ավելին քան սուպերմարկետում
մտա ավելին քան դեղատուն,
որովհետև գլուխս ավելի քան ցավում էր
ավելի քան ծանր օրվա վերջում
և խնդրեցի այն դեղը, որն ինձ համար,
իհարկե, ավելին է, քան ցավազրկողը։
ավելի քան հմայիչ աղջնակը,
որն ակնհայտորեն ավելին էր, քան վաճառողը,
ժպտաց ավելի, քան պարտավոր էր, ասելով՝
ավելի քան հավատարիմ հաճախորդի քարտով
մեր բազայում ֆիքսեք ձեր սիրելի դեղը
և ստացեք ավելի քան երեսուն տոկոս զեղչ
չիչխանի մոմիկների վրա։
դիմադրելու համար ավելի քան վատ,
երբ ավելի քան շտապում էի հասնել տուն,
որովհետև ավելի քան դեղագործը
ավելի քան հանձնարարեց մոմիկները
սառնարանում պահել՝ թարսի պես
մոռացա խորհրդանշական մանրադրամով
մերսի ասել էն պապիկին, որ գիտեք,
ավելին է, քան կայանավարը,
ու ավելի քան կեսճամփիս
նոր միայն հիշեցի,
որ նա ինձ չասեց՝
անփորձանք։
14.07.2023