Ծուղակ

Կյանքի զգացողությունը չէր հերիքում,
մտածեցի՝ պետք է հեռանամ ինքս ինձնից –
իմ հարմարավետության տարածքներից,
ուր ինձնից կոմունալ են գանձում,
գույքահարկ և կենսաթոշակային,
ուր հետևում են հագուկապիս, սննդակարգիս,
սպառողական վարքիս և տաղանդիս անսպառ,
ինստագրամիս են հետևում ի վերջո
(լինքը քոմենթներում կթողնեմ),
ուր թվային հետք են կորզում ինձնից,
տեղական վիքիպեդիայից պահանջում են
կենսագրական նշանակալի փաստեր,
ուր ինձ ճանաչում են դեմքով,
դեմքեր, որ ես տեղը չեմ բերում՝
ծառայակից են, գործակից, թե ֆան,
և անգամ չտեսնելու տվողներ կան,
ուր բոլոր նորաբաց կաֆեներում
պարտավոր են ունենալ իմ սիրելի սուրճը
և բրդուճը՝ անսոխ ու անմայոնեզ,
ուր լեգենդներ կան պատմված
և հանգամանքներ՝ նեղ կռուգում հայտնի,
սիրունների ու դախերի ընտրանք հայրենի,
և կա արդեն մարսված կոնտեքստ,
որ իրեն հարգող սնոբը պիտի՛ իմանա։

Փորձեցի չապրված տարածքներ գուգլել
ճգնակեցության համար և պարզեցի՝
քարանձավներում արդեն բռնում է 3G,
անապատներում կազինո են կառուցել,
անդունդների եզրին՝ ազատ տնտեսական գոտի,
լեռներում զարգացնում են արկածային տուրիզմը,
խուլ գյուղերում՝ էկո կյանքն են բռենդավորում,
դեպի հեռավոր անմարդկային հյուսիս
գործում են նախատոնական զեղչեր,
աղի հանքերում անդրաշխարհի՝
թերապիաներ կան վերականգնողական,
իսկ երկնային արքայությունը, փաստերեն
Իլոն Մասկն է մոնետիզացնում,
կան չարտերային թռիչքներ Երուսաղեմ,
իսկ Տիբեթին հաղորդակցվելու համար
անվճար օնլայն կուրսեր կան վաղուց,
փորձեցի խորամուխ լինել ի ներս,
նորսումս էլ ամեն քայլափոխի՝ գովադս,
գոյատևման խորամանկ լայֆհաքեր են
ու էն տասը աննախադեպ փաստերից։

Բա ո՞ւր գնամ ես, ի՞նչ անեմ հիմա
կյանքի աղբյուրը վերագտնելու համար,
բացելու իրականության նոր չափում
իրավիճակներում անհարմար․․․
․․․ ուզում եք լսել աստվածային եղանակ՝
ազդանշանից հետո սեղմեք վեց,
ու էլի, հոգևոր փորձառության փոխանակ
մի թավուր բանաստեղծություն ստացվեց
հատուկ՝ Երևան ամսագիր • evnmag-ի համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *