Արկածներ
Լողացա, սափրվեցի,
մարդամեջի շորերս հագա,
օծանվեցի, սիրունացա.
մեր հարսը ասում ա՝ խեր ըլնի,
էս ո՞ւր ես պատրաստվում, բիձա՛,
ասի՝ հեչ, նախշուն ջան,
մի հատ
people you may know եմ մտնում,
հետ գամ։
06.04.2020
DIY
Ամենքս մեր խաչն ենք կրում.
ես՝ համ էլ իմ խաչի մեխերը,
դյուրակիր անկյունային սղոց,
գլանաձև խոզանակ,
ռաստվարիծել,
շուշաթուղթ,
փայտի լաք,
չագուչ։
24.07.2024
Իրադարձություն
Ըստ չինական օրացույցի՝
փայտե կանաչ վիշապի նահանջ տարում
ձմռան խորհրդանշական վերջին օրը,
մակի գլխավոր ասամբլեայի կողմից
ժողովրդավարության գլոբալ ինդեքսի
ամենամյա հրապարակումից քիչ անց,
աշխարհահռչակ հայազգի շանսոնյե
շառլ ազնավուրին նվիրված
ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջի
հատուկ հրապարակման քոմենթներում
астхик варуж օգտատերը գրեց՝
01.03.2024
Մեռնելն ահավոր ձանձրալի է
առաջին անգամ սա հասկանում ես
միամիտ ցինիկաբար հաշվելիս
նահատակների հիշատակի համար
առաջադրած լռության րոպեն,
որ երբեք ավել չի տևում
քան 15 վայրկյանը։
այ երկրորդ, երկրո՛րդ անգամ
հասկանում ես բոլորովին հակառակը,
որ մահը խոստացված միակ
փառքի պսակն է կյանքի համար,
երբ տեսնում ես սուպերմարկետի
տնտեսական բաժնում
միմյանց սերտաճելով ծերացած
բարեկիրթ ամուսիններին,
որ հեռախոսի կալկուլյատրով
փորձում են հաշվել, թե ակցիայով
երկու փոքր տուփ զուգարանի թո՞ւղթն է
առավել շահեկան, թե մի մեծը,
որի հետ համ է կոլայի բաժակ է գալիս։
18.08.2022
Երկմտանք
Երբ երկար կանգնած ես մնում
սուպերխանութի դրամարկղի հերթում,
անկախ քեզնից վաղ թե ուշ
մտատանջության պես գալիս է խնդիրը,
թե, դիցուք, մի կասկածելի դիպվածով
ինչ-որ բնական աղետի արդյունքում
անմարդաբնակ կղզում փրկվել եք
դու և գանձավարուհիներից մեկը,
ուստի կուզենայիր, որ նա՝
քո այդ հապճեպ ուղեկիցը միակ,
մեջների ամենասիրո՞ւնը լիներ,
թե ամենաճարպիկ-աշխատասերը
մեջների:
25.02.2024
Փակ է
«Երևանի ամենահին գրախանութը
կվերածվի սրճարանի»
հաղորդագրությամբ արձանագրվեց
վաղուց փակ գրախանութի
խորհրդանշական անկումը,
և ահա դիլխոր է քաղաքը մայրական.
դիլխոր է ու շփոթված։
բայց դա չի բնավ հետաքրքիրը,
օրանցիկ թախիծով ներծծված,
նամշած գրքահոտով առլի
այս մանրապատմումի մեջ։
հետաքրքիրն այն է,
որ իրոք,
խորհրդանշական մահերը
միշտ ավելի հուզիչ են
իսկականներից:
18.07.2022