Շնորհակալ եմ ջերմ խոսքերի
և շնորհավորանքների համար․․․
գրառումից տեղեկանում ենք
որ մարդը երեկ բազմաթիվ ջերմ խոսքեր
և սրտալի շնորհավորանքներ է ստացել
ծննդյան տարեդարձի
կամ կորպորատիվ մրցանակի առթիվ
մարդկանցից, ում չի ճանաչում
նորմալ, կամ առհասարակ
մարդկանցից ովքեր չեն ճանաչոմ իրեն
կամ ճանաչում են ռետուշած նկարներով:
Գրության անկեղծությունից տեղեկանում ենք,
որ անանձնական սերը և հոգատարությունը
հարյուրներով երեկ թևածել են եթերում,
որ անծանոթների հեղած քնքշանքը՝
ջիֆկաների և պատճենված կենացների տեսքով
արձակվելով ներքին Չարբախից
օվկիանոսի տակով հասել է Սան Ֆրանցիսկո
ու մի պահ անգամ ծանրաբեռնել սերվերները՝
արձանագրելով սիրո և հոգատարության
գլոբալ վիճակագրության կտրուկ աճ,
հետո հետ եկել ռանդոմ Ակունք գյուղ,
որից կա Հայոց աշխարհի գրեթե ամեն մարզում,
քանզի մեզ համար կարևոր է
լինել քաղաքակրթության ակունքներում –
ռուսական ուրանի ճեղքված ատոմները,
պատերազմով էժանացածված իրաքյան նավթը,
Իլինոյսի քարածուխը, ո՛չ իզուր չեն այրվել
ընկերներ, իզուր չի արտացպնվել ածխաթթուն․
ի վերջո մի քանի կիլո ավել-պակաս,
կարևորը, որ մարդը ստացել է իրեն հասանելիք
սիրո և հոգատարության ֆերոմոնները,
կարևոր լինելու նշանները տիեզերական –
ինչ-որ մեկի Մայրը, Հայրը, Սերը կյանքի,
սրտալից Ընկերը, համայնքի Անդամը
հարգարժան, ի վերջո գեղեցկուհին դեռ աննվաճ․․․
․․․կներես ջանիկ, ուշացումով շնորհավորում եմ,
ցանկանում քաջառողջություն, հաջողություն
և երկար տարիների կյանք, սիրունս,
քանզի դու արժանի ես լավագույնին։