Համոզմունքներ


Մեր գիտակցությունը կարծում է, թե ինքը գոյություն ունի, գորոծում է միակ հնարավոր աշխարհում․ միակ աշխարհում, որն ինքը հնարավոր է համարում անցյալի, ներկայի ու ապագայի սեփական պատկերացումների ու փորձառության շրջանակներում։ Այս ընկալողական ծուղակը հավանաբար կայացել է մարդուն գործելու ինքնավստահություն ու որոշակի հանգստություն ներշնչելու համար, որպես ավելի էներգախնայող վիճակ՝ թշնամաբար տրամադրված արտաքաին միջավայրում գոյություն պահպանելու համար արագ որոշումների կայացման ու իրականացան համար։ Այդ տեսանկյունից արջը նախ վտանգ է, հետո սնունդ, միգուցե ժամանցի միջոց, եթե հաջողացնես վզից թոկ կախել, բայց այն երբեք ու երբեք էկոհամակարգի առանցքային գործոն չէ, որի վերանալուց կարող է քանդվել ողջ էկոհամակարգը, դեգռադացվել ու վերանալ․ կասկած չունեցողը երբեք չի գա այս փաստի գիտակցումին։ Առհասարակ կասկած ունենալը տառապալից ներքին երկխոսություն է ծնում, որին սպասարկելու համար մեծ ջանք է պետք, մեծ քանակով աշխատանք ու էներգիա, որը սովորաբար քիչ է, չի հերիքում։ Ահա այդ պատճառով են համոզմունքների որոշակի հստակ կաղապարներ կրողները այդքան տենդագին պաշտպանում իրենց համոզմունքները և բացարձակ կապ չունի կրոնական հավատալիքների մասին է խոսքը, թե քաղաքական աներկբա կողմնորոշման, բարոյական դոգմատներ են դրանք, թե որոշակի մշակութային կոնտեքստի պատկանելու հավատարմությունը – մեր գիտակցությունը իր դեֆոլթ ռեժիմում տանել չի կարողանում երկիմաստություններ և հատկապես դրանցից ամենաաբստրակտը՝ անորոշությունը, անիմանալին։ Սրա դեմ ձեր սեփական փորձառության ծիրում պայքարելու համար պետք է ժամանակ-առ ժամանակ ինքնաակտուալացման պրակտիկաների դիմեք, կասկածով լցվելու պատուհաններ թողնեք, որ երբեմն երբեմն կարող են վիճարկման նյութ դարձնել ձեր համոզմունքներն ու առաջնահերթությունները։ Մյուս զուգահեռ միջոցը այլության, ուրիշության հանդեպ ինքներդ ձեր մեջ որոշակի հանդուրժողականության էթիկա դաստիրակելն է, պետք չի անողոքաբար հարձակվել ու կատաղորեն փորձել ոչնչացնել ցանկացած այլություն, միայն այն պատճառով, որ այն չի տեղավորվել ձեր համոզմունքների ծիրում, հնարավոր է դուք ճիշտ եք, բայց նաև հնարավոր է՝ կյանքը բոլորովին այլ իրականության է հանգեցնելու ձեզ, բայց ձեր դիմադրության պատճառով դուք այդ իրականության ընկալունակությունը ունենալու եք ոչ թե մեկ, այլ հինգ տարվա մեջ, կամ նույնիսկ չեք էլ իմանա, քանի որ ձեր համոզմունքները մահվան ելք նույնպես կարող են ունենալ։ Առհասարակ հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքի տարբեր փուլերում ու իրավիճակներում մենք կարող ենք հանգել տրամագծորեն հակառակ, միմյանց հակասող համոզմունքների ու կենսական ճշմարտությունների բոլորովին հակառակ ձևակերպումների, օրինակ՝ սաղ սութ ա ախպեր, եղունգ ունես՝ գլուխդ քորի, կամ՝ ում ա պետք մենակ մարդը, այ ախպեր, մարդուն մարդ ա պետք։ Կամ՝ մարդ մի անգամ ծնվի, էն էլ Հայաստանում, սրան հակառակ՝ տնից լավ տեղ չկա, ուրիշ ցանկացած այլ տեղ երկրորդ սորտի մեկն ես լինելու։ Սրանք իրար հակասող եզրակացություններ են, ծագող նույն մարդու գլխում՝ տարբեր ժամանակներում։ Այսպիսով, եթե որոշակի համոզմունք ունենալը բնածին անխուսափելիություն է մեր գիտակցության համար, ապա թող այդ համոզմունքը լինի այն, որ ամեն ինչ միանշանակ չէ ու միակ որոշյալը՝ անորոշությունն է

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *