնորսության տեղ է, այլ նախ և առաջ բանահյուսական հումուսով հարուստ խոպան հող, որից սնվում եմ։
Ինչպես ֆունդամենտալ գիտության ածանցյալ արդյունքը տեխնոլոգիայի զարգացումն է, այնպես էլ բանաստեղծի հոգևոր տքնանքների ու չտեսնվածը խոսելու ջանքից նոր լեզու է ստեղծվում:
Հետաքրքիր է, որ նոր ու երիտասարդ քաղաքական գործիչների խոսքը այնպիսին է, կարծես շարունակվում է սովետական ճառերի ավանդույթը, քաղաքական ավելի բարձր մշակույթ էլի չի՞ կայանում։
Ցանցը դարձել է նաև հանրային հիշողության որոշակի պահեստ, որտեղ արդեն իսկ կան քննարկված, մարսված թեմաներ, քննադատված ոճեր,
ու արժեհամակարգեր: Այս ամենի արդյունքում, այնտեղ խմորվում է առաջադիմությունը, որը հետո դուրս է հորդում ու վերարտադրվում կարծրատիպային իրականության մեջ:
Այսպիսով, կան ավագ սերնդի քաղաքական գործիչներ, որոնք ցանցում միշտ ընկալվում են նույն տոնայնությամբ, նույն ամպլուայով, նույն կանոնիկ հումորներով ու քննադատությամբ, ցանցում մի տեսակ արդեն չքննարկվող ճշմարտություն-մեմեր կան, օրինակ, որ Սերժ Սարգսյանը գաղջ է, Գալուստ Սահակյանը անհեթեթ, Արտաշես Գեղամյանը ծախված է, Գագիկ Ծառուկյանը ցանկացած անհասկանալի իրավիճակում նիվա կնվիրի, որ Դաշնակցությունը կողմ լինելով դեմ է, որ Քոչարյանը պիցցա է բաժանում իր հետևորդներին, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է մեր բոլորի առաջ և որոշներին փռում ասֆալտին և այլն։ Նորաթուխ քաղաքական գործիչների մեջ դեռ այդքան վառ արտահայտված վարքագծի տիպականացում չկա կարծես։
Իրականությունը հաճախ դառնում է ցանցային ծամոն, իսկ հակառակը արդյո՞ք տեղի ունի։
Հիմնարար ճշմարտություն է, որ մարդը սոցիալական կենդանի է: Ինքներս մեզ ինքնաբավ և կայացած անհատականություններ համարելով անգամ՝ առանց համայնքի մենք պարզապես չենք կարող գոյություն ունենալ: Մենք շփվող, համագործակցող, տվող-վերցնող, նմանակող էակներ ենք:
Եթե մարդը տեսավ, որ կա ընդհանուր դոմինանտ խմբային վարք, անկախ իր բարոյականությունից ու կրած մշակույթից՝ կսկսի նմանակել: Մեր մտքերի, գործողությունների մեծ մասը հենց նմանակումն է, հիմնականում մեր համայնքի:
Անգամ կա տեսություն, որ եթե նույնիսկ համայնքի բոլոր անդամները անհատապես գիտեն, որ այս տեսակ վարքագիծը սխալ է, միևնույն է նրանք հանրայնորեն շարունակում են պահպանել այդ վարքագծի ավանդույթը՝ վախենալով այլախոհ համարվելով վաստակել համայնքի հակակրանքը։
Ցանցը պայմանական, բայց ամեն դեպքում համայնք է, ուստի նրա հանրահռչակած արժեհամակարգը ժամանակի ընթացքում ընդլայնվելու է: Ֆեյսբուքն, օրինակ, հիմնադրման առաջին տարիներին մարգինալ առաջադեմ մարդկանց հիփսթերական խմբակ էր, իսկ հիմա այստեղ բոլորն են, բայց այդ հիմնադիր խմբակի դրվածքը շարունակում է վերարտադրվել ու զավթել բոլոր մնացած կաղզիացած համայնքները: Մարդիկ սկզբից պահպանողական են տանը և դրսում և ցանցում։ Հետո ցանցում սկսում են որոշակի ազատական վարքագիծ դրսևորել, հետո այդ վարքագիծը դառնում է նաև դրսի հարաբերությունների մաս, հետո նաև գալիս է ամենապահպանողական և սրբազան տիրույթ՝ օջախ։ Այսպիսով վաղ թե ուշ այդ օնլայն դեմոկրատիան դուրս է գալու օֆլայն:
Իհարկե, ոչ ոք չի բացառում, որ Ֆեյսբուքը օգտագործվում է նաև մանիպուլյացիաների համար: Բայց անխուսափելիորեն դա առաջադիմություն բերող միջավայր է: Առնվազն, երբ ավելի շատ մարդիկ են իրար կապված ցանցում, գոնե ամենաարատավոր, անմարդկային, կեղտոտ բաները թաքցնելը դառնում է ավելի ու ավելի դժվար:
Այսօրվա ամենավտանգավոր մանիպուլյացիան ո՞րն է:
Կարճաժամկետ քաղաքական օրակարգի կտրվածքով՝ ամենավտանգավոր մանիպուլյացիան «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսերով քարողչական ակցիան է դրա ոգով արվող մնացած բոլոր ձեռնրակները։ Ինչու է սա մանիպուլյատիվ։
Մինչև այն պահը, երբ այդ թավշյա հեղափոխություն հռչակված հասարակական-քաղաքական շարժումը դարձավ համաժողովրդական և անդառնալի գործընթաց, նրա հիմնական ակտիվը հենց ու միայն առաջադիմության ու արդիականացման ջատագովներն էին։ Հետագայում այդ գործիչներից շատերը զբաղեցրին բարրձր քաղաքական պաշտոններ։
Բայց այն պահին, երբ քաղաքական ռեյտինգները սկսեցին նահանջել մեր նոր իշխանությունները սկսեցին շահարկել մեր ժողովրդի ամենապահպանողական և բնականաբար ամենազանգվածային շերտի զգացմունքները՝ օջախ և տուն բառերի խաղարկումով, տնօրհնեքով և այլնով։ Ի դեպ նույնը հակառակ ճամբարից անում են ժամանակագրորեն և բարոյապես հին իշխանությունների վերադառնալ ցանկացող խմբավորումները՝ շահարկում են հոմոֆոբիան և խավարամտությունը։
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը պաշտպանելու անհասկանլաի մոտիվացիայից և դրնից հետո սկսված մշուշոտ ու ոլորապտույտ դիսկուրսից հետո մեր նոր իշխանությունների կողմից թույլ տրված ամենավտանգավոր հետքայլը թերս սա էր։
Որոշվեց, որ պետք դուր գալ շատերին:
Առաջադիմության ուժը երբեք պետք չէ թերագնահատել: Որքան էլ այլ այն լինի քչերի դիրքորոշումը, միևնույն է իրական կյանքի հետ առերեսումը, ազատագրումն ու արդիականացամը չունեն այլընտրանք: Անգամ այն դեպքում, երբ պետությունը դառնա բանտ ու քաշվեն փշալարեր, վաղ թե ուշ այն հաղթանակելու է, ուրեմն ավելի լավ է վաղ, քան ուշ։ Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Իրանու՝ դրա վառ ապացույցն է, այնտեղ ընդհանուր առմաբ հենց այդ ուշացած ազատագրումն է։
Այն մտայնությունը, որ մարդիկ սա են ուզում, և մենք նրանց հենց դա էլ ցույց ենք տալիս՝ զազրելի կեղծիք է: Մարդիկ ի սկզբանե չունեն որևէ նախընտրություն, ուզում են այն, ինչն ուզում են իրենց ծանոթները, ընկերները, ընտանիքի անդամները և հակված են նմանակելու:
Եվ հենց նմանակման հակումը կարելի է օգտագործել նոր ու թարմ գաղափարներ մարդամեջ բերելու համար: Ի վերջո, ընտանիքը սրբազնացնելը մարդու ընտրությունն է, կուզի կապրի ոչ թե օջախում, այլ գաղափարակիցների կմունայում կամ մենակ։
Բայց մարդը ունի ինքնահղկվելու, զարգանալու, ձևափոխվելու անսահմանափակ էներգիա և պետք է ասել, որ վարչապետը ժամանակ առ ժամանակ նաև այս ուժերն է փորձում արթնացնել մարդկանց մեջ՝ կոչ անելով հույսը դնել միայն անձնական ջանքերի վրա, վեր կենալ, տեղաշարժել սեփկաան հին հայկական հետույքը և գործ անել:
Իսկ համայնքի համար ի՞նչ խնդիր պետք է լուծի բանաստեղծը։
Ստեղծագործող մարդու ամենամեծ խնդիրը հավաստի լինելն է:
Եթե հավաստի ես իբրև բանաստեղծ, ուրեմն շոշափել ու համայնքի համար վերծանել ես այն իրականությունը, որը թաքնված է շուկաների, քարոզչական միֆերի, գոյաբանական ծուղակների, մոնիպուլյատիվ խոսույթների ու հազար ու մի այլ բաների տակ: Իմ ստեղծագործական մեթոդը գիտակցված անտաշությունն է: Անտաշությունը հավաստիության պատրանք է ստեղծում՝ հավասրության նշան դնելով պայմանական բարձրի ու պայմանական ցածրի միջև։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի, media.am