Դզոն կյանքին

Չես կարող մեռնել չէ,
չես կարող,
քանի դեռ չես պատմել պատմությունդ
թաքուն բաների մասին, էնպես,
որ դրանք դառնան ստից,
չես մեռնի, չէ, անհնար է,
քան դեռ չես տեսել օվիանոսը,
ու լիությամբ չես ապրել էն պահը,
որ մռայլ, աննշմար պիքսել ես
կյանքի էպիկ էս բնապատկերում`
չնչին ու անհրաժեշտ մի բան,
չես կարող մեռնել, չէ-մի,
չես մեռնելու հաստատ,
քանի դեռ չես գրել` կներես,
մեկին ով միգուցե սկի չի հիշում քեզ,
մեկին ով կակտուսի փշի պես
մի սիրուն ու անպատեհ առիթով
խրվել-մնացել է հոգումդ,
չես մեռնելու, ձև չի, չէ, թարգի,
քանի դեռ չես նայել սերիալիդ
վերջին սեզոնը,
քանի դեռ կիսատ գիրք ունես,
հունցած, բայց չթխած խմոր,
քանի դեռ ծաղկած է նշենին
ու դու սկի չես հասցրել նկատել
ու դու սկի չես հասցրել հոտոտել
էն անուն չունեցող բույրը
հաճույքից բզզացող կյանքի,
չես մեռնելու, իմացիր,
քանի դեռ չես պատմել ընկերներիդ
վերջին խուժան անեկդոտը,
քանի դեռ չես զանգել մամային,
մի հին ռեցեպտի համար,
որ ուղղակի կարող էիր գուգլել,
քանի դեռ սիրտդ տեսականում մաշվում է
դեռ չծնած, չսիրած էրեխեքիդ համար,
քանի դեռ չես գտել աստծուն,
հետո չես ընդունել գրկաբաց,
պարտության անելանելիությունը,
չես կորցրել էլի ու չես գտել նորից՝
հիմայում
չքնաղորեն բաբախող այս սիրտը,
որ դու չես
բայց այնքան սազում էր հագիդ
ու չես մեռնի, անխոս,
քանի դեռ գրում ես՝ ինչ կա մտքիդ
ու քանի դեռ չես սեղմել post․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *