չէ բայց թռչունները շատ լավ են մտածել
էս չվելու պահը
մարդու մտքով հեչ կանցնի՞
որ կարելի է ուղղակի վեր կանալ
ու ձմռանից քշել գարուն
երբեք, երբեք
անգամ գնացողները մնում են
իրենց գլխում պտտվող ցրտերի մեջ
ու առաջին ցրտերից հետ միշտ
կտրուկ շատանում են երազները
մեշոկով կառտոլ առնելու մասին
և մղձավանջ երազները՝ մասին
գազի ու հոսանքի գնի թանկացման
իսկ ես, որ սիրում եմ նրբորեն գովել
ցրտերի մեջ հմուտ դիմացողների
մի որոշ շրջանում պոպուլյառ
իմ պայծառ և խելոք գլուխը
էսօր հերթական անգամ զարթնել եմ
ցրտերի մեջ հմուտ դիմացողների
մեկ այլ խմբի էսթետիկ ինքնասիրությունը
վիրավորելու հստակ պլանով
դիմացողների, ում շրջանում
դե պարզ է, ես պոպուլյառ չեմ բնավ,
որ գոնե արվեստային մի բան
մի թեթև ճողփա այս ցուրտ ճահճում
և իմոնք լավ զգան իրենց
վեր զգան իրենց ճահճից ու ցրտից
որ հետո ես ինձ լավը զգամ՝ իրենցից
բայց այ, էն օրը հստակ զգացի,
որ ցուրտը տանում է ոտքերս
ու մի տեսակ սողոսկելու կերպով է
խփում մեջքիցս՝ իմ թույլ տեղից
երբ Խանջյանն ասեց, որ
ամբողջ էքզիստենցիալիզմը ֆուֆլո է
ու չարժե անգամ մի կես քամահրանք
սեփական մոր հանդեպ,
հետո Շագան, ենթադրյալ էս մյուս ափից,
որ համ էլ տեղյակ է ուրիշ ափերից
լրջորեն ասեց, որ սուրբ ա էս երկիրը
ու սուրբ ա էս երկրի ամեն քարը անգամ
ինչ լավ է՝ մտածեցի ես լսարանիս անունից
ինչ լավ է՝ ես դեռ էշ-էշ սխալվելու ժամանակ ունեմ
ու կարող եմ ինձ թույլ տալ հռհռալ
մեր փրկությունը միասնության մեզ է
պոստեռի տառասխալի վրա
և այո, երբ համաձայնվեցի բնորդել Արմանին
որ արվեստի հին ու բարի իմաստով
դեռ նկարում է ազատ և մերկ մարմիններ
մինչ արվեստը այլևս
մարդուց մարմնի զատումն է,
մարմնի քամահրանքը,
մարմին իրայնացումը, ժեշտայնացումը
մեկ է, մտածեցի՝
լավ կլինի, որ Արմանն ինձ նկարի Ապոլլոնի մարմնով
իբր ես մերկ, հղի, իշուն հեծնած, ցրտին
մտնում եմ ազատության հրապարակ
և սփյուռքի համաժողովի թոփ մասնակիցները
ենթադրաբար ամենահաջողակ հայերը
մոլորակի մասշտաբով՝
արմավենու ճյուղերով ինձ հով են անում։