Երբ էնքան սոված ես,
որ էլ իմաստ չունի ուտելը,
կամ տխուր ես այնքան, որ իրոք,
անհամություն է ժպիտն իսկ հերթապահ,
երբ փշրված ես այնպես, որ անտեղի են
զուր են, փորձերը հավաքվելու նորից,
ու կորած, մոլորված ես այնպես,
որ անտեղի, անտեղի է փորձը
նախանշված ճամփադ որոնելու,
երբ թվում է, հեղինակի ձայնը շուտով կասի՝
ուշադրություն, վերջին կայարանն է,
կասի՝ հավաքեք ձեր իրերը և
արթնացրեք ձեր կողքիններին,
սպասիր, մի շտապիր վերջանալ այդպես,
հրմշտոցն ու խուճապը միամիտների համար են,
իսկ դու, որ կարդում ես
«100 գործնական խորհուրդ ոգով արթուններին»
այս ուղեցույցների ուղեցույցը
ի վերջո բեսթսելլերը 2020-ի՝
մահախոսականների ժողովածուից հետո,
իմացած եղիր գաղտնիքը կեցության,
ինչպես և խոստացել էինք
անվճար նախաբանում՝
երբ ինչ-որ բան վերջնականապես
կորցերել է ձեզ համար իր իմաստը,
ուրեմն դուք արդեն պատրաստ եք,
պատրաստ եք փոխելու ձեր կյանքը,
փոխելու ձեր դիտանկյունը,
փոխելու ձեր առաջնահերթությունները,
փոխելու ինքներդ ձեզ,
բայց թե ինչպե՞ս, ինչպե՞ս անել դա՝
կիմանաք
մեր վճարովի վիդեոհայտնությունների
հաջորդ թողարկմանը՝
փոքրիկ գովազդային դադարից հետո․․․
Կնունքների սեզոնին ընդառաջ
անհրաժեշտ են ուղեկցող հրեշտակներ,
ո՛չ աստղաբաշխական գներով։
Երջանկություն ՍՊԸ