էսօր ի պատիվ պոեզիայի օրվա
բանաստեղծություն էի պլանավորել,
բայց օրն անցավ սովորականի պես,
ինչպես ինքնամեկուսացման քառասունքի
մնացած օրերը՝ հինգանգամյա սնունդ,
ընթացքում՝ մաղցր, կոֆե, ընդեղեն,
և տտիպ սպասումն արհավիրքի,
որ հաստատ կա, բայց դեռ մեզնից
չցավացնող հեռավորության վրա է,
քանի որ քարտեզին փոքր է մեր կարմիր կետը
ու մեր թաղի խանութում
դեռ դարակները ճկռում են սնունդից։
Հետո Աննան ասեց, որ իրեն ուրիշ ժամանակ
ուրիշ առիթով փրկած բժիշը
երեկ ինքնասպան է եղել
չորրորդ հարկից ցած նետվելով․
ինչ անհեթեթ է էս օրերին մեռնելն ուրիշ առիթով,
նախ և առաջ մտածեցի ես,
հետո հիշեցի, որ ծաղկավաճառները,
որ, մի ամբողջ ձմեռ գազ էին վառել
ու լիքը ուրախ և տխուր առիթների համար
վարդեր կորզել փետրվարից՝
հստակ գիտակցելով, որ տակ են տվել,
ողջը տարան ու փռեցին պանթեոնում –
հայ մեծերի շիրիմներին՝ հավասար,
տեղ-տեղ անգամ երկու շերտով,
քանի որ մեծերին մեծարելու առիթ պետք չէ
համ էլ ափսոս էր թափելը։
Ու ես, հիմա մասնագիտության բերումով,
մտածում եմ, որ չափազանց, չափազանց
պոետիկ են այս երկու դիպվածները
իրական լինելու համար
զարհուրելի սիրուն ու
սիրտ ճաքացնելու չափ անհեթեթ,
բայց դե, էդ էլ հո ես չեմ խելքիս զոռ տվել,
որ ասեք սենց չի՝ նենց ա։