«ՀՀ»-ի խմբագրատանը օրերս հյուրընկալվել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Ի թիվս մի շարք թեմաների, նա անդրադարձավ նաեւ ժամանակակից գրականությանն ու մեր օրերի երիտասարդ ստեղծագործողներին։ Մաեստրոյին հիացրել ու հիացնում է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։ Երիտասարդ գրողը պատասխանել է մեր հարցերին։
–Խնդրում եմ պատմել «Անտաշատ» գրքի ու մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ Ձեր մտերմության մասին, ինչպե՞ս ծնունդ առավ գիրքն ու հայտնվեց մաեստրոյի ձեռքին։
– «Անտաշատը» իմ երկրորդ, բայց իբրեւ ինքնորոշում ունեցող հեղինակի, կարելի է ասել, առաջին գիրքն էր։ Մաեստրոյի մասին գիտեի ինչպես բոլորը՝ ֆիլմերի երաժշտությունից։ Երբ գիրքը լույս տեսավ, մի քանի անգամ տարբեր մարդկանց միջոցով մաեստրոն ինձ համար խրախուսական հաղորդագրություններ ուղարկեց. ես, ճիշտն ասած, շատ հուզված ու տպավորված էի այդ հանգամանքով։ Մի բան է բանաստեղծի ու ջահելի ինքնավստահությունն իր արած գործի կարեւորության ու մեծության մասին, որ, համոզված եմ, բոլորին բնորոշ մի բան է, մեկ այլ բան, երբ այդ մասին քեզ փոխանցում է հայ արդի իրականության ամենապատկառելի անձանցից մեկը։ Հետո նաեւ մի հանրային միջոցառման ժամանակ տեղի ունեցավ մեր հանդիպումը, որը եւ սկիզբ դրեց մեր մտերմությանը։ Այն արդեն տասը տարվա վաղեմություն ունի եւ տարբեր ասպեկտներ՝ երբեմն վարպետի եւ աշակերտի, երբեմն ընկերների, երբեմն պապիկի ու թոռնիկի, երբեմն հայկական մշակույթի միջսերնդային հաղորդության ու հոգեւոր ժառանգականության փոխանցման, երբեմն գործընկերների, քանի որ նաեւ երկու երգ ստեղծեցինք միասին, բայց ավելի հաճախ՝ երկու մարդու, ովքեր նույն լեզվով են խոսում, ուստի եւ ունեն այդ խոսակցության կարիքը, չնայած որ մաեստրոն ցանկացած զրուցակցի կարող է ներշնչել նրա կարեւորությունն ու էականությունը՝ ընկճելով իր սեփական անձի մեծությունը։
–Դուք Մանսուրյանի սիրելիներից եք, բացառիկ երեւույթ է տաղանդով նրա ուշադրությունը գրավելը։ Ի՞նչ զգացողություն ունեք։
–Մեր ծանոթության օրվանից սկսած՝ մաեստրոն ոչ մի առիթ բաց չի թողնում, որ ինձ ներկայացնի ինչ—որ մարդկանց, ինչ—որ տեղերում, ամենապատահական մեզ միասին քայլելիս բարեւած անծանոթից մինչ երկրի նախագահը, տեսեք՝ ինչպես որ ձեզ հետ հարցազրույցում է պատմել եւ ձեր ուշադրությունն ուղղորդել դեպի ինձ։ Մի կողմից շատ զգացված եմ, ահավոր հուզիչ է այդ տեսակ մեծ մարդու համակրանքին արժանանալը, բայց պետք է անկեղծ ասեմ, որ մյուս կողմից ահավոր վատ եմ զգում այդ ուշադրության համար, քանի որ ափսոսում եմ վարպետի վատնած ջանքի համար։ Մաեստրոն առանձնահատուկ սեր ու ակնածանք ունի հայ գրականության եւ նրա մշակների հանդեպ, բայց փաստն այն է, որ հանրային ընկալման իմաստով ժամանակակից գրողները, հատկապես բանաստեղծները այն կշիռն ու դերը չունեն, ինչ որ ունեին նախկինում, երբ հայ գրողները ազգային ինքնություն էին սահմանում, սերունդներ էին կրթում եւ հանրային կարծիք ձեւավորում։ Ցավոք, անցել են այդ ժամանակները, եւ հիմա ես հաշտ եմ այն մտքի հետ, որ անգամ կարեւոր ու ուշադրության արժանի տեքստ ստեղծելով՝ շարունակելու եմ մնալ մարգինալ գործիչ։ Մաեստրոն այս մտքի հետ չի հաշտվում եւ կարծում է, որ իր ջանքն ու հոգածությունը պետք է անպայման ներդնի հայ գրողներին ու գրականությունը ներկայացնելու համար։ Սա կարեւորն անկարեւորից զատելու կարողության եւ իր մեծության երեւակման եւս մի դիտանկյուն է։
–Ի՞նչ դժվարությունների է բախվում երիտասարդ գրողը մեր օրերում։ Մանսուրյանն ասում է՝ բոլորը դրսում ներկայանալու հնարավորություն ունենում են, բայց լեզուն գրողին «տանն» է կապում։ Ի՞նչ կասեք այս մասին։
–Դե դա հայտնի խնդիր է, գրականությունը գոյություն ունի միայն իր լեզվի տարածքում, իսկ մեր լեզվի տարածքը, գիտեք՝ ինչքան փոքր է աշխարհի քարտեզի վրա։ Բայց հայ գրականության տնից դուրս գալն ու դրսում երեւալը մեր մշակութային քաղաքականության հոգսն են, ոչ իմ, ես գերագույն հաճույք եմ ստանում մեր հին ու հազարամյակների շերտերով հարուստ լեզվի հետ աշխատելիս, բացառիկ երջանկություն եմ համարում հայերենին տիրապետելը, նաեւ երբեմն խիզախում եմ նրա ընկալման տիրույթները վերանայելու ձեռնարկներ անել։ Հենց այդ հանգամանքը՝ սպառման փոքր տիրույթը թե աշխարհում, թե անգամ երկրից ներս պոեզիայով զբաղվելը մի տեսակ հոգեւոր փորձառության է հավասարեցնում։
–Ստեղծագործելիս մտորու՞մ եք՝ ինչ կասեր մաեստրոն այս կամ այն խոսքի, մտքի կամ տողի վերաբերյալ։
–Մաեստրոն արվեստի ընկալման մի կարողություն ունի, որ ես շատ լավ գիտեմ, եւ հաճախ եկել եմ այն եզրակացության, որ ինքս էլ այդ նույն բաներն եմ կարեւորում ու բնականաբար, երբ նոր տեքստ եմ գրում, ինձ համար շատ կարեւոր է վարպետի կարծիքը, բայց շատ մեծ ճշտությամբ կարող եմ կանխատեսել, թե ինչն իրեն դուր կգա։ Դուր չեկած գործերից երբեք չի խոսում, բայց հատուկ նշում է հավանած գործերը, ինչն արդեն հուշում է իր արժեւորման համակարգի մասին։ Մաեստրոն գնահատում է նոր բաներ գտնելու ջանքը եւ տեսնում է հաջողված փորձարարությունը, կարեւորում է էքզիստենցիալ հարցադրումների հետ ներքին զվարթությունն ու խաղացկունությունը, աշխարհի հետ կամ աշխարհի անունից խոսելու հետ հայկականության ու արմատների հստակ գիտակցումը եւ խորը լինելու հետ մեկտեղ էն պարզ մարդկայնությունն ու իսկականությունը, որին ինքը հրաշալի է տիրապետում։ Դա երեւի հենց արվեստի կատարելության սահմանն է։
–Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք, նոր գործի վրա աշխատո՞ւմ եք։
–Հիմա հենց, այսպես ասած, ստեղծագործական ճգնակեցության մեջ եմ, ինտենսիվ նոր գրքիս վրա եմ աշխատում, որը գարնանը լույս կտեսնի։ Այն որոշակի ընդհանուր կոնցեպտուալ հղացքի մեջ ամփոփում է վերջին 5—6 տարիների բանաստեղծություններս։ Էս գրքում, որի աշխատանքային վերնագիրն է՝ «Դզոն», բանաստեղծողն իր եւ իր հերոսների անունից անցնում է ինքնագիտակցության ամբողջական փոխակերպման ուղին։ Անցնում է իր, այսպես ասած, միջին տարիքի ճգնաժամի միջով։ Հընթացս իմաստների բովանդակային տրանսֆորմացիան զուգորդվում է տեքստի լեզվական մարմնի ձեւային տրանսֆորմացիայի հետ՝ բարձրի եւ ցածրի, սրբազանի եւ կենցաղայինի, խորքայինի ու մակերեսայինի, զտվածի եւ անխնամի համադրմամբ բանաստեղծական փորձառությունը նույնականանում է ճանաչողական ու ինքնաստեղծության փորձառությունների հետ։
–Ձեր գործերի առաջին ընթերցողը ո՞վ է։
–Իմ ֆեյսբուքյան ընկերներն ու հետեւորդներն են։ Ես հաճախ բանաստեղծությունը գրում եմ ուղղակի սոցիալական ցանցում ու մեկ օրվա ընթացքում անընդհատ խմբագրում այն։ Սա, բացի նոր ժամանակների տված հնարավորությունն ու պահանջը, նաեւ բովանդակային էական ազդեցություն ունի տեքստի վրա, այն ինձ ստիպում է լինել հավաստի, թարմ, հետաքրքիր, ժամանակի շնչառությանն ուղիղ եթերում հաղորդակից։ Եթե առաջ գրողը պետք է գրեր իր ձեռագրերը, տար խմբագրին, հետո հրատարակչին, հետո գրաքննադատին, հետո գրավաճառին, հետո ընթերցողին, սա երկար ժամանակ էր, եւ գրողը գրում էր երկար ժամանակի համար, խոսում էր սերունդների հետ, խոսում էր մեծ բաներից եւ մեծ դիստանցիայից, իսկ հիմա ես խոսում եմ մարդկանց հետ, ում ուշադրությանն արժանանալու համար ունեմ մեկ վայրկյան, ով հաջորդ վայրկյանին թերթելու է ու մոռանա ինձ, ով ուրիշ լիքը զբաղմունք ունի, բացի իմ տեքստը, ով ուզում է իր անունից խոսող բովանդակություն սպառել։ Ես պարտավոր եմ կուլ տալ ժամանակի այս խայծը, այլապես դատապարտված եմ լինել ժամանակավրեպ ու անհետաքրքիր։ Սա այս ժամանակների եւ գրականության փոխհարաբերության նոր ձեւն է, որին տիրապետելն այլընտրանք չունի։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am