Հայաստանի բարձրլեռնային գյուղերից մեկից դուրս ենք գալիս (անունը չեմ տալիս, որ թարմ հետքերով հաղորդում չհամարվի): Գյուղամեջից գլխավոր ճանապարհով իջնում ենք, հենց առաջին ոլորանն անցանք՝ տեսնենք միքանի տասնյակ տեղացի, հիմնականում գոտկատեղից վերև չգիտես խի մերկ միջինից բարձր տղամարդիկ, պատկառելի տարիքի տատիկ-պապիկներ, անգամ երեխներ ու խլշկոտած հարսներ՝ խառը ծեծում են իրար փողոցի հենց մեջտեղում: Այնպիսի զգացողություն է, որ փողոցի աջ մասի բնակիչները հագել են ձախ մասի բնակիչներին, որովհետև հարվածային ուժի տակ այս մարմնագույն անողոք խառնամբոխը նվաճողական կրքով մեկ հորդում է աջ մայթ մեկ՝ ձախ մայթ: Փողոցի նոսրանալու այդ կարճատև պահերին փորձում ենք մեքենայով ճեղքել մարդադաշտը, բայց հայ-հայ պետք է անցնենք՝ հայտնվում է էլի կիսամերկ, մի աչքը վիրակապով զմռսված մեկն ու ձեռքերով ասում հետ քշեք: Ստիպված հետ ենք գնում, էլի մի տաս վայրկյան անց, հայկական ժողովրդական ծեծուջարդից ձանձրացած՝ առաջանում ենք, որ հայ հայ է պետք է անցնենք մեր երկար ճանապարհի այս անպատեհ խոչընդոտը, էլի էս ջոկերանման միաչքանին, ում ի դեպ ոչ ոք չի տփում և ով ոչ ոքի չի տփում՝ դուրս է գալիս մարդկանց միջից ու ձեռքերով հետ ուղարկում մեզ: Զգում ենք, որ չտեսնելու տալով ամբոխն էլ իր հավաքական նեռվով մեր նման անպատեհ հանդիսատեսից է ձանձրանում: Էսպես մի քանի հուսահատ հետուառաջից հետո մեկ էլ տեսնեմ բախման առաջնագծից մի մետրուկեսանոց, ութանասունն անց տատի ելավ՝ սենց անողոք կատաղությունը հայացքի մեջ, կարճ մազերը հետ սանրած, միֆական կապուտաչյա, ձեռքերը վարդանախշ խալաթի գրպաններում ու գոռաց՝ հլա սաղդ սուս կացեք: Կռվականներն իրոք սըսկվեցին շոկային շփոթմունքի մեջ ու անհոդաբաշխ գռմռոցը դադարեց: Հլա ամենքդ մի կուռը քաշվեք: Հրամայական շարունակեց տատին: Ամեն մեկը ծմծմալով սկսեց քաշվել փողոցի իր սուվերեն կողմը: Ես արդեն պատկառանքով լցված նայում եմ տատին ու կիսաձայն Նարեին ասում՝ քշի, առաջանում ենք գրեթե փրկվածի կանխավայելքով, մեկ էլ ընթացքից լսում ենք, թե ոնց ա տատին էլի նույն կատաղությամբ ի լուր կողմերի հայտարարում՝ դե մին կացեք սրանք սիկտիր ըլնեն, մենք եդնա կշարունակենք…