Առաջին անգամ էդ բանը տեսա
անանուն նրբանցքներից մեկում՝
Բաղրամյանով ինձուինձ գլորվելիս –
մի ջահել զույգ այնպիսի ձևերով էր պաչպչվում՝
ասես սերիալ կամ կլիպ էին նկարում՝
գունավոր տերևները վեր թռցնելով
շոյում էին իրար, գրկում, ճոճում, ճկում,
հաստատ կլիպ կամ սերիալ են նկարում
մտածեցի ես ու սկսեցի շուրջս խլշկոտել՝
ոչ մի դարանակալած օպերատոր,
ախր էսքան կամերայահաճո,
կարծրատիպային – ցուցադիր
ու իրո՞ք ոչ մի թեկուզ ինքնուս ֆոտոգռաֆի՞,
ընթացքում աղջիկն ու տղան հեռացան
ու չորս մետրից իրար ընդառաջ վազելով
նորից նույն կերպ սկսեցին լպստվել,
ձև՛ չի կամերա չլնի, նեռվայնացա ես,
երկրորդ դուբլի թիթիզություն չունի էս կյանքը
ավելի լավ տնտղելով թփուտներն ու բալկոնները,
իրոք, ոչ մի` անգամ անվտանգության խցիկ։
Հետո գազի վարչությունից մի մարդ
գծերը ստուգելուց հետո պաշտոնական ասավ`
մենք բոլորս հյուր ենք կյանքում
մեր ծննդյան փուչ օրից ու ինչ-որ թղթեր տվեց
ստորագրելու, որ ծանոթացել ենք հրահանգին,
Սաքոն պատմեց գողացած դագաղով
խումար փակելու իր տեսած կինոշնի դեպքի մասին,
ես էլ հիշեցի իմ հետ եղածը՝
հերոս Անդրանիկի բեղերով տաքսիստին,
որ ինձ տվեց իր քաշած մասուրի գինին
ու խորամանկ ասեց՝ ամմեն լիդրը
ավելացնըմ ա տղամարդու կյանքին
ևս 500-600 կաչայիտ – ձև չի,
ձև չի, ձև չի – լոմել են ուղեղս։
էդ ամենից հետո արդեն որերոդ անգամ
դատարկ փողոցում անգամ մենակ քայլանելիս
ինձ բռնացնում եմ էնպիսին,
ինչպես անհիմն կենսախինդ քաղգործիչն է
ընտրությունների նախաշեմին՝ իբր
խրոխտ ու լուսավոր ապագայով ոգեշչված,
անգամ տանը՝ կոմպի մոտ, հաց ուտելիս
լոգանք ընդունելիս, զուգարանում՝
նավսյակի կեցվածքով փորձում եմ ի ցույց դնել
պահի հանդիսավորությունը,
կոֆեն ու ձվածեղը սարքում եմ տեսարժան՝
ա լյա ինստագրամ,
լեզվիս ծայրին տասնյակ բլից հարցերի
պատասխաններն եմ միշտ պտտում՝
ձեր սրտի նախարարը, չսիրած եղանակը,
նախընտրած գործը դեբյուսիից,
պիջակիս գրպանում ատրճանակի պես
ձեռքս պահած մտա շենքի տակի խանութը
ու սպառնալից ասեցի՝ վերցրեք այս սևակը
ու ինձ համարժեք չարենցներ տվեք,
աշխատում եմ կորամեջքս ուղիղ քայլել
ու, ճիշտն ասած, մի քիչ ամաչում
մասնակի քաչալիս համար –
կադրում ահավոր են նայվում երկուսն էլ․
իրոք, ինձ թվում է․․․ ինձ անընդհատ թվում է,
որ մեզ բուծել ու նկարում են`
զուտ գեղարվեստական նկատառումներով: